Նոյեմբերի 23, 2024

Արցախում նախընտրական պայքար է․ անսովոր պայմաններում

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 07, 2023

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Նախագահի լիազորություններն այս օրերին իրականացնում է Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Արցախի խորհրդարանը սահմանված կարգով առաջիկա օրերին կընտրի հանրապետության նախագահ։ Ընտրության օրը դեռ որոշված չէ, բայց այն պիտի կայանա մինչև ընթացիկ շաբաթվա վերջ։ Սրբուհի Վանյանի անդրադարձը։

Արցախում այս պահին ընթանում է նախընտրական պայքար։ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, ըստ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկատվության, արդեն ունեն իրենց թեկնածուները։ Արցախի Ազգային ժողովի կատարած ընտրությունից կախված կլինի ինչպես Արցախի, այնպես էլ, գուցե, Հայաստանի ապագան․ մոտակա օրերին նախանշվող քաղաքական այդ կարևոր իրադարձության զարգացումներին ուշիուշով հետևում և վերլուծություններ են անում ինչպես քաղաքական փորձագիտական շրջանակները, այնպես էլ` հանրության ակտիվ հատվածը։

Մամուլում հրապարակումներ կան արդեն, որ Ազգային ժողովում ներկայացված ՀՅԴ, Արդարություն և ԱԺԿ կուսակցություններն ունեն միասնական թեկնածու՝ ի դեմս նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի։

ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է այդ տեղեկությունը։

«Մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ենք արել, կոնկրետ մեր խմբակցությունը նաև կուսակցության գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է, որ նախ պիտի հանդիպումներ ուենանք ժողովրդի հետ, որպեսզի նաև ժողովրդի դիրքորոշումը ներկայացնենք։ Ստեփանակերտում կենդանի շփումներ են եղել, շրջաններում՝ առցանց։ Երկու օր առաջ հանդիպում ունեցանք պետնախարարա Ս․ Շահրամանյանի հետ, ապա տեղի է ունեցել մեր խմբակցության նիստը, որտեղ էլ որոշում ենք կայացրել վերջինիս թեկնածությունը առաջադրել»:

ԱԺ-ի ընդդիմությունը, որի մաս կազմող «Արդարություն» խմբակցությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը` Արցախում և Հայաստանում վարվող քաղաքականության վերաբերյալ, և համոզմունք ունի, որ գործող իշխանությունները սխալ ուղղությամբ են քաղաքականություն վարում։ Մեր քննադատությունն ինքնանպատակ չի եղել, ասում է Մետաքսե Հակոբյանը։

«Մեր քննադատությունները լուրջ հիմնավորումներ են ունեցել, ամենագլխավոր հիմնավորումը գործող իշխանությունների՝ քաղաքական կամք չցուցաբերելն է որոշումներ կայցնելիս։ Հիմնականում առաջնորդվել են ՀՀ, արտաքին ուժերի, արտաքին ուժերի կողմից ուղղորդվող ներքին ուժերի ճնշումներով ու կամքով»:

Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ այդ որոշումներն արցախանպաստ չէին և մեզ փակուղի են բերել։ Ընդդիմությունը միասնական թեկնածուի հետ հանդիպումներ ունեցել է, քննարկել այն օրակարգը, որն ակնկալում է կյանքի կոչել՝ Սավել Շահրամանյանի քաղաքական հենարանը հանդիսանալու համար։ «Արցախի նախագահը, որին, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված պետք է ընտրենք խորհրդարանում, կարևոր է, որ վառ արտահայտված լեգիտիմություն ունենա», ասում է Մետաքսե Հակոբյանը։

«Պետք է անպայման երևա, որ ոչ թե 33 անձ են ընտրել երկրի նախագահ, այլ ներկայցրել են ժողովրդի կամքն ու ցանկությւոնը: Նաև դրանով է պայմանավորված, որ մենք Սամվել Շահրամանյանի թեկնածություն ենք առաջադրել»:

Պետք է ունենաք կոնսենսուսային նախագահ, ասում է, և այս օրերի հանդիպումները ցույց են տվել, որ համախմբում հնարավոր է։

Քաղաքական կոնսենսուսին կողմ են արտահայտվում նաև շատ փորձագետներ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, օրինակ, առաջարկում է մինչև սեպտեմբերի 8-ը գալ քաղաքական կոնսենսուսի, որի հիմքում պետք է լինի հակաճգնաժամային օրակարգի մշակումը: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել։

«Այս ծանր իրավիճակում ներքաղաքական գզվռտոցը պատիվ չի բերելու կողմերից որևէ մեկին:

Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների՝ ստիպված լինելով լուծել Արցախի հայության իր հողում ապրելու իրավունքը, չունենալով որևէ սուբյեկտայնություն ունենալու պատրանք»:


Մամուլում հայտնված տեղեկատվութունը, այդ թվում և «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի խոսքը հիմք ընդունելով կարելի է եզրակացնել, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Սամվել Շահրամանյանի թեկնածությանը կողմ չի քվեարկի։

«Նկուղային պայմանավորվածություններ են ձեռք բերում երեք հոգով, և Հայաստանից ոմանք։ Ինչպես տեսանք, կարելի է պայմանավորվել ու նախագահ փոխել, Արայիկ Հարությունյանն էլ իրենցից մեկն է։ Բայց որ Արցախի ժողովուրդը պիտի ցույց տա, որ 3 հոգի նկուղում չեն կարող պայմանվորվել ու նախագահ փոխելու որոշում կայացնեն, դա փաստ է: Արցախում ստեղծում են մի խմբակ, որը պայքարում է ՀՀ ում իշխանության համար։ Բա Ղարաբաղը ինչի ՞ եք դնում հարվածի տակ»:

ԱԺ-ում «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը ձայնագրվել չցանկացավ․ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այսօր ասելիք չունեն դեռ, վաղը գուցե կունենան։ «Գուցե և մեր թեկնածուն առաջադրենք, այսօր ոչինչ ասել չեմ կարող», նշել է նա։

Բոլոր այն մարդիկ, ովքեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը համարում էին Արցախի սուբյեկտության ոչնչացում, հիմա հանդես են գալիս Բաբայանի օրակարգի պաշտպանությամբ, ասում է Սուրենյանցը, եթե նույնիսկ այդ օրակարգը կարող է բերել ԱԺ-ի ապալեգիտիմացմանը:

Արցախում հացը կտրոնով են տալիս՝ օրական 200 գրամ յուրաքանչյուր անձի: Սուրենյանցը սա ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, այլև հայ քաղաքական մտքի ամլության ցուցիչ է համարում, գտնում է, որ ով էլ լինի Արցախի նոր նախագահը, քաղաքական լուծումը պետք է առաջնահերթություն համարի:

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ