Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կառավարության կողմից մշակվեց ֆինանսական աջակցության ծրագիր՝ նպատակաուղղված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանը։ Ծրագիրը գործում է 2021 թվականից և իրականացվում է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով։ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի խոսքով, այդ ընթացքում աջակցություն է տրամադրվել տեղահանված, զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին: Մայիսից ընթացքի մեջ է ծրագրի հերթական փուլը։
«Այս փուլում բացի տեղահանված, զոհված և հաշմանդամ դարձած ընտանիքների, նաև ֆինանսավորվում է այլ քաղաքացիների վարկային պարտավորությունները։Գործող կարգի համաձայն, առաջին պայմանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորության առկայությունն է, և այդ աջակցությունը տրամադրվում է վարկերի մարմանը, ինչպես նաև այդ վարկերի մարված գումարների վերադարձմանը։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր մարել են վարկերը, կարգի համաձայն հետ կստանան։»
Բանկի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, այս փուլի սուբսիդավորման ծրագիրն ավարտելուց հետո, բոլոր քաղաքացիները ծանուցվելու են, որից հետո կարող են դիմել համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն` իրենց վարկի վերաբերյալ քաղվածք ստանալու:
«Սահմանված կարգով, ցանկերը հաստատվելուց հետո ուղարկվել են բոլոր համագործակցող բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նշեցիք, Արցախբանկը մի քիչ շուտ կատարեց վճարումները, մնացած բանկերն ընթացքում են և ամեն օր բանկի կամ վարկային կազմակերպության հետ արդեն այդ տրամադրված երաշխավորագրերի շրջանակում կնքվում է պայմանագիր ու գումարները վճարվում են։ Ինքը շարունակական պրոցես է, ցուցակները, սուբսիդավորման շրջանակում, հստակեցվում են ու գումարները վերադարձվում են շահառուներին։ Ծրագիրը գործում է նաև սպառողական վարկերի համար»։
Ի՞նչ է լինելու այն բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների շահառուների վարկերի հետ, որոնք Արցախում այլևս գործունեություն չեն ծավալում. Մհեր Մխիթարյանն է պարզաբանում:
«Անկախ նրանից, պատերազմից հետո աշխատում է, թե ոչ տվյալ կազմակերպությունը կամ բանկը, ծրագիրը տարածվում է նրանց վրա։ Նույնիսկ կան կազմակերպություններ, որոնք Արցախում երբեք չեն աշխատել, բայց մեր քաղաքացիները, պարզվել է, որ նրանց շահառուն են, պարտավորություններ ունեն, դրանց ևս աջակցում են»։
Ծրագրի մեկնարկած պահից մինչ այսօր, հիմնադրամի փոխտնօրենի խոսքով, հաստատվել է 24 հազար 400 դիմում՝ ֆիզիկական անձանց մասով։ Մհեր Մխիթարյանի խոսքով՝ միայն մայիս ամսվա ընթացքում ավելի շատ սուբսիդավորման երաշխավորագրեր են տրամադրվել և մարումներ կատարվել, քան մինչ այդ։ -Եթե 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտին կատարել էինք մոտ 10 հազար շահառուների դիմումների հաստատում, և աջակցություն է տրամադրվել մոտ 20 հազար վարկերի գծով, ապա միայն մայիս ամսվա ընթացքում տրամադրվել է ավելի քան 14 հազար հինգ հարյուր անձանց հաշվով մոտ 30 հազար վարկի մարման երաշխավորագիր,-ասում է: Մհեր Մխիթարյանն ավելացրեց, որ երաշխավորագիր տրամադրել չի նշանակում գումար փոխանցել։ Երաշխավորագրերը տրամադրված են բանկերին, սակայն, հաշվի առնելով դիմումների քանակը, ընդհանուր գործընթացն ավարտվելու է հունիս ամսվա վերջին։ Ֆիզիկական անձանց մասով մնացել է ընդամենը 15 հազ․ 580 դիմում: Հիմնադրամի փոխտնօրենն անդրադարձել է նաև իրավաբանական անձանց փոխհատուցումներին․ մայիսին ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է նաև նրանց համար:
«Իրավաբանական անձանց մասով էլ ծրագիրը գործում է, ունենք 486 դիմում, մայիս ամսից սկսած մեկնարկել է աջակցությունը։ Իրավաբանական անձանց 2 ուղղությամբ է տրամադրվում աջակցությունը․ 6 ամսվա հաշվարկված տոկոսադրույքի գումարի չափով և ինչպես նաև այն իրավաբանական անձանց, և անհատ ձեռնարկատերերին, որոնք կրել են վնասներ պատերազմի հետևանքով։»
Կառավարության որոշմամբ` դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել մինչև սույն թվականի հունիսի 1-ը: Ընդհանուր ընդունվել է 47.360 դիմում, որից 7.380 դիմումը սխալ կամ կրկնակի է եղել: Ծրագրի ավարտը կառավարության կողմից հայտարարված է 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։