Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը հրապարակել է «ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև» 1993թ հունիսի 14-ի «խիստ գաղտնի» պայմանագրի տեքստը, որի տակ դրված են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի և ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունները: Ներկայացնում ենք հրապարակված փաստաթուղթը.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վստահելով միջազգային հանրության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին՝
• Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը,
• Պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում,
• Պարտավորվում է պատժել ԼՂ իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին:
• Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է. – ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դեր,
– ԼՂՀ բնակչության ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը:
– հետագա բանակցություններում բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը,
– հետագա բանակցություններում բացառել ԼՂՀ-ի զինված ուժերի ապառազմականացման և զինաթափման հնարավորությունը,
– հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել ԼՂՀ համար ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ»: