Նոյեմբերի 27, 2024

Բերդաձորի ենթաշրջանի որոշ համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ չեն գործում

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 26, 2022
Բերդաձորի ենթաշրջանի որոշ համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ չեն գործում photo credits:aparaj.am

Բերդաձորի ենթաշրջանի համայնքներում հիմնական խնդիրները  ենթակառուցվածքներն են՝ գազամատակարարում, էլեկտրաէներգիա, խմելու ջուր:   Բայց ամենաառաջնայինը գազամատակարարումն է՝ ասում են համայնքների ղեկավարները։ Շուտով կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Առջևում ցուրտ եղանակներն են։ Բոլոր համայնքների դպրոցները գազաֆիկացված են, բայց գազի բացակայության պատճառով, այժմ ստիպված էն այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Եղցահող համայնքում նախատեսում են դպրոցը ջեռուցել էլեկտրական տաքացուցիչներով։ Համայքի ղեկավար Արտակ Հակոբյանի խոսքով՝ խնդրի մասին ժամանակին հոգացել են։ Թուֆենկյան հիմադրամը համայքին նվիրել է դիզելային գեներատոր։  

«65 Կվտ հզորությամբ դիզելային գեներատոր ունենք։ Բայց միայն Եղցահող գյուղում։ Համայնքը երեք բնակավայր ունի՝ Տասը Վերստ, Կանաչ Թաղլար և Եղցահող։ Երկու բնակավայրերը շատ քիչ բնակչություն ունեն։ Տասը Վերստում՝ երկու ընտանիք, Կանաչ Թաղլարում՝ 5 ընտանիք։ Այդ գյուղերի մասին նույնպես արդեն մտածում ենք, շուտով այս համայնքների համար նույնպես գեներատորներ ձեռք կբերենք»։

  Համայնքի անտառահատման կետը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արտակ Հակոբյանի խոսքով՝ սա նունպես խնդիր է՝ ձմեռամուտին ընդառաջ բնակիչները չունեն փայտ կուտակելու  հնարավորություն։ Մեծ Շեն համայնքում նույնպես կփորձեն դպրոցը ջեռուցել էլեկտրական տաքացուցիչներով, իսկ Հին Շենում՝ փայտով։ Հին Շենի դպրոցն այս տարի կհաճախի մեկ աշակերտ՝ ցավով նշում է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։ Համայնքը ունի մեծ թվով ազատ բնակֆոնդ՝ շուրջ 40 տուն։ Բայց դրանք վերանորոգման կարիք ունեն։ Հաջորդ խնդիրը, որը բարձրաձայնել են բոլոր համայնքների ղեկավարները՝ բնակարանաշինությունն է։ Պատերազմից հետո համայքները կարծես ակտիվ շինհարթակ էին դարձել։ Բայց մեծ մասի դեպքում աշխատանքները մնացել են կիսատ։ Լիսագոր և Եղցահող համայնքների ղեկավարներն են ներկայացնում։ 

«Լիսագորում այս պահին աշխատանքները լրիվ կանգնած են։ Կան մի քանի կիսատ թողած տներ։  Եղցահողում բնակարանաշինությունը նույնպես շատ ցավոտ հարց է։ Սկզբնական փուլում մեծ թափով աշխատանքներ էին տարվում։ Եղցահող համայնքում 14 բնակարան է վերանորոգվել։ Իսկ այս պահին 7-8 բնակարան ունենք, որ շինանարությունը կիսատ է մնացել»։ 

Լիսագոր համայնքում առաջնային է խմելու ջրի խնդիրը։ Ընթացիկ տարում այս ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, բայց խնդիրը վերջնական լուծում չստացավ՝ ասում է համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը։

 «Ջրմուղ կոյուղին հիմնական մագիստրալը բերել է մինչև համայնք։ Բայց համայնքում չունենք ներքին ցանց, որպեսզի բնակիչները լրիվությամբ կարողանան օգտվել խմելու ջրից»։

 ԱԺ պատգամավոր Վլադիմիր Կասյանի խոսքով՝ բարձրաձայնված բոլոր խնդիրները կներեկայացվեն կառավարությանն ու հանրապետության նախագահին։ Հնարավորությունների սահմաններում դրանց լուծումներ կտրվեն։ 

«Մինչև ձմռան սկսվելը գազի հարցը կլուծենք։ Ես գտնում եմ, որ դա հնարավոր է։ Ինչ վերաբերում է շինարարությանը, իրոք որ, յուրաքանչյուր գյողում կան բնակարաններ, որտեղ շինարարությունը սկսված է, բայց կիսատ է մնացել»։

 ԱԺ պատգամավորը անդրադարձել է նաև Ստեփանակերտ-Գորիս նոր այլընտրանքային երթուղուն։ Վլադիմիր Կասյանը համոզված է՝ նոր երթուղին անվտագային առումով ավելի ապահով է։

«Ես քաղաքական գնահատական տալ չեմ ուզում։ Բայց ապահովության հարցով՝ ես գտնում եմ, որ այս ճանապարհը ավելի անվտանգ է, քան Բերձորի ճանապարհը։ Կան որոշ թեքություններ բայց  նույնպիսի թեքություններ ունենք նաև Սարավանում, Լիսագորում»։

  Նոր ճանապարհը կարելի է դիտարկել նաև որպես հնարավորություն՝ Բերդաձորի ենթաշրջանի այս գյուղերի զարգացման համար՝ ասում է Վալդիմիր Կասյանը։ Համայնքների ղեկավարների խոսքով՝ բնակիչներից արդեն ստացել են առաջարկություններ՝ սննդի, ավտոլվացման կետերի կամ խանութների բացման հետ կապված։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ