Ներդրումային հիմնադրամն արդեն իսկ ընդունել է 47600 դիմում։ Ծրագրում կատարված փոփոխությունների մասին հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանն է մանրամասնում։
«Հոկտեմբերի 5-ից կրկին մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը։ Նախկինում կառավարության որոշմամբ այդ գործընթացը դադարեցված է եղել։ Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք չեն հասցրել լրացնել դիմումը, կարող են ներկայանալ Ներդրումային հիմնադրամ և տեղում լրացնել դիմումը»։
Ընդհանուր առմամբ հաստատվել է մոտ 35000 դիմում, մշակման փուլում են գտնվում՝ 5300-ը։ Հաստատված դիմումների գերակշիռ մասը՝ ավելի քան 24000 դիմում, հաստատվել է 2022թ․ դրանք վերաբերում են մոտ 52000 վարկային պարտավորությունների։
«52000 վարկային պարտավորություններից 1700-ը գյուղատնտեսական վարկային պարտավորություններն են, մոտ 50000-ը՝ սպառողական վարկային պարտավորություններ, 1000-ից ավելին հիպոթեքային վարկային պարտավորություններ։ Ընդհանուր առմամբ 2022թ․ նշված բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից տրվել է ավելի քան 28 մլդ․ դրամի երաշխավորագիր»։
Իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության տրամադրումը մեկնարկել է մոտ 2 ամիս առաջ։ Մինչև այսօր 120 իրավաբանական անձի տրամադրվել է ավելի քան 260 մլն․ դրամի աջակցություն։ Գործող ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ իրականացվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր քաղաքացիների կողմից մարված վարկային պարտավորությունների փոխհատուցման գործընթացը։ Այս ծրագրով հիմնադրամի կողմից ավելի քան 4000 պայմանագրերի գծով տրամադրվել է հատուցում՝ ասում է Մհեր Մխիթարյանը։
«Մինչև այս տարվա ապրիլ ամիսը մշակվել են միայն տեղահանված, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքի անդամների դիմումները։ Արդեն ապրիլից ֆինանսական միջոցներ նախատեսելուց հետո սկսվել է ավելի լայն շրջանակների վարկերի մարման փոխհատուցումը»։
ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների փոխհատուցման ծրագրում առաջնահերթություններից բացի կան նաև բացառություններ։ Մհեր Մխիթարյանը բացատրում է՝ ովքեր կարող են օգտվել ծրագրից։
«Ծրագրի շահառու հանդիսանում է այն ֆիզիկական անձը, ով 2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն ԱՀ և ՀՀ տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծած հիմնադրամներում, մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ը փաստացի բնակվել է Արցախի Հանրապետությունում, այստեղ ունեցել է հաշվառում կամ աշխատանքի վայր։ Շահառու դառնալու 2-րդ նախապայմանն Արցախի Հանրապետությունում ապրելն է, բացառությամբ տեղահաված և զոհվածների ընտանիքների»։