Նոյեմբերի 23, 2024

Տեղահանված քաղաքացիների իրավական կարգավիճակի հարցը մնում Է անորոշ

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 21, 2022

Պատերազմից հետո Հանրապետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը  բռնի տեղահանված և փախստական անձանց խնդիրներն են:   Դրանց լուծմանն է  ուղղված  երկրում իրականացվող  պետական ծրագրերի առյուծի բաժինը: Պետնախարարի հետ հանդիպման եկած  ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը, որ  ձևավորվել է  շուրջ մեկ ամիս առաջ,        նույնպես  նպատակ ունի  աջակցել այդ     խնդիրների լուծմանը:   Անցած մեկուկես տարվա ընթացքում փախստականների իրավունքների պաշտպանության տեսանկյունից  որոշակի աշխատանք կատարվել է ՝ ասում է պետնախարար Արտակ Բեգլարյանը, նաև հավելում, որ ավելի շատ աշխատանք դեռ պետք է արվի:  

«Նախորդ տասնամյակներից շատ խնդիրներ դեռևս մնում են, հատկապես բնակարանային կարիքների տեսանկյունից, քանի որ նախորդ տասնամյակներին այս հարցին համակարգային լուծում չի տրվել»: 

 Սոցիալական այս խմբի ամենասուր հարցը մնում է բնակարանային,  սոցիալական ապահովության   ու  զբաղվածության խնդիրը:   Վերջինիս ուղղությամբ    արդեն գործում և մշակվում են բազաթիվ ծրագրեր՝ հավաստիացնում է Արտակ Բեգլարյանը: Լուծվել է հանրային հնչեղություն ստացած  տեղահանված քաղաքացիների հարկադիր պարապուրդի փոխհատուցման խնդիրը, որի մասին հանրագիր էր ներկայացվել ԱԺ նախագահին:  

«Նախագահի հանձնարարությամբ պարապուրդի ծրագիրը երկարաձգվում է 6 ամսով, մինչև 2023թ․ հունվարի 1-ը: Այս ընթացքը օգտագործելու ենք զբաղվածության ծրագրեր իրականացնելու համար»:

 Բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերը կատարվում են ՀՀ կառավարության հետ համատեղ: Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի    բնակտարածքի վարձավճարի վճարման նպատակով դրամական աջակցության  ծրագիրը: Ըստ որի՝ յուրաքանչյուր տեղահանված քաղաքացի ստանալու է ամսական 40 000 ՀՀ դրամ: Գումարը նախատեսված է հիմնականում վարձավճարի փոխհատուցման համար, բայց բազմանդամ ընտանիքների պարագայում   այն  բավականին մեծ գումար է կազմում, և հետևաբար կարող է օգտագործվել նաև սոցիալական այլ հարցեր լուծելու համար՝ ասում է բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա  ներկայացնում է, թե ովքեր չեն հանդիսանում ծրագրի շահառու: 

«Դրանք այն ընտանիքներն են, որոնք սեփականության իրավունքով բնակտարածք ունեն Արցախում կամ Հայաստանում: Շահառու չեն հանդիսանում նաև այն ընտանիքները, որոնք բնակվում են հյուրանոցներում, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ տարածքներում: Ծրագրից չեն օգտվի պետական միջոցներով վերանորոգված, վերակառուցված բնակարաններում ապրող ընտանիքները»: 

 Զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար մեկնարկել է նոր ծրագիր: Այսպիսի ընտանիքներին հնարավորություն կտրվի հիփոթեքային ծրագրի միջոցով Հայաստանում բնակտարածք ձեռք բերել: Մինչև այս պահը առաջնային և երկրորդային շուկայից շուրջ 600 բնակարան է տրամադրվել տեղահանված և սոցիալական այլ խմբերի  պատկանող քաղաքացիներին: Ստեփանակերտում այս տարի նախատեսվում է շահագործման հանձնել 33, իսկ համայնքներում շուրջ 600 բնակարան՝ ասում է Արմեն Մանգասարյանը:  Դեռևս անորոշ է մնում Արցախյան վերջին պատերազմում տեղահանված քաղաքացիների  իրավական կարգավիճակի հարցը: Փախստականների հետ կապված իրավահարաբերությունները   կարգավորվում են փախստականների մասին և 1988-1992թթ․ Ադրբեջանից բռնագաղթած անձանց իրավական և տնտեսական երաշխիքների մասին օրենքներով:  Եվ քանի որ տեղահանվածները փախստականների նմա՛ն իրավիճակում հայտված անձինք են, բայց իրավականորեն բացարձակ այլ կարգավիճակ  ունեն,   հետևապես անհրաժեշտ է ունենալ տեղահանվածների հետ կապված առանձին օրենսդրական ակտ՝ ասում է պետնախարարի խորհրդական Էլինա Մխիթարյանը:  

«Այս տարվա փետրվարի 17-ին ընդունվեց բռնազավթված տարածքների մասին ԱՀ օրենքը, որը  պարտադիր ու անհրաժեշտ հենքն է տեղահանված անձանց կարգավիճակի որոշման համար: Մենք տարբեր եզրույթներով ենք բնորոշում  տեղահանված անձանց։ Այս օրենքով  կտրվի միանշանակ եզրույթ, որով պետք է անվանել բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց»:

 Արցախի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները պետական գրեթե բոլոր կառույցների գործունեության առանցքում են: 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ուղղված նամակների 52 %-ը տեղահանվածների կողմից էին: 

«Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն և առավել ակտիվ աշխատանք պետք է տարվի, որպեսզի կարողանանք պատշաճ պայմաններ ապահովել տեղահանվածների համար»:

  Հանդիպման մասնակիցները բազմաբնույթ հարցեր են ուղղել հանդիպմանը ներկա կառավարության անդամերին, ստացել բավարար պատասխաններ: Որոշ հարցերի պատասխաններ կտրվեն որոշակի հստակեցումներից հետ՝ խոստացել են  կառավարության անդամները: Ներկաները կարևորեցին նման ձևաչափով քննարկումներն ու հույս հայտնեցին, որ դրանք շարունակական  կլինեն:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ