Նաիրա Խամփերյանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է տեղահանվել։ Երբ, 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնեց Երևան, չէր էլ պատկերացնում, որ էլ երբեք Մեծ Թաղերի իր նորակառույց տուն չի վերադառնալու, չի նստելու իր բակում, իր այգու պտուղները չի քաղելու։ Այժմ վարձով է բնակվում, Ստեփանակերտում։ Արեշ թաղամասի այն տանը, որտեղ բնակվում է հիմա, մի անկյունում արքայանարինջի շարաններն էին չորանում, մյուս մասում կարի պրոֆեսիոնալ մեքենաներ էին դրված։ Կարել սովորել է տարհանվելուց հետո, մասնակցել է դասընթացների, ձեռք բերել հմտություններ, որից հետո աշխատել է «Բարի Կար» արտադրամասում։ Անկյունում դրված արտադրական կարի մեքենան ու մաքրակարի մեքենան, ասում է, Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամն է տրամադրել իրեն։
«Շնորհակալ եմ, Սոֆյա Հովսեփյանի շնորհիվ ստացել եմ արտադրական կարի մեքենա և մաքրակարի մեքենա։ Աշխատում եմ տանը, կարում եմ հիմնականում սպիտակեղեն, սրբիչներ, ուզում եմ նաև հագուստ կարել։ Այդ հարցում ինձ օգնում է նաև Մարինե Ադուլյանը։Այս անգամ նա է կտոր տրամադրել»։
Նաիրան կարում է տանը, իրացնում հիմնականում ծանոթների միջոցով։ Բարի մարդիկ կան՝ համոզվում է ամեն օր։ «Տանտերը, որի հետ ծանոթացել էինք դեռ մինչ պատերազմը, ամեն հարցով աջակցում է, Սոֆյան ու Մարինեն էլ պատրաստակամ են ամեն ինչ անել՝ ընթացքում ծագող հարցերը լուծելու համար»։
«Ինձ շատ օգնում է տանտերս, բժիշկ Միքայելյանը։ Սկզբում նա է ինձ ոգևորել, որ սկսեմ կարել, մարդիկ էլ, երևի իմանալով, որ տեղահանված եմ, պետք է, թե ոչ՝ գնում են»։
Նաիրան մեկն է այն տասնյակ շահառուներից, որոնց կարիքի պահին օժանդակել է Արցախի զարգացման սոցիալական ծրագրերի հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը կազմակերպության ստեղծման նպատակների մասին է պատմում։
«Հիմնադրման օրվանից շահառու խմբերի համար տարբեր ծրագրեր ենք անում, քանի որ մարտահրավերները պատերազմից հետո Արցախում փոխվել են։Ծրագրերի հիմնական նպատակն ընտանիքի հզորացումն է, և ընտանիքի համար ոտքի կանգնելւ հնարավոււթյուն ստեղծելը»։
Կատարում ենք կարիքների գնահատում սոցիալ -հոգեբանական կենտրոնի միջոցով, որը հնարավորություն է տալիս հասկանալու տվյալ ընտանիքի ներուժը։ Այդ հիմքի վրա էլ ստեղծվում են փոքրիկ բիզնեսներ, իսկ հիմնադրամն այդ բիզնեսները զարգացնելու հնարավորություններն է տալիս։
«Եթե որևէ կարողություն չունեն, կամ այնպիսի կարողություններ ունեն, որոնք կիրառելի չեն տվյալ միջավայրում, ապա տալիս ենք հնարավորություն իր նախընտրությունների շրջանաոկում նոր հմտություններ ձեռք բերելու»։
Հիմնական ծրագրերը կազմվում են ընտանիքի անդամների հետաքրքրություններն ու նախասիրությունները հաշվի առնելով։ Մարդկանց ուղեղներից պիտի դուրս բերենք միայն սոցիալական աջակցությունների, նպաստների հաշվին ապրելու մտածողությունը։ Պետք է փոխել միտքը և արժեքային համակարգը՝ ասում է, առաջնորդվելով «տալ ոչ թե ոչ թե ձուկ, այլ ՝ ուռկան» սկզբունքով։
«Այս պահին ունենք մի շարք ծրագրեր, տարբեր ոլորտնեորում, սունկի արտադրությունից մինչև կարի ոլորտ, գյուղատնտեսություն, որևէ կողմից ծրագրերի պրոֆիլի առումով սահմանափակում չկա։Ինչո՞ւ բազմապրոֆիլ։ Որովհետև մեզ համար կարևոր է, որ տվյալ մարդն իր հետաքրքրությունները բավարարի, և աշխատանքը, որը պետք է անի, սիրով անի, մոտիվացված լինի»։
Կարծես թե հաջողվում է, ասում է Սոցիալական ծրագրերի հիմնադրամի պատասխանատուն, հավելելով, որ գույքը տրամադրում են մեկ տարի ժամկետով, այդ ընթացքում այն պատկանում է Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամին։ Ինչո՞ւ, որպեսզի այն նպատակային օգտագործվի։ Ոչ նպատակային օգտագործելու դեպքում վերցնում են և տրամադրում այլ ընտանիքի։ Իսկ շահառուները, որոնք իսկապես ուզում են ծրագրերի միջոցով հիմնադրել իրենց բիզնեսը, մենակ չեն։ Դժվարություններ առաջանալու դեպքում հիմնադրամն աջակցում է հնարավոր բոլոր խողովակներով։ Սոֆյա Հովսեփյանը հիմա Արցախում ավելի շատ է լինում, քան Երևանում, որտեղ բնակվում էր։ Դժվարությունները, որ ծագում են, հաղթահարելի է համարում։
«Ես Արցախը վաղուց եմ ճանաչում։Ինձ համար Արցախում որևէ նորություն չկա։ Ավելին, ավելի լավ եմ ճանաչել, քան այլ արցախցիներ, քանի որ մասնագետի աչքով եմ նայել։ Ի սկզբանե պատրաստված ենք եկել․ այն, ինչում կանխատեսում էինք դժվարություններ, կանխարգելել ենք, նաև ՀՀ-ից մասնագետներ եմ խնդրել ներգրավել։ Իրակաում, երբ գալիս ես կոնկրետ նպատակով, իրականացնում ես այն։ Ես եկել եմ գործելու։ Եվ գնում եմ իմ նպատակի ետևից։ Մենք ստեղծել ենք լավ թիմ, ու աշխատում ենք»։
25 բիզնես արդեն հաջողել է, ևս 10-ն ընթացքի մեջ է։ Ասել է թե՝ 35 ընտանիք արդեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու, գուցե նաև գործառու պահելու հնարավորություն ունի։