Նոյեմբերի 23, 2024

Սելավներ և կարկուտ հանրապետության տարածքում

By Սրբուհի Վանյան Հունիսի 14, 2022
Երեկ Մարտակերտի վերին ենթաշրջանում և Ասկերանի շրջանում շուրջ մեկ ժամ տևած ուժեղ անձրևն ու կարկուտը բնակչությանը նյութական վնասներ են պատճառել: Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը առավելապես վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերն ու պտղատու այգիները: Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել Ասկերան քաղաքում և  Ասկերանի շրջանի որոշ  համայնքներում։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասում է, որ այս պահին ճշտվում են վնասի չափերը, նաև իրականացվում են վնասված ենթակառուցվածքները վերականգնելու աշխատանքեր։ 
 
«Երեկ տեղացած կարկուտից ու տեղատարափ անձրևից հիմնականում տուժել են Ասկերանի քաղաքի, Խնապատի վարչական տարածքի մի մասը, Իվանյան, Հովսեփավան, Նորագյուղ համայնքները։ Հիմնականում տուժել են գյուղատնտեսական նշանակության տարածքներ, հատկապես մեծ վնաս է հասցվել բանջարաբոստանային կուլտուրաներին։ Որոշ ջերմոցներ նույնպես վնասվել են։ Հստակ վնասները և վնասված տարածքները ճշտվում են․ աշխատանքային խմբերը գտնվում են շրջանում»։ 
 
Սելավները վնասել են նաև ենթակառուցվածքները, ներհամայնքային և որոշ միջհամայնքային ճանապարհներ։ 
 
«Բացի այդ, տեղատարափ անձրևների հետևանքով տուժել է նաև 2 կամուրջ։ Սելավները վնաս են հասցրել նաև ներհամայնքային ճանապարհներին»։ 
 
Համլետ Ապրեսյանի հաղորդմամբ, առաջին հերթին վնասված ենթակառուցվածքներն ու կամուրջները վերանորոգում են։ Գյուղատնտեսական վնասները վերացնելու աշխատանքները կսկսեն անձրևների դադարից հետո․ ներկա պահին դաշտ մտնելը նպատակահարմար չէ։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ