Գիշերվա ժամը 4-ին Արսեն Դանիելյանը արթնացավ տարօրինակ ձայներից: Ձայներն անասնագոմից էին գալիս։ Երբ հասավ գոմ, ոչխարների գրեթե կեսն արդեն սատկած էր: Այսպիսի դեպքեր շատ են պատահել՝ ասում է Արսեն Դանիելյանը, բայց ո՛չ գոմի մեջ և ոչ՛ այս մասշտաբով:
«Ձայներից արթնացել եմ մտել գոմը ու տեսել, որ արդեն դեպքը պատահել է: Իսկ թե քանի գայլ էր հարձակվել, չգիտեմ, չեմ տեսել՝ մութ էր: Մինչև գնացի տուն լապտերը վերցրի հետ եկա՝ արդեն փախել էին»:
Դանիելյանների ընտանիքը մեծ քանակությամբ ոչխարներ է ձեռք բերել մոտ 1 տարի առաջ: Ոչխարների խնամքով ընտանիքի որդին՝ Լեռնիկ Դանիելյանն է զբաղվում: Սա ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն է՝ ասում է:
«Այս տարի դիմել ենք հիմնադրամին, մոտ 3 մլն դրամի վարկ են տրամադրել, ոչխարներ ենք գնել ու շարունակել զբաղվել այս գործով: Ճիշտն ասած են նոր եմ իջել դիրքերից: Դեպքի մասին հայտնել են գյուղապետին ու անասնաբույժին: Գյուղապետն ասաց, որ պիտի օգնեն, բայց տեղյակ չենք, թե ինչպես»:
Ավելի լավ վիճակում գտնվող և քիչ վնասված ոչխարներին մորթել են՝ վաճառելու նպատակով: Բայց Մարտունու շրջանի անսնաբուժական կայանի տնօրեն Նվեր Սաֆարյանն արգելել է վաճառքը․ գայլի հոշոտած միսը վաճառքի ենթակա չէ:
«Սատկած գլխաքանակը թաղվելու է: Հարցը կծելու մեջ չէ, կատաղության փաստը կա: Վիրուսը փոխանցվում է թքի միջոցով, ոչ թե կծելն է վնաս, այլ թուքը: Վիրավոր կամ սատկած գլխաքանակը կարող է անդառնալի հետևանքներ թողնել»:
Գայլերի այս հարձակումը Ծովատեղում հերթական էր: Բայց Դանիելյանների ընտանքին պատճառած վնասն՝ ահռելի: