«Կանադա» տեսակի նրբերշիկի համ ու հոտը փոխվել է, ճիշտ է, բայց մարդու կյանքի և առողջության համար վտանգ չի ներկայացնում՝ պարզվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով։ Բոլորին հայտնի համի փոփոխության պատճառը նրբերշիկի բաղադրության փոփոխությունն է։ Արտադրողն օգտագործել է նաև հավի ենթամթերք՝ երիկամներ, լյարդ, սիրտ, քարաճիկ և այլն՝ ասում է Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիայի փոխտնօրեն, մանրէաբան Հասմիկ Հովսեփյանը։
«Կատարելով հետազոտություն, պարզել ենք, որ մանրէաբանական ողջ ցուցանիշները համապատասխանում են նորմատիվներին, ինչ-որ խախտումներ չեն նկատվել, նաև եփել ենք, ստուգել, փորձել՝ բոլորն էլ համապատասխանել են ստանդարտներին»։
Սննդամթերքի վերահսկողության պետական տեսչությունը բնակիչների՝ հոկտեմբերի 11-ի հաղորդագրության հիման վրա շրջայց էր սկսել տվյալ ապրանքատեսակի նմուշառման և լաբորատոր փորձաքննության ուղարկելու համար՝ ասում է տեսչության պետ Միքայել Սարգսյանը։
«Սույն թվականի հոկտեմբերի 17-ին փորձաքննության արդյունքներն արդեն իսկ կային, ըստ որի՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի որևէ անհամապատասխանություն չկա, այսինքն՝ մարդու կյանքի և առողջության համար վտանգ չի սպառնում»:
Պետական տեսչության հարցմանն ի պատասխան՝ Հանրապետական բժշկական հաստատությունից ու «Արևիկ» մանկական բուժմիավորումից վերջերս սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել՝ նշում է Սարգսյանն ու հավելում․
«Միաժամանակ, բնակչությանը հորդորում ենք սննդամթերքի հետ կապված ցանկացած կասկածի դեպքում զանգահարել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի 50-99 կարճ հեռախոսահամարին։ ՄԵնք օպերատիվ կարձագանքեք ու կշտկենք թերությունները կամ խախտումները»։
Սննդամթերքի վերահսկողության պետական տեսչության պետի խոսքով պարբերաբար ստուգումներ են անցկացվում նաև այլ ապրանքատեսակների շրջանում՝ անվտանգությունն ապահովվելու նպատակով։