«Նոր էջ» նախագծի կողմից կազմակերպվող դասընթացները հատուկ այն երիտասարդների համար են, որոնք մասնակցել են Արցախայն երրորդ պատերազմին։ Կան նաև շահառուներ, որոնք 2016 Ապրիլյան պատերազմի մասնակիցներ են և տարբեր տարիների զինվորական ծառայության ընթացքում մարտերի մասնակցած, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներ՝ ասում է «Մարդկային ռեսուրսներ Ասոցիացիա» ՀԿ-ի հեղինակային «Նոր Էջ» նախագծի համակարգող Արփի Խալաթյանը։ Նախագիծը ոչ միայն դասընթացներ է կազմակերպում, այլև կապող օղակ է շահառուների և բիզնես ոլորտի միջև։ Ծրագրի մեկնարկից հետո շուրջ քառասուներեք շահառու աշխատանք ունի։
«Հիմնական նպատակը երիտասարդների կրթական զարգացումն է։ Այդ է պատճառը, որ կազմակերպվում են տարբեր թեմաներով դասընթացներ։ Կան գործընկերներ, որոնք թափուր հաստիքներ ունենալու դեպքում դիմում են մեզ, մենք մեր շահառուներին տեղեկացնում ենք, նրանք էլ մասնակցում են համապատասխան հարցազրույցներին ու հաջողության դեպքում տեղավորվում աշխատանքի»։
Արցախյան երրորդ պատերազմի մասնակից Սամվել Գրիգորյանը ծրագրի շահառուներից է։ Շուտով կհիմնի Առցախում առաջին «Սնկի արտադրության և վերամշակման» ընկերություն։ Այն հնարավորություն կտա բավարարել ներքին շուկայի պահանջարկն ու հաջողության դեպքում արցախյան սունկը արտահանել այլ երկրներ, ասում է Սամվել Գրիգորյանը։ Արտադրամաս ունենալու գաղափարի իրագործմանը նպաստել է դասընթացներից ստացած գիտելիքները․
«Մասնակցել եմ «Նոր Էջ» ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացներից «Դիջիթլ Մարքեթինգ», «Վաճառք և հաճախորդների սպասարկում» դասընթացներին, այս պահին էլ մասնակցում եմ «Հայոց լեզու և գրականություն» դասընթացին։ Մենթորները, որոնք մեզ ուսուցանում են, ոլորտի առաջատար մասնագետներն են։ Նույնիսկ դասընթացի ավարտից հետո, աշխատելու ժամանակ էլ կապ ենք պահում և հարցերի դեպքում դիմում ենք նրանց»։
Դասընթացները հիմնականում կազմակերպվում են Երևանում, ավանդականից բացի, նաև հեռավար տարբերակով։ Դասընթացավարները տարբեր ոլորտից ու տարբեր շրջաններից են։ Այս օրերին ծրագրի շահառուների համար նախատեսվում է կազմակերպել «Կյանքի հմտությունների» դասընթաց Արցախում, ասում է Արփի Խալաթյանը, թեման՝ « Բանակցություններ, հաղորդակցում, առաջնորդություն» -ն է, դասընթացավարը քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանն է լինելու։
«Տարբեր խաղերի, վարժությունների միջոցով երիտասարդների մոտ փորձում է զարգացնել հաղորդակցման հմտությունները, բանակցելու կարողություններն ու ունակությունները, սովորեցնել կոնֆլիկտների կառավարում, ընդանուր հմտություններ։ Դա կարևոր է հատկապես այն ժամանակ, եթե շահառուն ցանկություն ունի բիզնես ստեղծել կամ ղեկավարող օղակներում աշխատել»։
Ստեփանակերտում կազմակերպվող դասընթացը կսկսվի, երբ շահառուների թիմն արդեն հավաքված լինի։ Ընկերությունը հրավիրում է 18-ից 30 տարեկան, մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին մասնակցել զարգացման ծրագրերին։ Ծրագիրն ուրախ է օգնել պատերազմի մասնակիցներին՝ վերադառնալ ակտիվ աշխատանքային միջավայր։ Հատկապես վիրավորում ստացած տղաների դեպքում ինչպես Սամվել Գրիգորյանն է, դա շատ օգտակար ու կարևոր է՝ ասում է Արփի Խալաթյանը։