Նոյեմբերի 23, 2024

Դիվանագիտական գործի՞ք, թե՞ ճանաչման հնարավորություն

By Էրիկ Հակոբյան Փետրվարի 22, 2022

Ի՞նչ նշանակություն ունի ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը Արցախյան հիմնախնդրի լուծման համատեքստում։ Կարո՞ղ է այն նախադեպ հանդիսանալ նաև Արցախի Հանրապետության ճանաչման համար։ ԱՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդական, քաղաքագետ Նելլի Բաղդասարյանի գնահատմամբ՝ այն ևս մեկ դրական նախադեպ է: 

«Որոշումը կարևոր է նաև նրանով, որ համալրվեց նախադեպերի բազան։ Մեր հասարակական դաշտում այս պահին առկա ակնկալիքները կապված Արցախի Հանրապետության ճանաչման հետ արդարացված չեն, իհարկե ՌԴ նախագահի ելույթի համատեքստում կարող ենք դիտարկել Արցախյան հիմնահարցը՝ որպես ժառանգություն տխրահռչակ ՌԳԲԿ կովբյուրոյի 1921 հուլիսի 5-ի որոշումից»:

 Հիմնավորելով Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման անհրաժեշտությունը՝ Պուտինը հղում է արել խորհրդային տարիների իրադարձություններին՝ կասկածի տակ դնելով դրանց իրավաչափությունը։ Որքանո՞վ են կիրառելի այդ փաստարկները մեր պարագայում։ Արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ կիրառելի են։ 

«Կիրառելի են, որովհետև Արցախը նույնպես ունի բոլոր հիմքերը, շատ  ամուր հիմքեր՝ հասնելու միջազգային ճանաչման։ Ե՛վ պատմական, և՛ քաղաքական, և՛ իրավական  և՛ բարոյական տեսնակյուններից մենք վաստակել ենք այդ իրավունքը։ Ուղղակի պետք է հասկանալ, որ ճանաչումը աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք է։ Եթե ուզում ենք հասնել մեր նպատակներին, պետք է շատ լավ հասկանանք իրավիճակը, ճիշտ քայլեր ձեռնարկենք:  Սա է հիմքը գոյատևման ու բարգավաճման։  Առհասարակ   ճանաչումը մեզ համար չպետք է լինի ֆիքսված գաղափար, բարդույթ, կարևորը պահպանենք Արցախը, իսկ եթե ճիշտ պետականաշինության ու քաղաքակնության ուղղություն որդեգրենք՝ ճանաչումը մեզ համար լինելու է պարզապես ժամանակի խնդիր»:

  Միևնույն ժամանակ, արտգործնախարարի սպասելիքները ճանաչման որոշումից չափավոր են։ 

«Դա չի կարելի համարել ավտոմատ բացվող դուռ։ Որքան շատ լինեն այդպիսի նախադեպերը, այնքան ավելի հեշտ է լինելու մեր ճանապարհը։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ճանաչումը մեծապես կախված է նաև աշխարհաքաղաքակակն գործընթացներից»:

 Նելլի Բաղդասարյանի խոսքով սա նաև հերթական անգամ փաստեց, որ ունեցել ենք Արցախի Հանրապետության ճանաչման բաց թողնված հնարավորություններ, որոնք բոլոր փուլերում կանգնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին չվնասելու պատճառով: Մանրամասնում է․

«Այս պահին մեր իրողությունները հետևյալն են։ Ունենք ԵԱՀԿ Մինսկի համանախագհության մանդատ, որի հիմքում շարունակում են մնալ հաստատված 3 սկզբունքները և որոնցից շարունակում է չիրացված մնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արցախի Հանրապետությունում առկա է ռուսական խաղաղապահության ինստիտուտը։ Ունենք նաև չհստակեցված ժամկետներ կարգավիճակի սահմանման հարցում»:

 Շարունակելով հնարավորությունների թեման, Նելլի Բաղդասարյանը վկայակոչեց 2020 թվականի նոյեմբերի 18-ի Պուտինի խոսքերը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի չճանաչման վերաբերյալ։ 

«Անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի սցենարներին, ինչպես նաև Ղրիմի ժողովրդի կամարտահյտության հարգմանը, միաժամանակ նշել էր, որ Արցախի Հանրապետության չճանաչման փաստը Հայաստանի կողմից՝ էական հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա»: 

Զրուցակիցներիս խոսքով՝ ճանաչման փաստը ևս մեկ գործիք է հայկական դիվանագիտական զինանոցում, որ կարող է ծառայել հետագա հնարավոր ճգնաժամային իրավիճակներում: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ