Նոյեմբերի 23, 2024

Հանրապետութունում գրեթե 9% գնաճ է արձանագրվել

By Սրբուհի Վանյան Հունիսի 15, 2022

Մեկ ամսվա կտրվածքով՝  2022 թվականի ապրիլի նկատմամբ  մայիս ամսվա գնաճը 0,4 տոկոս է։ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժնի պետ    Գայանե Գաբրիելյանը գնաճի մանրամասներն է ներկայացնում։

«2022 թվականի մայիսին անցյալ տարվա մայիսի համեմատ դիտարկվող պարենային բոլոր ապրանքներում գրանցվել է 2,4-ից 32,2 տոկոս գնաճ։ Առավել բարձր գնաճ կա հացաբուլկեղենի, բանջարեղենի, ծովամթերքի, կաթնամթերքի, ձվի, սուրճի, թեյի, շաքարավազի շուկայում»։

 Ազգային վիճակագրական ծառայությունը, սահմանված մեթոդաբանությամբ  սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Ստեփանակերտում և հանրապետության 3 քաղաքներում սպառողական գների սակագների ամենամսյա դիտարկում է անցկացնում,- տեղեկացնում է Գայանե Գաբրիելյանը։ Այն կատարվում է ըստ հաստատված սպառողական զամբյուղի ապրանք-ծառայությունների ցանկի, որոնք ընտրվում են տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտության արդյունքների հիման վրա։ Գնային տեղեկատվական բազայի հիման վրա իրականացվում է սպառողական ապրանքների ամփոփ գների հաշվարկ։     

«Վերլուծելով անհատական սպառում, ըստ նպատակների դասակարգչի 12 խմբերից յուրաքանչյուրի ազդեցությունը ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա, ակնհայտ է դառնում, որ 22 թվականի մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրված 8,9 տոկոս գնաճին ամենամեծ ազդեցություն է ունեցել սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախումբը՝ 5,35  տոկոսային կետով»։

 Դիտարկելով սպառողական գների հավելաճը՝ 10 տարվա կտրվածքով  ըստ սպառման հիմնական ապրանքախմբերի, Գայանե Գաբրիելյանը նկատում է   

«որ այդ ժամանակահատվածի բարձր գնաճն արձանագրվել է այս տարի, 6,1 տոկոս իսկ ամենացածրը՝ 2016 թ․մայիսին՝ 0,2 տոկոս»։

 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի  համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13,5 տոկոս գնաճ, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ 1,1 տոկոս գնանկում։ Ոչ պարենային ապրանքների շուկայում  նույնպես գնաճ է արձանագրվել։  Այն կազմել է  6,9 տոկոս։ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ   հատկապես բարձր գնաճ է արձանագրվել հագուստի շուկայում։ Այն կազմել է  14,5 տոկոս։  Շինանյութի շուկայում գնաճը 11,5 տոկոս է կազմել։ Կոշիկը թանկացել է  10,2 տոկոսով։ Մայիսին դիզվառելիքի գներն աճել են, բենզինի գները՝ նվազել։   

«Հանրապետությունում 2022 թ․մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է բենզինի 0,6 գնանկում։ Դիզվառելիքի գները աճել են 8,9 տոկոսով։ 2022 թ․ մայիսին 2021 թ․մայիսի համեմատ բենզինի և դիզվառելիքի գները աճել են 14,1 և 47,2 տոկոսով։ 2021 թ․դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 1,7, տոկոս գնանկում, դիզվառելիքի 29, 8 տոկոս գնաճ»։

«Ամփոփելով, կարող ենք ասել, որ ըստ սպառման խոշորացված ապրանքախմբերի, 12-ամսյա գնաճի վերլուծությունը ցույց է տալիս, որ առավել բարձր գնաճի տեմպ է գրանցվել սննդամթերքի, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք-ծխախոտ խմբում»,-ասում է մասնագետը։ Գնային այս փոփոխությունները մշտապես   Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են։  Հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող  հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանի պարզաբանմամբ, այն պայմանավորված է ինչպես հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք հիմնականում ազդել են տեղական արտադրության և ներմուծվող ապրանքատեսակների վրա, որոնց գնաճն էլ միջազգային շուկայում գների տատանմամբ է պայմանավորված։   

«Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնային փոփխությունները։ Գործող խոշոր տնտեսվարողներից պահանջվել է մի շարք ապրանքների հաշիվ ապրանքագրերը։ Արդյունքում հիմնավորվել են ապրանքների գների բարձրացումները։ Մարտ ամսին հանրապետությունում գազամատակարարման ընդհատումների պատճառով հեղուկ գազի  պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված նախաձեռնել ենք հնարավոր չհիմնավորված գների բացառմանն ուղղված միջոցառումներ։ Բացահայտվել է 1լ հեղուկ գազի տարբերակված գների կիրառում։ Իրականացվել է ուսումնասիրություն․ պարզվել է, որ հետազոտված 6 տնտեսվարողներից 4-ը կիրառել են տարբերակված գին։ Պատճառը՝ Ավելացված արժեքի հարկն է։ Այն ավելացնում է ինքնարժեքը, բայց չի հիմնավորում գների տարբերությունները»։

 Հանձնաժողովի առաջարկով վերանայվել է հեղուկ գազի իրացման գինը: Այն նվազել է միջինը 70 դրամով։  Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնային փոփոխությունները։ Կառույցը վերլուծություն է իրականացրել «Կաթնամթերքի» շրջանառության ոլորտում՝ մարտ-մայիս ժամանակահատվածում տեղի ունեցած գնաճի հիմնավորվածությունը պարզելու նպատակով:  Պարզվել է՝ գնաճին նպաստել են շուկայի տնտեսական պայմանների փոփոխությունները. մթերվող անարատ կաթի գնի բարձրացում, արտադրության մեջ օգտագործվող կարագի միջազգային գների աճ, կաթնամթերքի առանձին ապրանքատեսակների ցածր շահութաբերություն: Տեղական արտադրության կաթնամթերքի գնաճին նախորդել էր ՀՀ-ում կաթնամթերքի գների աճը, ինչը, ըստ հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, վկայում է նշված ոլորտի գնաճի վրա տնտեսական պայմանների օբյեկտիվ ազդեցության մասին:  Հացի շուկան Արցախում բավականին մրցակցային է․ այստեղ գնաճը կազմել էր 10 դրամ, ինչն էլ պայմանավորված է ալյուրի գների թանկացմամբ։Դրան հանգեցրել է Արցախում արտադրվող հացահատիկի կրճատումը և ներմուծվող և տեղական հացահատիկի գների աճը: Գնաճը հիմնականում կախված է լինում միջազգային շուկայում տարադրամի տատանումներով, ներմուծվող ապրանքատեսակների ու ծառայությունների թանկացմամբ։ Արցախը չի կարող անմասն մնալ միջազգային, ու հատկապես ՀՀ տնտեսական գործընթացներից՝ վերջինիս հետ նույն տնտեսական դաշտում գտնվելով։ Հայաստանում 2022թ-ի մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել  9%։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արդեն հայտարարել է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ