Ապրիլի 26, 2024

Ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հնարավորությունները․ կա՞, թե՝ չկա

By Սրբուհի Վանյան Մարտի 22, 2022

Արցախի առջև ծառացած մարտահրավերներին այս օրերին ավելացել են նորերը։ Մարտի 8-ից շուրջ 120 հազար մարդ զրկված է բնական գազից։ Խնդիրն ավելի է սրվում ոչ բարենպաստ եղանակի պայմաններում։ Այդ հանգամանքը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում տնտեսության մյուս ճյուղերում, խաթարվում է ենթակառուցվածքների աշխատանքը։ Պետական համապատասխան մարմիններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, որպեսզի կարողանան հնարավորինս արագ և արդյունավետ վերականգնել դրանք: Նոր իրողություններում առաջացած խնդիրները ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հնարավորությունները հարցականի տակ են դնում: Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից․

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն է պարզբանում․ 

«Ադրբեջանն իր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորություններն օգտագործում է իր նպատակին հասնելու համար։ Այդ թվում՝ դիմում է սադրանքների ենթակառուցվածքների շահագործումը խաթարելու համար։ Մենք էլ ամեն ինչ պիտի անենք մեր նպատակին հասնելու համար։ Այս վիճակը կարող է շարունակվել մինչև նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, ինչ ենթադրում է նաև ենթակառուցվածքների տեղափոխում։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան»։

 Ստացվում է, գազատարը, որը սնուցում է Արցախը, անցնում է նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով, ուրեմն ինչպես ռուս խաղաղապահ զորակազմը, այնպես էլ հայկական կողմը իրավիճակի տերը չեն։ Գազատարի այդ հատվածը չի տեղավորվում նոյեմբերինյան եռակողմ հայտարարության մեջ նշված 5 կմ-ոց միջանցքի տրամաբանության մեջ, քանի որ միջանցքը նախկին ԼՂԻՄ-ից դուրս տարածք է։ Լուծումը Հայկ Խանումյանը տեսնում է այդ տարածքը շրջանցող այլընտրանքային գազատարի կառուցման մեջ, ինչը հնարավոր է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման դեպքում։ 

«Հետևաբար, մինչև այդ ամեն ինչը չհստակեցվի, մինչև ենթակառուցվածքները չտեղափոխվեն, այդ սադրանքները կարող են շարունակվել»։ 

Իսկ ու՞ր մնացին պայմանավորվածությունները, միջազգային փաստաթղթերը, մարդու իրավունքները, ի պաշտպանություն որի բազմաթիվ կառույցներ զեկույցներ են հրապարակում ու ելույթներ հնչեցնում․ 

«Նոր դարաշրջան ենք ոտք դրել, որտեղ այնքան էլ չեն հարգվում պայմանվորվածությունները, այնքան էլ դեր չեն խաղում միջազգային իրավունքը, հումանիտար խնդիրները և այլն։ Այս դարաշրջանում հաղթելու է նա, ով ավելի ամուր է իր կամքի մեջ, հաստատակամ է, և կարողանում է արագությամբ հաղթահարել դժվարությունները։ Պայմանվորվածությունների վրա հույս չպետք է դրվի։ Պետք է դիմանալ, մինչև այս ծնկած վիճակից ոտքի կանգնենք»։

 Թե ինչպես ոտքի կկանգնենք, ինչ ռեսուրսների հաշվին՝ Հայկ Խանումյանը չցանկացավ մանրամասնել․ հակառակորդը ցանկացած ծրագիր, որ կարող է Արցախի բնակչության խաղաղ կենսագործունեությունն ապահովել, սադրանքի է ենթարկում։ Մինչ պատերազմն Արցախի կառավարությանը հաջողվել էր էներգետիկ անկախության հասնել, բայց Էներգետիկ անվտանգությունն ապահովել ու պահպանել չի հաջողվել։ Նախարարի խոսքով՝ առաջիկայում էլ էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությունը գերակա է լինելու։ Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե տարբեր երկրների տնտեսությունները ինչքան են սերտաճած և կախված արտաքին գործոններից և այդ ցնցումներից գոնե մասնակիորեն ապահովագրվել է պետք:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 22 Մարտի 2022 15:26
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ