Նոյեմբերի 23, 2024

Տեղահանվածների բնակվարձերը կփոխհատուցվեն այլ ծրագրի շրջանակում

By Սրբուհի Վանյան Հունիսի 02, 2022

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիների, այսպես ասած, բնակվարձերի թեման հանրության շրջանում ամենաշատ շահարկվող թեմաներից է։ Բնակարանային ապահովման ոլորտում խնդիրներ կան։ Դրանք առկա էին նաև մինչև պատերազմը։ Հիմա խնդիրն ավելի սուր է, և կառավարությունը փորձում է ժամանակավոր լուծումներ տալ՝ մինչ խնդրի վերջնական կարգավորումը։ Տեղահանվածների բնակվարձերի փոխհատուցման ծրագրով կառավարությունը վարձակալներին վճարել է մարտ ամսվա՝ ընդամենը 10 օրվա համար։ Հանրության շրջանում այդ հանգամանքը հարցեր է առաջացրել. Պարզաբանում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։  

«Մարտի 10-ից հետո բնակվարձերը մի քիչ ձգձգվում են այն պատճառով, որ պայմանագրերը դեռևս լրիվ փոփոխված չեն, ընթացքի մեջ են»։ 

 Տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման ծրագրի և պայմանագրերի փոփոխման անհրաժեշտություն ծագել է ոլորտում առկա մի շարք խնդիրները լուծելու համար։ 

«Ինչպես արդեն գիտեք Նախագահի հայտարարությունից, ծրագիրը կփոխվի և այդ հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի զբաղվի․ կոնկրետ չենք կարող ասել, թե ով է լիազորված անձը լինելու, բայց այն, որ մինչև հունիսի 1-ը մեր լիազորությունների ներքո է այս ծրագիրը, դա փաստ է։ Դրանից այն կողմ ոչինչ ասել չենք կարող»։

Վիկտորյա Պետրոսյանը խոսում է օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արված հայտարարության մասին, որտեղ նա անդրադարձել է 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող այդ խնդրի մասին, նշելով, որ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությունը վերանայվելու է։

«Պատերազմից անմիջապես հետո, ԱՀ և ՀՀ Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը»,-ասված է Նախագահի հայտարարության մեջ։ Հուլիսի 1-ից նախատեսվում է փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000  դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով: Վիկտորյա Պետրոսյանը պարզաբանել է նաև, թե վարձակալների կողմից պայմանագրի լուծման դեպքում ինչ մեխանիզմով է կատարվելու վճարումը։  

«Պետք է նշեմ նաև, որ եթե պայմանգիրը մինչև մարտի 30-ն է գործում, այսինքն մարտի 30-ից հետո վարձատուն որոշել է լուծել պայմանագիրը, ուրեմն այդ բնակարանի վարձավճարը հին որոշման համաձայն է տրվելու»։

 Իսկ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Տեղահանվածներին մշտական բնակարաններով ապահովելու նախանշված ժամկետը մինչև 2024-ի տարեվերջն է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ