Այս այցը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն՝ Աննա Աստվածատուրյան Թերքոթի երկրորդ այցն է Արցախ։ Նա այստեղ է ծանոթանալու իր նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հանդիպելու և շահառուների, և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների շարքը մեկնարկել է ՄԻՊ-ի գրասենյակից։ Գեղամ Ստեփանյանը կարևորում է նման հանդիպումները և առհասարակ բարեգործական ընկերությունների գործունեությունն Արցախում։ Լիահույս է,որ օր օրի կավելանան Արցախին աջակցող ձեռքերը, և այստեղ ապրող մարդկանց կյանքի որակը նման ծրագրերի շնորհիվ ավելի կբարելավի։ Ասում է՝ «Սեր Արցախ» ծրագիրը նպաստում է Արցախում ժողովրդագրության աճին։
«Մեծ հաշվով Արցախում ապրող մարդու կարևորագույն առաքելությունը այսօր այստեղ լինելն է։ Այս առումով այն ծրագիրը, որն իրականացվում է տիկին Աստվածատուրյանի կողմից ծննդյան առաջին օրը մայրերին նյութապես աջակցելու տսանկյունից կարևոր է, և այո, այն խթանիչ ազդեցություն է ունենում ժողովրդագրական դեմոգրաֆիկ խնդիրների հաղթահարման տեսանկյունից։ Կարծում եմ,որ այս ծրագիրը երկար կյանք կունենա»։
Հիմնադրամի հիմնադիր-նախագահի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե որ ուղղություններով են անհրաժեշտ աջակցության ծրագրերը։ Նման հանդիպումները կարևոր են տեղեկություն հավաքագրելու համար, քանի որ Սփյուռքում Արցախի հետ կապված ինֆորմացիայի պակաս կա։ «Գրեթե չկա տեղեկություն, թե ինչ է կատարվում Արցախում, չեն հասկանում, թե ինչ է լինելու հետո»,- ասում է Աննա Աստվածատուրյանը։ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ հանդիպմանը բարերարը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար։ Իսկ նախարարն ընդգծեց նման ծրագրերի անհրաժեշտությունը։
«Ծրագրի շրջանակներում տրամադրվող տուփերը, ակնհայտ է, որ պատրաստված են սիրով, և պարունակությունը օգտակար ու կարևոր է այն ստացողների համար։ Դա երևում է նրանց աչքերում, երբ ստանում են նվեր-տուփերը։ Շնորհակալ ենք Ձեզ»։
Բարերարին ընդունել է նաև ԱՀ ԱԺ նախագահը։ Հնադիպմանն Արթուր Թովմասյանը նույնպես կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, մասնավորապես՝ վերջինիս կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագրի գործունեությունը և նշել, որ 2020թ․ պատերազմից հետո Արցախում ծնունդների զգալի աճ է գրանցվել։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի անվտանգային հարցերին և բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրների լուծմանը։ Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ եռամիասնությամբ և համազգային օրակարգի ձևավորմամբ միայն նոր հաջողություններ կարձանագրենք։ ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել Աննա Աստվածատուրյան-Թերքոթին և հաջողություններ մաղթել հայրենանվեր աշխատանքում։ Պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը «Սեր Արցախ» ծրագրի գլխավոր նպատակն է։ Այն կգործի մինչև 2023-ի հունիսի 1-ը։