Նոյեմբերի 23, 2024

Ծանոթություն Կաղարծիի նորակառույց շենքի բնակիչների հետ

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 08, 2022

 Կաղարծիի 14 բնակարանանոց նորակառույց շենքում ապրող յուրաքանչյուրն իր պատմությունն ունի՝ ուրախ ու տխուր պահերով հագեցած: Իր հյուրընկալ  հարկի տակ մեզ ընդունեց Ավագյանների 4 հոգանոց ընտանիքը: Նանարը Ասկերանի շրջանի Շոշ գյուղից է Կաղարծի հարս եկել: Մինչև այստեղ գալը ամուսնու բազմանդամ ընտանիքի հետ էին ապրում: Ինքն էլ է բազմանդամ ընտանիքից: Դժվար մանկություն է ունեցել. 2 տարեկան էր, երբ զրկվեց մայրական խնամքից: - Ընտանիքում 5 երեխա ենք. ապրեցինք մեկս մյուսի համար, մեկս մյուսին ապավեն դարձանք,-ասում է:- Բազմանդամ ընտանիքում մեծանալն  առավելություն է, բայց պետք է ամուսնանալուց հետո յուրաքանչյուրն իր տանիքն ունենա: Նանարն, արդեն, սեփական իր անկյունն ունի. պետությունն ապահովել է 3 սենյականոց բնակարանով: 

«Բնկարանի հարցում մեզ համայնքապետն է օգնել։ Դիմումը 2-3 տարի առաջ էինք գրել: Շենքը նախատեսված էր նորաստեղծ ընտանիքների համար։ Պատերազմից հետո այստեղ ապրում են նաև տեղահանվածներ»։

 Ավագյանների ընտանիքը մշտական աշխատանքով ապահովված չէ: Նանարը վարսահարդար է, ամուսինը՝ բանվոր: Թեև ինքը չի աշխատում, իսկ ամուսնու աշխատանքը միշտ ժամանակավոր է լինում՝ չի տրտնջում: Այստեղ, մարդիկ, ամեն հարցում, իրար շատ են օգնում: 

«Գյուղացիներն օգնում են, ով ինչով կարողանում է...։ Բայց ես շատ կուզենայի աշխատել»։

  Դժվարություններ բոլորի կյանքում են լինում, պետք է զինվել ու հաղթահարել փուլ առ փուլ: Զրուցակիցս լուսավոր ու բարեկեցիկ ապագա է երազում երեխաների համար: Լիահույս է, որ կկարողանա ապահվել, միայն թե խաղաղություն լինի: 

«Այս կայնքում ամենից կարևորը խաղաղությունն է, դժվարություններ ամեն տեղ էլ կան, եթե խաղաղություն լինի կկարողանանք հաղթահարել դրանք»։

  Կաղարծիի նորակառույց այս  շենքում բոլորն արդեն ճանաչում են իրար: Նանարը ծանոթացնում է Բեգլարյանների ընտանիքի հետ, որոնք Ջիվանիից են տարհանվել: Գայանեն պատմում է, որ ուղիղ 16 տարի են ապրել Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում: Երբևէ չեն մտածել համայնքից դուրս գալու մասին: Այսօր երանությամբ է հիշում Ջիվանիում ապրած յուրաքանչյուր օրն ու ժամը: 

«Ամեն անգամ այս ճանաապարհով անցնելիս ասում էի՝ տեսնես սա ինչ գյուղ է: Ով իմանար, որ գալու ենք հենց այստեղ ապրենք։ Շատ հաճելի գյուղ էր, շատ հարմարավետ տներ ունեինք: Ես էլ, երեխաներն էլ շատ էինք կապված մեր գյուղին»:

 Այդ հիշողություններն ու նորից տուն գնալու հավատն են մեզ ապրեցնում այս անորոշ իրավիճակում՝ասում է Գայանեն: Հայրենի տան մասին կարոտով է խոսում նաև նրա աղջիկը ՝ Լիլիթը: 

«Մեծ պարտեզ ունեինք, խանութ ունեինք...։ Գյուղում բոլոր տները միանման էին, գեղեցիկ»։

  Պատերազմից հետո սկսվել է Բեգլարյանների հարկադրված ճամփորդությունը։ Հայաստանից վերադարձել են Արցախ: Սկզբում ապաստանել են Մարտակերտի շրջանի Չլդրանի համայնքում՝ Գայանեի ծննդավայրում: 

«Երեխաներս ասում էին մենք մարտունեցի ենք, մեզ Մարտունի տարեք։ Այդ հարցով դիմեցինք  Մարտունու  վարչակազմի ղեկավարին։ Եկանք Կաղարծի ու մնացինք այստեղ»։

  Հայրենի հողում, բայց հարազատ տնից  հեռու Բեգլարյանները նոր կյանք են սկսել։ Ինչպես այս շենքում ապրող յուրաքանչյուր ընտանիք, նրանք էլ իրենց առօրյա հոգսերն ու մտածմունքներն ունեն, բայց շարունակում են հաղթահարել բոլոր դժվարություններն ու ապրել լուսավոր ապագայի երազանքով։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ