Նոյեմբերի 21, 2024

Հացահատիկի արտահանումը երկրից արգելվել է

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 05, 2022

Արցախի հանրապետության կառավարության որոշմամբ ընթացիկ տարվա հունիսի 1-ից Արցախից հացահատիկ չի արտահանվի։ Արգելքի պատճառը անվտանգային է։  Մեր հիմնական խնդիրը տեղի բնակչության կարիքների բավարարումն է՝ ասում է Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը։ 

«Մեր առաջնահերթ խնդիրը տեղական պահանջարկն ապահովելն է, ինչպես ալյուրի տեսքով, այնպես էլ  որպես անասնակեր»։

 Արգելքի նպատակը մեկն է, պատճառները՝ մի քանիսը։ Պատերազմից հետո գյուղոլորտում ստեղծված  իրավիճակն  իր կանոններն է թելադրում։ Արցախի տարածքը զգալիորեն կրճատվել է, հետևաբար կրճատվել են նաև գյուղատնտեսական նշանակության հողատարծքները։ Պատերազմից առաջ Արցախում արտադրվող հացահատիկը ոչ միայն բավարարում էր ներքին պահանջարկը, այլև   այն եզակի ապրանքատեսակներից էր, որն  արտահանվում էր։ 

«2020 թ․ պատերազմից հետո էականորեն կրճատվել են այն հողատարածքները, որտեղ զաբաղվում էին հացահատիկի մշակությամբ։ Նախքան պատերազմը մենք մեծ ծավալներով հացահատիկ էինք արտահանում։ Ներկայիս հողատարածքներում մշակվող հացահատիկը բավարարում է միայն տեղական պահանջարկը։  Արտահանման մասին, համենայն դեպս այս տարի, խոսել չենք կարող։ Բայց ունենք նմանատիպ ծրագրեր հետագայի համար»։ 

Որոշմամաբ նախատեսված արգելքն անժամկետ է՝ ասում է փոխնախարարը։ Թեև այն պայմանավորված է պատերազմի թողած հետևանքներով, բայց ընդունվել է հիմա՝ պատերզամից շուրջ երկու տարի անց։ Պատճառն այն է, որ անցյալ տարի չի հաջողվել կազմակերպված ցանքս իրականացնել։  Պատերազմից անմիջապես հետո, ուշացումով,  աշնանացանի որոշակի աշխատանքներ արվել են։ Իրականացվել էին նաև պետական աջակցության մի շարք ծրագրեր։ Ցավոք և՛ ժամանակն էր կորսված, և՛ տարին էր անբարենպաստ բերքի համար՝ ասում է Վիլեն Ավետիսյանն ու հավելում, որ այս տարի իրավիճակն այլ է։ 

«Հացահատիկի բերքահավաքի աշխատանքները սկսվել են Ասկերանի, Մարտակերտի և Մատունու շրջաններում։ Ասկերանի և Մարտունու շրջաններում մեկնարկել է գարու և ցորենի բերքահավաքը, իսկ Մարտակերտի շրջանում առայժմ միայն գարու բերքահավաք է իրականացվում։ Ասկերանի և Մարտունու շրջաններում ցուցանիշները բավականին լավ են։ Մարտակերտի շրջանում բերքատվությունը ցածր է, այն պայմանավորված է երաշտով և վերջերս տեղացած կարկուտով»։

 Հացահատիկի մթերման գները գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն է սահմանում և այդ գնացուցակով էլ  իրականցնում մթերումը։ Վիլեն Ավետիսյանը ներկայացնում  է նաև այս ցուցանիշները։ 

«Գարու դեպքում կանխիկ գումարի դիմաց 160 դրամ, պատքի դիմաց՝ 175 դրամ։ Ցորենը կանխիկ գումարի դիմաց 175 դրամ, պարքի դիմաց՝ 190 դրամ։ Ալրաղացները մի փոքր այլ հաշվարկով են իրականացնում մթերումը, մթերման գները այլ   են   թռչնաֆաբրիկաներում, ինչպես նաև մասնավոր ընկերությունների դեպքում։ Գներն իրարից քիչ են տարբերվում, հողօգտագործողներն իրենց բերքը կարող են մթերել ինչպես իրենց հարմար է»։ 

  Հացահատիկի արտահանման  արգելքի իրագործման նկատմամբ վերահսկողությունը,  վերապահված է Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և պետական եկամուտների կոմիտեին:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 12:19
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ