«2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 148. հազ. մարդ, քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 56.7 տոկոս, գյուղականը՝ 43.3 տոկոս: Բնակչության կազմում 48.9 տոկոսը կազմել են տղամարդիկ, 51.1 տոկոսը՝ կանայք: Բնակչության միջին տարիքը տարեսկզբի դրությամբ կազմել է 33.6 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար 32.1 տարի, կանանց համար՝ 35.1 տարի: Բնակչության կառուցվածքում մինչև 15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 26.4 տոկոս, աշխատունակ տարիքինը՝ 61.3 տոկոս, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 12.3 տոկոս: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացած: Այդ ցուցանիշը 2019թ. տարեսկզբի դրությամբ Արցախում կազմել է 10.4 տոկոս: Սա Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ մինչպատերազմյան Արցախի ժողովրդագրական վիճակն էր։ Պատերազմից հետո պատկերը փոխվել է՝ բացասական առումով: Ինչպես իշխանությունները, այնպես էլ հասարակությունը գիտակցում են, մեր երկրի մեծագույն սխալներից մեկը ժողովրդագրական թույլ քաղաքականությունն էր, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն պատկերը փոխելու ուղղությամբ, մյուս բոլոր ուղղություններում քայլերն անիմաստ են լինելու։ Ծնելիության խթանման կամ բազմազավակ ընտանիքներին աջակցելու ծրագրեր պետութունն ու մասնավոր հատվածն ունեին, բայց բավարա՞ր էր դա արդյոք, թե՝ նույնիսկ հակառակ ազդեցություն է ունեցել։ Այսպես թե այնպես, իշխանությունները կարծես թե վերանայում են ժողովրդագրական քաղաքականությունը՝ փորձելով դրա հետընթացի ավելի խորքային պատճառները տեսնել ու վերացման ողղությամբ քայլեր ձեռնարկել։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արցախի սոցիալական ոլորտի նախկին պատասխանատու Մանե Թանդիլյանը ժողովրդագրական քաղաքականության ձախողումը ոչ համակարգային մոտեցման մեջ է տեսնում։
«Մի բարդ բան կա, որ մենք պիտի սովորենք անել, և որի չանելու պատճառով ստեղծվել է նման իրավիճակ։ Դա տարբեր պետական կառույցների համակարգված աշխատանքն է։ Ժողովրդագրության խնդիրը սոցիալական չէ միայն․ սովորաբար այն թողնվում է սոցիալական հարցերի նախարարության և Արցախի համապատասխան մարմինների վրա։ Պիտի բոլորին պարզ լինի, ժողովրդագրական խնդիրը բազմաշերտ է և ունի տարբեր խորքայնության պատճառներ․ և սոցիալական, և առողջապահական ու կրթական, և ենթակառուցվածքների ու իրավունքի, և անվտանգային։ Հետևաբար ժողովրդագրությունը պիտի դիտարկվի բազմաթիվ գերատեսչությունների համակարգված, սինքրոն աշխատանքի արդյունքում»։
«Եթե առողջապահությունը որակ տա, բայց կրթությունը՝ ոչ, ժողովրդագրության ցուցանիշներն աճել չեն կարող։ Եթե ծնելիությունն աճի, բայց ենթակառուցվածքների կամ զբաղվածության խնդիրը չլուծվի՝ ժողովրդագրությունն արդյունք տալ չի կարող»,-համոզված է Մանե Թանդիլյանը։ Արցախի կարգավիճակում ժողովրդագրության աճի արգելակման պատճառների մեծ մասը գուցե օբյեկտիվ են, եթե հաշվի առնենք նաև անվտանգային բաղադրիչը։ Մանե Թանդլիյանը տալիս է ժողովրդագրության տեսական ձևակերպումը․ այն ենթադրում է՝
«Ժողովրդագրության խնդիրները՝ ծնելիության աճ, մահացության նվազում, արտագաղթի նվազում և ներգաղթ։ Պետության ճիշտ կառավարման, պետական կառույցների սինքրոն աշխատանքի, հետևաբար և համակարգված, միասնական, և յուրաքանչյուր ոլորտ իր աշխատանքը պատասխանատվությամբ և որակով անելու արդյունքում է լուծվում ժողովրդագրական խնդիրը»։
Նրա դիտարկմամբ, հենց այս մոտեցման բացակայությունն է թե Հայաստանում, թե Արցախում, բերել պարտության՝ այդ ոլորտում։ Ժողովրդագրությունը ոչ թե առանձին ուղղություն է, որի ցուցանիշները գոյություն ունեն զուտ որպես այդ ճյուղի աշխատանքը բնութագրող ցուցանիշներ, այլ ամբողջ պետական համակարգի աշխատանքի հայելին են՝ ասում է։
«Այս տեսակ խնդիրների լուծումը մենք ցանկանում ենք և չենք գտնում, ցավոք սրտի, այդ բանաձևը։ Միասնականության, միասին աշխատելու, իրար օգնելով աշխատելու և թռիչքաձև զարգացում ապահովելու համար»։
Բանաձևը կարծես թե գտնվել է և, Թևան Պողոսյանի խոսքով, անհրաժեշտ է հետամուտ լինել, որպեսզի լավագույն գաղափարները, ծրագրերը տեսականից անցնեն պրակտիկ կիրառության։ շ
«Պետք է հետամուտ լինենք, որ բոլոր գաղափարները, լավ առաջարկները, մտքերը, գործող ծրագրերի քննադատությունները տեղ գտնեն ապագա ծրագրերի մեջ։ Դրա համար մենք պետք է աշխատենք»։
Համակարգված աշխատանք ասելով հասկացվում է բոլոր օղակների, այդ թվում մասնավոր հատվածի, հիմնադրամների ներգրավվածություն ռազմավարական ծրագրերում։ Առաջին հերթին պետք է լուծել անվտանգային խնդիրները, որը, Թևան Պողոսյանի խոսքով, արդեն պետության տիրույթում է։
«Ամբողջ գաղափարն այն է, որ պետք է գիտակցենք․ ժողովրդագրությունը միայն ծնելիության խթանում չէ։ Այն սկսվում է անվտանգությունից։ Իսկ անվտանգությունը միայն ֆիզիկականի խնդիրը չէ, այլ մեր ընկալումների, մեր ինքնության անվտանգության խնդիրն էլ է դրա մեջ մտնում, մեր ազգային արժեքներինը, սննդայինը, առողջապահությանը, կրթական համակարգերինը և այլն»։
Մանե Թանդիլյանի համոզմունքն է՝ Արցախի խնդրի լուծումը անմիջականորեն և սերտ առնչություն ունի ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հետ։
«Պատկերացում կա, և հուսով եմ, բոլորն են դա հասկանում․ Արցախի խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ արցախցիները վերադառնան Արցախ, որ Արցախում շարունակեն ապրել հայեր։ Սա ռազմավարական նշանակության խնդիր է Արցախի համար և Արցախի խնդրի լուծման համար»։
Սա պետք է լինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունների օրակարգը, -ասում է Մանե Թանդիլյանը։-Քանի որ եթե ասում ենք որ Հայաստանում պետք է ապրի, ասենք 5 մլն մարդ, կամ Արցախում՝ 200 հազար, պիտի նաև պատասխանենք, թե՝ ինչպես»։