Նոյեմբերի 24, 2024

Արցախում երեխաների մոտ 40 տոկոսը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 16, 2022

Մինչ պատերազմն Արցախում գործում էր 53 մանկապարտեզ:  40-ը՝ պետական, իսկ 13-ը մասնավոր մանկապարտեզներ էին: Պատերազմից հետո մանկապարտեզներից 17-ը մնացել է օկուպացված տարածքներում: ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական կրթության բաժնի վարիչ Էլմիրա Հովհաննիսյանը «Արցախ» լրատվականին  ներկայացնում է ոլորտում ստեղծված իրավիճակը: 

«Այս պահի դրությամբ գործում է 38 մանկապարտեզ, որից 31-ը պետական, 3-ը՝ ՀՕՄ-ի, 4-ը՝ Հայ ավետարանչական ընկերակցության մանկապարտեզներ են:   Բացի մանկապարտեզներից գործում են նաև նախադպրոցական խմբեր, որտեղ սովորում են մանկապարտեզների ավագ խմբի տարիքի  երեխաները: Այդ մանկապարտեզներից բացի Ստեփանակերտում վերաբացվել են նաև Հադրութի և Շուշիի մանկապարտեզները: Այստեղ երեխաներ են ընդունում ինչպես Հադրութից և Շուշիից, այնպես էլ մայրաքաղաքից: Ստեփանակերտի մանկապարտեզները նույնպես ընդունում են հադրութցի և շուշեցի երեխաների: Առաջնահերթությունը տրվում է տեղահանվածներին»: 

Արցախում մանկապարտեզի տարիքի երեխաների մոտ 40%-ը զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Ծնողները բողոքում են: Սուսաննա Սարգսյանը 2 երեխաների մայր է, շուտով ծնվելու է  նրա 3-րդ բալիկը: Ընտանիքի հայրը 44-օրյա պատերզմի մասնակից է, հաշմանդամության կարգ ունի: Ասում է ոչ մի մանկապարտեզում տեղ չկա:    

«Երկրորդ երեխայիս ուզում եմ մանկապարտեզ տանել, բայց որտեղ տարել եմ՝ տեղ չկա: Եվ այդ խնդիրը համատարած է: Քանի որ մանկապարտեզում ծանոթ չունես, չես կարողանում երեխայիդ տեղավորել: Հուսով եմ, որ համապատասխան մարդիկ կզբաղվեն և այս հարցին լուծում կտրվի»։

 Նախարարությունը  տեղյակ է խնդրին:  Էլմիրա Հովհաննիսյանն ասում է, որ հարցին լուծում տալու միակ տարբերակը նոր մանկապարտեզներ կառուցելն է, որովհետև առկա մանկապարտեզները գերծանրաբեռնված են և ավելի ծանրաբեռնելու հնարավորություն այլևս չկա: Մանկապարտեզների հարցը սուր էր նաև պատերազմից առաջ: 

«2013 թվականին նախարարի հրամանով Ստեփանակերտի և շրջանների մի քանի մանկապարտեզների ավագ խմբերը սկսել են հաճախել դպրոցների զրո դասարաններ, որպեսզի մանկապարտեզներում տեղ ազատվի և ընդունելությունը նորմալ կատարվի: Սա էլ չօգնեց: Մանկապարտեզները մնացել են ծանրաբեռնված, պատերազմից հետո խնդիրն ավելի է սրվել: Այս պահին  երեխաների շուրջ 40 տոկոսը  մնում է առանց մանկապարտեզի: Ծնողների բողոքներն անչափ շատ են: Եթե քաղաքում 2 տիպային մանկապարտեզ կառուցվի, 10-12 խմբանոց, այս հարցը կլուծվի»: 

Զրուցակիցս հիշում է. նախկին 6-րդ և  11-րդ  դպրոցների  շենքերը   պետք է վերակառուցվեր և ծառայեր որպես մանկապարտեզ: Ծրագրերը  պատերազմից առաջ էր քննարկվել ու ներկայցվել  Հանրապետության  նախագահին: Այսօր արդեն, երկրի առջև ծառացած խնդիրների բնույթն ու  առաջնահերթությունները փոխվել են:  Մանկապարտեզների հարցը կրկին լուսանցք է մղվել՝ անորոշ ժամկետով: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ