Նոյեմբերի 23, 2024

Էրդողանի լավատեսությունը չարդարացվեց. Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 05, 2023

Սոչիում երեկ կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունները եղել են ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ նեղ։ Մասնակցել են նաև երկու երկրի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման արդյունքում կողմերի միջև փաստաթուղթ չի ստորագրվել։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև` հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն նույնպես ձեռք չի բերվել։ Փորձագիտական շրջանակներն այս հանդիպումն անհաջող են որակում. Էրդողանի լավատեսությունը չարդարացվեց: Թեմայի շուրջ Վիկտորյա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

— Նախ` ընդհանուր խոսենք այս հանդիպման կայացման մասին: 1 տարվա դադարից հետո են հանդիպել առաջնորդները, և օրակարգը բավականին հագեցած էր: Ի՞նչ արդյունքներ կարելի է արձանագրել:

— Որպես այդպիսին լուրջ արդյունքներ չեն արձանագրվել: Հակառակը` կարելի է նշել, որ Էրդողանի լավատեսությունը չարադարացվեց և Պուտինը չհամաձայնվեց բազմաթիվ հարցերի վերաբերյալ զիջումների գնալ և ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնք անիրատեսական են: Ներկա պահին «Արևմուտքն» այդ պահանջները չի բավարարի: Կարելի է ասել, որ ռուս-թուրքական այս մերձեցումը կամ հարաբերությունների ջերմացումը մնաց այն մակարդակում, որում կար մինչ այս հանդիպումը, և կողմերին ավելին ստանալ չհաջողվեց:

— Հացահատկային գործարքի վերականգնումը և ռուս-ուկրաինական հակամարտությունը բանակցությունների գլխավոր թեմաներն էին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով:

— Ինչպես և մյուս հարցերի դեպքում` հացահատկային գործարքի և Ուկրաինայի պատերազմի հարցերում էլ որևէ առաջընթաց չի հաջողվել արձանագրել: Նորից Էրդողանի լավատեսությունը չարդարացվեց, և իրերի դրությունը մնաց այնպիսին, ինչպիսին կար:

— Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ այլ հարցեր ևս: Սիրիայում, Անդրկովկասում, Լիբիայում, ինչպես նաև` Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներն են եղել քննարկման թեմաները: Այս առումով շատ մանրամասներ չեն հաղորդվել, բայց ի՞նչ կարելի է սպասել այս բանակցություններից հետո` մասնավորապես մեր տարածաշրջանի համար:

— Ակնհայտ է, որ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումները որոշ դեպքերում համընկնում են, այլ դեպքերում էլ` հակասում: Ցավալիորեն պետք է նշել, որ Արցախի հարցում նրանց մոտեցումները համընկնում են: Ռուսաստանն ու Թուրքիան համաձայն են, որ Ռուսաստանի մասնկացությամբ Արցախի վերհսկողությունը պիտի լինի Ադրբեջանի ձեռքում, և այստեղ հայկական կողմն ակնհայտորեն սպասելիքներ չի կարող ունենալ երկու կողմերից էլ: Եվ այս հանդիպմանը ևս, ըստ ամենայնի, բանակցություններն ընթացել են նշված խնդերի շուրջ` թե ինչքանո՞վ է լինելու Ռուսաստանի մասնակցությունը, ինչքանո՞վ է Ադրբեջանն այդտեղ ինքնուրույնություն ունենալու, թե ի՞նչ ուղղությամբ պիտի շարունակվեն Հայաստանի վրա ճնշումները: Եվ այս ամենի հետևանքները մենք այսօր արդեն տեսնում ենք թե՛ ՌԴ նախագահի խոսնակի, թե՛ ԱԳ նախարարի հայտարարությունների տեսքով:

— Իրավիճակը Հարավային Կովկասում, արցախյան հիմնախնդիր ու «Զանգեզուրի միջանցքի» հարց: Վերջին իրադարձությունների ֆոնին` ինչ զարգացումներ սպասել այս բանակցություններից հետո:

— Ցավալիորեն, հետագա զարգացումների համատեքստում ամենականխատեսելին անորոշությունն է` այսինքն կանխատեսելիության հարաբերական բացակայությունը: Ամեն ինչ հնարավոր է` այդ թվում էսկալացիա, որը դժվար թե լայնամասշտաբ լինի, բայց տեղային մեծ հավանականությամբ կլինի: Հնարավոր է շարունակվեն բանակցությունները, սակայն Ադրբեջանի կողմից ավելի կոշտ դիրքերից հանդես գալու միտումներով: Հնարավոր է Հայաստանի վրա Ռուսաստանի և Թուրքիայի կողմից հիբրիդային ճնշումներ լինեն: Ակնհայտորեն, նշված զարգացումներին Հայաստանը պետք է ամեն կերպ պատրաստվի, և այստեղ միայն հնարավորությունը շարունակական դիվերսիֆիկացումն է` այսինքն ավելի ու ավելի շատ տարբեր դերակատարների ընդգրկումն այս գործընթացներում:

 

Last modified on Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2023 15:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ