Նոյեմբերի 23, 2024

Ի՞նչ արժե որակյալ կապը. նոր սակագներ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կողմից

By Սրբուհի Վանյան Հունիսի 03, 2022

Հանրային ծառայությունը և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագները ենթադրում են, որ «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների սակագները կնվազեն: Չնայած դրան, հանրության մեջ ընկերության նկատմամբ թերահավատություն կա․ համեմատության եզրեր անցկացնելով հայաստանյան օպերատորների հետ, ընկերության   բաժանորդները գտնում են, որ  այնուամենայնիվ, «Տելեկոմը թալանում է մարդկանց»։ Թե ինչ է անում Տելեկոմը՝ պատմում է ընկերության տնօրեն Մխիթար Միրզոյանը։ 

«Ամիսներ շարունակ այդ սակագները գործում էին։ Այն առաջարկի տեսքով մատուցվել է բաժանորդներին, և Հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նիստում այն հաստատվել է։ Գիտեք, մինչ պատերազմը մենք ունեինք կանխավճարային ու հետվճարային համակարգ։ Հետվճարայինից օգտվող բաժանորդների համար րոպեավճարը՝ այն առավելագույն րոպեավճար է, միանգամից նշեմ, եղել է 21 դրամ, կանխավճարային բաժանորդների համար՝ 25 դրամ։Մենք շտկեցինք այդ թերացումը, և հիմա, բոլորի համար գործում է մեկ սակագին՝ 21 դրամ»։ 

Այդ սակագինը, Մխիթար Միրզոյանի խոսքով, ավելի էժան է հայաստանյան օպերատորների առաջարկներից, որոնց հետ մեր բնակիչները սովոր են համեմատել Ղարաբաղ տելեկոմի առաջարկը․ 

«Մի անգամ ևս նշեմ, որ այդ սակագինն ավելի էժան է, քան ՀՀ օպերատորների առաջարկած սակագները »: 

Բայց, ընկերության տնօրենի համոզմամբ, Ղարաբաղ տելեկոմի բաժանորդը չի օգտվելու այդ ծառայությունից, քանի որ ընկերությունը մշակել է ավելի շահավետ սակագնային փաթեթներ։ Առաջարկն արդեն շուկայում է ավելի քան մեկ ամիս։ Առաջարկն իրոք շահավետ է, բաժանորդները հասցրել են այն գնահատել. այդ մասին են վկայում ընկերության գրասենյակներում առաջացած հերթերը։ Հարցումները ցույց տվեցին, որ հերթերը սակագնային նոր փաթեթների ձեռքբերման համար են․ 

«Բայց բաժանորդը այդ առաջարկից, ամենայն հավանականությամբ, չի օգտվի։ Նրանք կօգտվեն փաթեթներից, որոնք ավելի շահավետ են։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ փաթեթի ներսում մեկ րոպեն արժե 3-4 դրամ՝ կախված դրա արժեքից։ Ինչպես տեսնում եք՝ թանկացում չի նախատեսվում»։

 Մխիթար Միրզոյանն ասում է, որ հետվճարային և կանխավճարային սակագնային պլանով մշակել են Միքս փաթեթներ։ Ամենամատչելի փաթեթն արժե 1900 դրամ՝ 7 ԳԲ ինտերնետի, 490 րոպեի ու 200 սմս -ի հնարավորությամբ։ Միքս փաթեթները 4-ն են։ Դրանցից 2-ի ՝ 4900 և 7900 դրամ արժողությամ փաթեթների շրջանակներում տրամադրվում է անսահմանափակ քանակի ինտերնետ։ «Ղարաբաղ Տելեկոմի սակագնային փաթեթը գործում է միայն ֆիզիկական անձանց համար։ Հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար առաջարկները տարբերվում են։ Մխիթար Միրզոյանին հետ զրուցել ենք նաև ընկերության խնդիրների ու ծրագրերի մասին․ բարեփոխումները շարունակական են․ կապն Արցախում, տնօրենի խոսքով, լինելու է որակյալ ու, ինչպես ասում են՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Բայց դրա մասին՝ հաջորդ անգամ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ