Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարություն է հրապարակել ՀՀ ԱԳՆ -ը՝ անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգմանը:
Ընդգծվում է, որ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Արցախի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ: «Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին: Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ -ից շեշտում են, որ տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է: