Արցախի կառավարությունը դեռ հստակ տվյալներ չունի, թե որքան են կազմում բռնի տեղահանվածների գույքային ու նյութական վնասները։ Դրանք դեռ հավաքագրվում են։ Հայաստանի միգրացրոն ծառայության տվայլներով՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան 91 հազար տեղահանված արցախցի, որոնց 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով՝ նրանցից ավելի քան 70 տոկոսը վերադարձել է։ Հստակ է, որ այս պահին նրանց նյութական փոխհատուցում է տրամադրվում վեց ուղղություններով։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է՝ 2021թ փետրվարի 1-ին բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության նպատակով եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել։ Սա առաջին միջպետական գանգատն էր ՀՀ-ի կողմից ներկայացված՝ ընդդեմ Ադրբեջանի։
2020 -ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով, Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 40 հազար մարդ կամ 10 հազար ընտանիք։ Այդ պահին դա Արցախի Հանրապետության բնակչության 27 տոկոսն էր։ Հայաստանի միգրացիոն ծառայությունն իր տվյալներն ունի՝ պատերազմի հետևանքով ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան 91 հազար տեղահանված արցախցի, 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով՝ նրանց 70 տոկոսից ավելին վերադարձել է։
Պարսյանցների ընտանիքը Շուշիից է՝ բռնի տեղահանված։ Այժմ վարձով է բնակվում Արարատի մարզի Խաչփառ գյողում։ Գեղանուշ Պարսյանցը պատմում է․
«110 և ավելի քառակուսի չորս սենյականոց բնակարան էր, կապիտալ վերանորոգված ու կահույքով։ Կահույքը ունեինք, ինչը չունեինք, պատվիրել էինք։ 15 մլն դրամ էինք ներդրել ու 5 մլն դրամ էլ վերանորոգման վարկ էինք վերցրել»։
Միայն Շուշիից բռնի տեղահանվել ու տարհանվել է 1732 ընտանիք՝ 5300 մարդ։ Նրանց մեծ մասը՝ մոտ 1100-ը՝ ՀՀ- ում են, մնացածը՝ Արցախի տարբեր համայնքներում՝ Ստեփանակերտ, Ասկերան, Ճարտար, Մարտակերտ։ Բնակվում են հյուրանոցներում կամ վարձով։ Բացի իրենց չորս սենյականոցից՝ Պարսյանցները Շուշիում թողել են ևս մեկ առանձնատուն ու բնակարան։ Ծնողներն էլ՝ Շուշիի խաչմերուկում գտնվող մթերային խանութն են թողել, որի միայն պահեստի ապրանքը՝ 6 մլն դրամ էր կազմում։ Երկու ավտոտնակ էլ է ադրբեջանցիներին մնացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների կադրերից միայն գիտեն, որ իրենց տներն արդեն չկան։
Սեպտեմբերի 26-ը Շուշիում այս և շուշեցի մյուս ընտանիքների երջանիկ կյանքի վերջին օրն էր։ Մինչև կեսգիշեր վերանորոգում էին իրենց տունը, ուր այդպես էլ չվերադարձան։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը հիշում է՝ բնակիչներն իրենց ողջ ունեցվածքը Շուշիում թողնելիս տարհանման ժամանակ մտածում էին՝ մի քանի օրից վերադառնալու են։ Հիմա դրսում՝ Արցախից դուրս, գրեթե մարդ չունենք՝ ընդգծում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ու նկատում ՝ ՀՀ-ում գտնվողները նույնպես ցանկանում են վերադառնալ Արցախ, բայց այս պահին կացարանի խնդիր ունեն։ Հետո նաեւ հիշում է՝ վերջին տարիներին Շուշիում կյանքը փոխվել էր։
«Երբ ազատագրել էինք Շուշին, թուրքի ներկեր էր ներկած, հին կահույքներ էին։ Վերջին տարիներին, սակայն, պետությունն աջակցում էր 700-800 հազար դրամի շինանյութ էր տալիս, ու մարդիկ սկսել էին վերանորոգել իրենց բնակարանները, կահույք էին գնում»։
44–օրյա պատերազմի հետևանքով Հադրութից բռնի տեղահանվել է 3841 մարդ։ Նրանց մոտ 45% վերադարձել է Արցախ,10% – ը՝ ՀՀ սահմաններից դուրս է, մնացած 45%-ը ՀՀ- ում է՝ ասում է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ Դրամական արտահայտությամբ որքան են կորուստները՝ հստակ չէ, բայց գույքային միավորներով հնարավոր է պատկերացում կազմել։ «Հադրութի դեօկուպացիա» հ/կ Մերի Դավթյան։
«Թշնամուն է մնացել 187 հազար հա հողատարածք՝ անտառներ,վարելահողեր, արոտավայրեր։ Կորսված է 30 համայնքապետարան ու համայնքային կենտրոն, 9 մանկապարտեզ, 29 դպրոց, 23 մշակութային կենտրոն։1 հիվանդանոց, 25 բուժկետ, 4191 միավոր առանձնատուն ու բնակարան»։
Ստեփանյանների ընտանիքը բռնի տեղահանման հետեւանքով Հադրութում թողել է ողջ ունեցվածքը՝ եռահարկ առանձնատունը, բիզնեսը։ Այժմ Երևանում բարձրահարկ շենքերից մեկի մի բնակարանում 8 հոգով վարձով են ապրում։ Արթուր Ստեփանյանի ընտանիքի կանայք ու երեխաները սեպտեմբերի 27-ին են դուրս եկել Հադրութից, տղամարդիկ առաջնագիծ էին մեկնել։ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով վնասված տան վերանորոգումը 2004 -ին են ավարտել․ Արթուրի ձեռքին կորցրած գույքը հավաստող փաստաթղթերն են․
«Սեփական տան վկայականն է, 443․5 քառակուսի մետր բնակելի տարածք ունեի։ Եռահարկ կարող ենք ասել, քանի որ ապաստարանի նման մի բան էլ ունեինք։ Տան արժեքը, եթե պետական գնով գնահատենք, կազմում է 100 մլն դրամ»։
Ստեփանյանների ընտանիքը անասնապահությամբ էր զբաղվում։ Ունեին 180 քմ անասնագոմով ֆերմա։ Խոշոր եղջերավոր անասուն էին պահում։ 1․2 մլն դրամով էլ ինկուբատոր էին ձեռք բերել, նոր բիզնես սկսել։
«6 գլուխ խոշոր եղջերավոր ունեինք, 22 գլուխ մանր եղջերավոր ունեինք, 6 գլուխ էլ խոզ ունեինք։ 2020 թվականին առաջին անգամ նաև ինկուբատոր էինք դրել․ 2000 հատ ճուտ էինք արտադրել, վաճառել։ Նորմալ էր, եկամտաբեր գործ էր», – ասում է Ստեփանյանը։
Հադրութում նաև մեկ այլ բիզնես են թողել՝ մեքենաների պարագաներ էին վաճառում․ միայն 5,2 մլն դրամի լվացող միջոցներ ունեին։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքները այս պահին կորցրած գույքի վնասի փոխհատուցում են ստանում Արցախի կառավարությունունից։ Նաեւ կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանից պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում։
Ամբողջական տվյալ բռնի տեղահանված ընտանիքների նյութական վնասների մասին չկա։ Գույքագրումը շարունակական է՝ բացատրում են պատկան կառույցները։ ԱՀ կառավարության 2021 -ի ապրիլի 19-ի որոշմամբ՝ հաստատվել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության որոշումը։
ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նյութական վնասների գնահատման և քաղաքականության մշակման վարչության պետ Արմիդա Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ ուղղությունները վեցն են՝ հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություններ ( 206 շահառու է բավարարվել, հաստատվել է վնասի ու աջակցության չափը), ութից ոչ ավել՝ բացառությամբ վարորդի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաներ ( 828 շահառու), բեռնատար ավտոմեքենա, 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական ու հատուկ տեխնիկա (192 շահառու) նյութական ակտիվներ ( 86 շահառու ), կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիք (172 շահառու), այգի և խաղողի այգի ( 301 շահառու): Հաշվառման ընթացքում աշխատում են տեղեկատվական թվայնացման շտեմարանի վրա։
Այս պահին ներկայացված դիմումներով անհատական գործեր են կազմվել։ Դեռ չի մշակվել մոտ 10 հազար անհատական գործ։ Դրանցից 1462 –ի մասով սահմանվել է վնասի փոխհատուցման չափ։ Բռնի տեղահանված մեկ արցախցին կարող է երեք ուղղության շահառու լինել։ Եթե արցախցին կորցրել է շենք, մեքենա ու այգի, երեքի մասով էլ փոխհատուցում տրամադրվում է։
ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նյութական վնասների գնահատման և քաղաքականության մշակման վարչության պետ Արմիդա Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է, թե որքան է աջակցության գումարն ու ոչ միայն հուլիսի 1-ի դրությամբ։
«1462 անհատական գործի մասով աջակցության ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 720 մլն 814 հազար 553 դրամ: Կանխիկ տրամադրվել կամ տրամադրվելու է 3 մլրդ 65 մլն 200 հազար 150 (կանխկիկ դեպքում յուրաքանչյուր շահառուի մասով չպետք է գերազանցի 5 մլն դրամը), փաստացի վճարվել է 2 մլրդ 391 մլն 595 հազար 474 դրամ։
5 մլն դրամից ավելի վնասի դեպքում շահառուներին տրամադրվում է հասարակ մուրհակ։ 4,6 մլրդ-ի հասարակ մուրհակ արդեն ձևակերպվել է։ Մուրհակը տրամադրվում է 7 տոկոս տարեկան եկամտով՝ 5 տարով, եռամսյակը մեկ շահառուն ստանում է տոկոսները։
Հադրութցի Ստեփանյանները դեռ սպասում են իրենց հերթին, իսկ շուշեցի ընտանիքն արդեն կորցրած մեքենայի փոխհատուցում ստացել է։
Թե Հայաստանի որ մարզում որքան բռնի տեղահանված է ապրում՝ մարզպետարանների մեծ մասից տվյալներ չտրամադրեցին, գաղտնիք է՝ պատճառաբանեցին։ Արարատի մարզպետարանից գրավոր են արձագանքել։
Արցախի օպերատից շտաբից, սակայն, փոխանցեցին՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում է 20 036 մարդ կամ 5203 ընտանիք։ Տվյալները կարող են փոխվել, քանի Արցախ տեղափոխվելը շարունակական է։ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ներկայացմամբ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների 26․6 տոկոսը բնակվում են Երևանում․
«Առաջին տեղում Երևանն է՝ 1498 ընտանիք, երկրորդ տեղում՝ Սյունիքը՝ 817, երրորդ տեղում Արարատի մարզն է՝ 816, չորրորդը՝ Կոտայքն է՝ 802 ընտանիք, 5-րդ տեղում Արմավիրի մարզն է՝ 275 ընտանիք, 6-րդ՝ Վայոց Ձոր՝ 278 ընտանիք, 7-րդ՝ Գեղարքունիք՝ 186 ընտանիք, 8-րդ՝ Լոռի՝ 1767ընտանիք, 9-րդ՝ Շիրակ՝ 149 ընտանիք, 10-րդ՝ Արագածոտն՝ 137, ամենափոքր արցախյան համայնքը Տավուշում է՝ 66 ընտանիք»։
ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ Հայաստանում գտնվող 5209 արցախցի ընտանիքից 1510 Հադրութի շրջանից են, 2575 ընտանիք՝ Քաշաթաղից, 329 ընտանիք Շուշիից են, 560 ընտանիք՝ Շահումյանից, 51 ընտանիք՝ Մարտունու տեղահանված գյուղերից , 114-ը ընտանիք Մարտակերտի շրջանի տեղահանված գյուղերի բնակիչներ են,64 ընտանիք էլ՝ Ասկերանի շրջանի տեղահանված գյուղերից են։
Բռնի տեղահանված, գույքային ու նյութական վնասներ կրած արցախցի ընտանիքներին փոխհատուցում պետք է նաև Ադրբեջանը տրամադրի, եթե ընտանիքները դիմեն, ու ՄԻԵԴ-ն էլ համապատասխան վճիռ կայացնի։ Այս պահին թե Ստեփանյանների, թե Պարսյանցների ընտանիքները սեփականության իրավունքի ու գույքի կորստի հարցերով չեն պատրաստվում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գեղանուշ Պարսյանցը գիտի՝ 1992թ Բաքվից բռնի տեղահանվածների փոխհատուցումները 30 տարի անց էլ չեն տրամադրվել․
«Բաքվի փախստականներին նոր- նոր են տալիս։ 30 տարի պետք է անցնի, որ մեզ փոխհատուցում տա՞ն»։
Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը դեռ չի որոշել՝ կդիմի ՄԻԵԴ, թե ոչ։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության նպատակով 2021թ փետրվարի 1-ին Եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել։ Սա ՀՀ-ի կողմից առաջին միջպետական գանգատն էր ընդդեմ Ադրբեջանի։ Գանգատն ընդգրկում է 44-օրյա պատերազմի ու հաջորդող շրջանում խախտումների փաստարկներ, ապացույցներ, պահանջներ։ Կան նաև հստակ պահանջներ, որոնք վերաբերում են տեղահանված անձանց սեփականության, կրթության իրավունքի խախտումներին։ Կիրակոսյանն ընդգծում է․
«Այս փուլում նկատի ունենանք, որ գանգատի քննությունը դեռ գրավոր ընթացակարգում է։ Հայաստանն Ադրբեջանի կողմից մեր գանգատի վերաբերյալ առարկություններ է ստացել։ Այժմ պատրաստում ենք մեր առարկությունները․մինչև սեպտեմբերի 8-ը պետք է ներկայացնենք ՄԻԵԴ։ Դրան կհաջորդեն արդեն գանգատի լսումները մեծ պալատի կազմով, բաց արդեն հաջորդ տարի»։
Միջպետական գանգատը ներկայացնելուց ավելի քան 1․5 տարի անց այս փուլում դեռ քննվում են գանգատի ընդունելության և իրավազորության հարցերը, իսկ սեփականության իրավունքի խախտումների, դրանց չափի, գնահատման հարցերն, ըստ էության, կքննվեն երկրորդ փուլում։ Հայաստանն արդեն 1 տարի է՝ սկսել է ապացույցներ հավաքել։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է՝ այցելել են Արցախ, մանրակրկիտ ուսումնասիրել, փորձել պատկան կառույցներից ամբողջական ինֆորմացիա հավաքագրել բոլոր տեղահանվածների մասով։ Նախնական պատկեր ունեն․
«Մեզ մոտ «իրավունքի խախտման զոհերի» քանակը 90 հազարից անցնում է, 100 հազարի է մոտենում։ Նրանք մարդիկ են, որ տեղահանվել են պատերազմի ընթացքում՝ իրենց տարածքներից, որոնք այժմ թե ՛ Արցախի, թե ՛ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Խոսքը և անշարժ, և շարժական գույքի մասին է։ Աշխատանքներ տարվում են, պետք է ամբողջացնենք, որ ներկայացնենք եվրոպական դատարան։ Դեռ այդ փուլին չենք հասել»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը գիտի՝ առանձին անհատական գործերով նույնպես ՄԻԵԴ դիմողներ եղել են։ Իհարկե, սա նորմալ է՝ ասում է Կիրակոսյանը։ Եթե իրավազորության ու ընդունելության լսումները լինեն 2023-ին, հաջորդող տարիներին կլինի նաև գանգատի քննությունը։
Նախադեպ կա՝ անհատական գանգատ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»։ Սարգսյանի գործը հայ փախստականի բողոք է, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում 1992-ին ստիպված էր փախչել Ադրբեջանի Շահումյանի շրջանի իր տնից: Այդ պահից սկսած նա զրկված էր իր գյուղ վերադառնալու և իր սեփականությունից օգտվելու իրավունքից: Դատարանը միաձայն որոշել է, որ Սարգսյանի գործով Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել 5,000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում և 30,000 եվրո`կրած ծախսերի և ծախքերի դիմաց:
Վճիռը կայացվել է, բայց կատարման առաջընթաց չկա, չնայած նախարարների կոմիտեին ուղղվել էին նամակներ՝ պարզելու՝ ինչու չի կատարվել վճիռը։ Այս տարի նախատեսվում է այս հարցի քննարկումը նախարարների կոմիետում։ Եղիշե Կիրակոսյանը հիշեցնում է՝ այս հարցը քննարկվում է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործին զուգահեռ։
Բացի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործից՝ ՄԻԵԴ-ում մոտ 392 նման գործ կա։ Հայաստանի դեմ գործեր նույնպես կան՝ մոտ 303 գանգատ՝ Արցախյան առաջին պատերազմից հետո ներկայացված։ Գործեր են, որոնց իրադարձությունները Հայաստանի՝ կոնվենցիային անդամակցելուց շատ ավելի վաղ են եղել, սակայն, դատարանը համարել է, որ առկա է շարունակվող խախտում, որը դեռ չի վերացել։
Ի՞նչ է նախատեսվում, երբ կողմերը հրաժարվում են պահանջների կատարումից
Կիրակոսյանը նման գործերով ձգձումները բնական է համարում։ Հիշեցնում է «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործ»-ը, որով դատարան էին դիմել 1999-ին Հյուսիսային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թ-ին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի վճարելիք տուգանքի չափի սահմանումը:
«Նման գործերով ձգձգումները բնական են։ Մենք ունենք մեր աչքի առաջ «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործ»-ով նախադեպ, որը երկարատև ընթացող վճռի կատարման գործընթաց է։ Նույնը կարելի է ասել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» և շատ այլ պրոբլեմատիկ գործերով»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2014 թվականի մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որը երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին։
Կիրակոսյանը բացատրում է՝ եթե իրավիճակը շատ բարդանա, եւ կողմերը հրաժարվեն պահանջների կատարումից, գործի քննությունը կարող է նորից վերսկսվել՝ որպես վճռի չկատարում։ Ամեն դեպքում՝ Կիրակոսյանը լիահույս է, որ հայկական կողմի ներկայացրած փաստարկները, որքան էլ Բաքուն փորձի հերքել, անառարկելի կհամարվեն։