«Ապագա հայկականը» նախագծի նոր փուլը մեկնարկել է Արցախից։ Արցախյան ֆորումի հիմնական նպատակն է քննարկել 15 նպատակներից 9-րդի՝ Բնակչության աճի որոշ ասպեկտներ՝ արցախյան հասարակության լայն շերտերի ներգրավմամբ։ Ֆորումը հնարավորություն էր ավելի քան վաթսուն նախաձեռնողների հետ քննարկել Արցախի ժողովրդագրական խնդիրները, լսել նրանց տեսակետները և ուրվագծելու երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ: Այն, որ համաժողովի մեկնարկը տրվեց Արցախից, արդեն իսկ մեծ նշանակություն ունի նախաձեռնողների և բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են Արցախի ապագայով։ Նախաձեռնության գլխավոր տնօրեն Արտակ Ապիտոնյան.
«Քննարկումների նպատակն է ունենալ համահայկական ըմբռնում, համահայկական ծրագրավորում, բոլոր այն նպատակների և դրանց հասնելու քայլերի շուրջ, որոնք նպաստելու են Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի կայուն զարգացմանը և անվտանգության ապահովմանը։ Քննարկումները տալիս են այն շրջանակը, որի շուրջ հետագայում տեղի է ունենալու ծրագրերի մշակում»։
Այդ մշակույթի ձևավորման արդյունքում ստեղծվում են համընդհանուր նպատակներ, ուրվագծվում համընդհանուր անելիքներ՝ ասում է Արտակ Ապիտոնյանը։ Ժողովրդագրությունը Արցախի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից է: Արցախի ապագան հայկական պահելու համար կարևոր է հայկական ընտանիքների ստեղծումը։ Ընտանիքների աճին խանգարող հանգամանքներ շատ կան: Այդ շարքում է նաև բնակարանային խնդիրը: Բնակապահովման խնդրի առաջ հազարավոր ընտանիքներ են կանգնած: Այսկերպ բնակչության վիճակագրությունը չի կարող գոհացուցիչ լինել։ Արցախի ապագայի հայկականությունը երաշխավորելու համար պետնախարար Արտակ Բեգլարյանն առանձնացնում է աշխատանքի 7 ուղղություն։
«Կայուն անվտանգությունը, աճող ժողովրդագրությունը, զարգացող տնտեսությունը, որակյալ կրթությունը, ազգային գաղափարախոսությունը, արդյունավետ կառավարումը, պրագմատիկ միջազգային հարաբերությունները։ Սրանք առնչվում են նաև ՀՀ ապագային, և այստեղ ժողովրդագրությունը երկարաժամկետ ռազմավարական ուղղություններից մեկն է։ Այս առումով Արցախի իշխանությունների կողմից պատերազմից հետո որոշակի լուծումներ տրվել են, բայց դրանք եղել են կարճաժամկետ։ Այժմ արդեն մշակում ենք ռազմավարություն՝ ժողովրդագրության աճն ապահովելու համար»։
Պետնախարարի խոսքով՝ ներառականությունն ու պրոֆեսիոնալիզմը կարևոր չափանիշներից են, որոնք պետք է դրվեն ռազմավարության հիմքում։ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը 6 հիմնադիր ունի՝ Ռուբեն Վարդանյան, Դոկտոր Նուբար Աֆեյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան, Արամ Բեկչյան, Դավիթ Թավադյան: Հիմնադրիներից ֆորումին միացել է միայն Նուբար Աֆեյանը՝ տեսակապով։ Ելույթներից հետո սկսվեց քննարկումը, որին հետևել են Արցախի կառավարության պաշտոնյաների ու ժողովրդագրության հիմնախնդիրների փորձագետների ելույթներ։
Արտակ Ապիտոնյան․ «Պետք է անկեղծ ու անկաշկանդ զրույց ունենանք։ Հորդորում եմ կիսվել ձեր մտքերով, գաղափարներով։ Դուք այստեղ եք ապրում և բոլորից լավ եք իմանում՝ առկա խնդիրները և պատկերացնում եք՝ ինչպես լուծել»։
Ֆորումի մասնակիցները նստած են կլոր սեղանների շուրջ: Սեղանները համարակալված են: Յուրաքանչյուր սեղանի վրա դրված է օրակարգ, իրավիճակի զարգացման 3 սցենար ու դրանց համար առաջարկվող լուծումները: Քննարկումն ուղղորդում են սեղանավարները։ Քննարկմանը հնչած մտքերը գրի են առնվում և անմիջապես հայտնվում էկրանին՝ տեսանելի բոլոր մասնակիցների համար։ Քննարկումները թեժանում են րոպե առ րոպե, առաջարկություններ, խնդիրների լուծման տարբերակներ, հարց ու պատասխան։ Արդյունավետ քննարկան արդյունքում է հնարավոր իրավիճակից իրական ելք գտնել՝ համոզված է ֆորումի մասնակից «Բեյզ մեթլս» ընկերության աշխատակից Արթուր Վանյանը: Ասում է՝ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։
«Բոլորս էլ պատրաստ ենք աջակցել այն ամենին, ինչ վերաբերում է Արցախին, թեկուզ և մեր գաղափարներով։ Ակնկալիքներս մեծ են, որովհետև գաղափարախոսություն կա այստեղ»։
Համաժողովն աշխատանքները շարունակել է նաև կեսօրից հետո՝ «Ապագա Հայկականը» հիմնադիրների և Արցախի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: