«Գիտելիքահեն գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» խորագրով ծրագրի շրջանակում «Կրթություն հանուն ապագայի» ՀԿ-ը 5 գյուղում կազմակերպել է ճագարաբուծական մթերքների արտադրության և բիզնեսի կառավարման 10-օրյա դասընթաց, երկու գյուղում ՝ ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման 3-օրյա դասընթաց: Ծրագրերն իրականացվում են հայաստանյան ոչ պետական հիմնադրամների միջոցներով՝ ասում է կազմակերպության տնօրեն Իրինա Գաբրիելյանը:
«Ագրոկրթական ծրագրերի մասնակիցները հիմնականում գյուղացիներ են, ֆերմերներ, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում կամ զբաղվում են գյուղատնտեսությամբ»։
Դասընթացը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն էր նաև։ Մասնակիցներն այցելել են ջերմոցներ, ծանոթացել մշակաբույսերի խնամքի տեխնիկական նրբություններին։ Ծրագրի այս փուլը կրթական է, սակայն չի բացառվում, որ հետագայում մասնակիցները նաև ֆինանսական աջակցություն ստանան՝ որպես խրախուսում՝ ասում է Իրինա Գաբրիելյանը։ Ի՞նչ սկզբունքով են ընտրել համայնքները՝ ծրագրի իրականացման համար։ Զրուցակցիս խոսքով՝ ընտրությունը պատահականության սկզբունքով չի արվել։
«Իհարկե, հաշվի են առնվել շփման գծին մոտ լինելը, աշխարհագրական դիրքը, նաև կորցրած պոտենցիալը։ Ծրագիրը հնարավորություն կտա կորցրածը փոխարինել նոր հնարավորություններով»:
Իրինա Գաբրիելյանը կարծում է, որ ծրագիրը կայացել է։ Մասնակիցների հետաքրքրությունը չի մարել դասընթացի ողջ ընթացքում։ Նրա կարծիքով՝ նման ծրագրերի առկայությունը գյուղերում նորություն է, պահանջված նորություն: Սվետլանա Դանիելյանը ծրագրի մասնակցներից է։ 4 երեխաների մայրը հասցնում է ամեն օր Մարտունի քաղաքից հասնել Մաճկալաշեն՝ գիտելիքի հետևից:
«Դժվար չէր, որովհետև սովորելու ցանկությունը մեծ է, այն միշտ էլ եղել է։ Ես միշտ էլ կարծել եմ, որ պարտադիր չէ համալսարանական կրթություն ստանալ։ Կարելի է սովորել նաև այսպես՝ դասընթացների հաճախելով»։
Ծրագիրը շարունակական է լինելու՝ վստահեցնում է Իրինա Գաբրիելյանը: Ջերմոցային մշակաբույսերի արդադրության և կառավարման 10-օրյա ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի մայիսի 27-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: Ուժեղ տնտեսությունը կայուն պետության հենքն է։ «Կրթություն հանուն ապագայի» կազմակերպության բոլոր՝ այդ թվում այս՝ ագրոտնտեսական ծրագիրը նպատակ ունի կարեցածին չափով ամրացնել այդ հենքը։