Անվտանգության խորհրդի ընդունած հայտարարությունը որոշ փորձագետներ համարում են անիրատեսական։ Նրանց կարծիքով Արցախի ԱԽ հայտարարության մեջ դրական ոչինչ չկա, Հայաստանից պահանջվում է երկու բան՝ գոյություն չունեցող բանակցային ձևաչափում Արցախի մասնակցության վերականգնում ու ԼՂ անկախության միջազգային ճանաչման օրակարգի հետապնդում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը երկուսի պահանջն էլ անիրական է համարում։
«Մտահոգությունները ես օրինաչափ ու լեգիտիմ եմ համարում, մանավանդ Հայաստանից հնչող հակասական հայտարարությունների ֆոնին մարդիկ իրավունք ունեն անհանգստանալու, իրավունք ունեն լուծումներ գտնել։ Կոնկրետ ես երկու խնդիր եմ անիրատեսական համարում։ Ակնկալել, որ Հայաստանը կապահովի գոյություն չունեցող ձևաչափում ԼՂ մասնակցությունը՝ իրատեսական չէ։ Իրատեսական չէր նույնիսկ մինչև 44-օրյա պատերազմը։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ մենք պարտվել ենք պատերազմում, Ղարաբաղը, փաստորեն, կորցրել է սուբեկտայնությունը, իսկ Հայաստանը թուլացած վիճակում է։ Իսկ գլոբալ հակադրության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Երկրորդը՝ անկախության օրակարգն է։ Այսօր Հայաստանը չի կարող հետապնդել այդ խնդիրը։ Որովհետև ինքը՝ Հայաստանն էլ գտնվում է շատ խոցելի վիճակում։ Դա կարող է բերել նոր ռիսկեր, ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի համար»։
Արցախում Սուրենյանցի տեսակետի հետ համաձայն չեն․ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Ստեփանակերտի պահանջը շատ տեղին ու իրատեսական է համարում․
«Եթե հիշում եք, Արցախը միշտ եղել է բանակցող կողմ։ Ընդհուպ, երբ որ 1994թ․ հրադադար է կնքվել, Արցախը ներկայացված էր այդ պայմանագրում։ Իսկ թե ինչ դերակատարություն ուներ Հայաստանը այս երեսուն տարիների ընթացքում՝ նա Արցախի անկախության, անվտանգության երաշխավորն էր հանդիսանում։ Իսկ հիմա այսօրվա ՀՀ իշխանությունների պարտվողական կեցվածք ունեն և Արցախին մենակ են թողում Ադրբեջանի հետ բանակցելու՝ առանց միջազգային ատյաններում ձևաչափը որակելու»։
Դավիթ Գալստյանը միանշանակ է իր կարծիքի մեջ, որ «Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ» թեզով և տարանջատ լուծել չի կարելի․ հակառակը պնդողները սպասարկում են թշնամական օրակարգը՝ ասում է պատգամավորը։ Այս գաղափարն անիրատեսական են համարում օրվա բանակցողները, որոնք ի զորու չեն Արցախի անունից կամ ուժեղի դիրքերից բանակցել։ «Հնարավոր է՝ ցանկության դեպքում»,- պնդում է Դավիթ Գալստյանը։
«Բոլորս հասկանում ենք՝ Արցախը միայն արցախցիների խնդիրը չէ։ Դա համահայկական խնդիր է, որը, եթե տարանջատվեց, ապա կասկածի տակ է դրվելու Հայաստանը։ Տեսնում ենք Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, իսկ մեր կողմից դրան ի պատասխան պարտվողական կեցվածքը»։
Սա ոչ ադեկվատ քաղաքականություն է, որի հիմնական միտքն այն է, որ Հայաստանը և Ղարաբաղը նույն ճակատագիրն ունեն՝ ասում է Սուրենյանցը։ Իսկ ինչպես է քաղաքագետն ինքը տեսնում լուծումը, որն է ադեկվատ մոտեցումը, և ինչ անի Արցախը՝ ստեղծված իրավիճակում․
«Միակ լուծումը որ ես տեսնում եմ՝ պաշտոնական Ստեփանակերտի շատ ակտիվ, բազմաշերտ աշխատանքն է Մոսկվայի ու Բաքվի հետ, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների հետ։ Միայն այդ ճանապարհով կարելի է վերականգնել սուբեկտայնությունը։ Բարենպաստ իրավիճակում մեր քաղաքական էլիտան չի գիտակցել և կորցրել ենք, գուցե, նպաստավոր ինչ-որ լուծումների հասնելու հնարավորությունը։ Հիմա էլ համանախագահությունը, ճիշտ է, չի գոչծում, բայց նրա բոլոր դերակատարներն առանձին-առանձին նշում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ։ Սա նշանակում է, որ առնվազն Բաքվի և Ստեփանակերտի տիրույթում քննարկելու խնդիր կա»։
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափովով չի ընդգրկվել բանակցություններում, Հայաստանի Հանրապետութունը պարտավորված է ներկայացնելու և պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը միջազգային հարթակներում»,-ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցել հակամարտության կարգավորման շուրջ միայն այն դեպքում, եթե բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնվի, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված կլինի որպես լիիրավ կողմ և՛ հակամարտության, և՛ բանակցողի։ Ոչ թե մենք ենք առաջարկում օրակարգը, այլ առաջարկված թեզին մեր դիրքորոշումն ենք արտահայտում»։
Արցախի անկախության հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ՝ ասում է Սուրեն Սուրենյանցը։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում կամ պետք է Մոսկվայի հետ հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման առկախմանը, կամ պետք է գնալ միջազգային նորմերով Ղարաբաղի ինչ-որ սուբյեկտության ֆիքսման։ Երրորդ տարբերակ քաղաքագետը չի տեսնում։ Արցախի անկախությունը այլընտրանք ունենալ չի կարող, Արցախ՝ Ադրբեջանի կազմում մահ է Արցախի համար և նրա արագ հայաթափման ուղի, տարբեր շրջանակների թեզերին ու վերլուծություններին արձագանքում են Արցախից։
«Այսօր տեսնում ենք, թե պետությունները ինչպես են անկախանում։ Դա ազգերի ինքնորոշման սկզբունքն է, որը Արցախը լիարժեք իրականացրել է 1991թ․ հանրաքվեի միջոցով և դուրս է եկել ԽՍՀՄ կազմից։ Այսօրվա Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Եվ անկախ Ադրբեջանիկազմում երբևէ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը չի եղել։ Սա շատ պարզ ճշմարտություն է, որը այսօրվա բանակցողները ի վիճակի չեն բարձրացնել, քանի որ հանդես են գալիս պարտվողական դիրքերից»։
Արցախում հայության լինել-չլինելու հարցն է վճռվում․ ասում է Դավիթ Գալստյանը, և որևէ մեկն իրավունք չունի նման խնդրի առաջ կանգնեցնելու հայությանը։