Նոյեմբերի 23, 2024

Հարուստ տեղեկատվություն աղքատության ցուցանիշների մասին

By Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 29, 2022

 2021թ. հանրապետության բնակչության 29.6% եղել են աղքատ, որից՝ 8.6%-ը՝ ծայրահեղ աղքատ: Աղքատ չի եղել բնակչության 70.4%-ը։  Ներկայացնելով «Արցախի սոցիալական պատկերը և աղքատությունը 2021 թվականին վիճակագրական վերլուծական զեկույցը» ասում է    Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը . 

«Պետք է նշել, որ 2021թ. աղքատության մակարդակը աճել է՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 8,2 տոկոսային կետով (21.4 տոկոսից մինչև 29,6 տոկոս): 2021թ.-ին աղքատության մակարդակը ամենաբարձրն է հետազոտված բոլոր տարիներից: Աղքատության պարենային գծի արժեքը կամ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2021թ. գնահատվել է 29 818 դրամ (կամ 59.2 ԱՄՆ դոլար): Այս ցուցանիշը հաշվարկվում է մեկ շնչի հաշվով, հիմնվելով մեկ օրվա համար մեկ շնչի համար սահմանված կալորիականության` 2232 կկալ արժեքի վրա»: 

Հետազոտության արդյունքում ձևավորվել է նոր նվազագույն պարենային զամբյուղը, ինչպես նաև վերանայվել են պարենային և ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների տեսակարար կշիռները: Նոր նվազագույն պարենային զամբյուղը ձևավորվել է հաշվի առնելով տարածքային, միգրացիոն, հանրապետական միջին տարեկան գնաճի մակարդակի կտրուկ փոփոխությունները: 

«Աղքատության գծի արժեքը 2021թ.-ի գնահատվել էր մեկ ամսվա համար մեկ չափահաս անձի հաշվով 41 759 դրամ : Վերջին 5 տարիներին Արցախում աղքատության մակարդակը տատանվել է 21.6-29.6% միջակայքում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 4.2-8.6` նվազագույն արժեքը ընդունելով 2020 թվականին: 2021թ.-ին ընդհանուր աղքատության մակարդակը քաղաքային և գյուղական բնակա-վայրերում կազմել է համապատասխանաբար՝ 26.0% և 35.3%: Հատկանշական է, որ եթե բնակչության կենսամակարդակը դիտարկենք քաղաք-գյուղ բաշխվածությամբ, ակնհայտ է դառնում, որ աղքատների մեծ մասը (54,2%) քաղաքաբնակներ են, իսկ ծայրահեղ աղքատներինը (42.9%)` գյուղաբնակներ»: 

Աղքատության մակարդակը հաշվարկված եկամտի ցուցանիշով կազմել է 10.6%, ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 5%, իսկ սպառման ցուցանիշով հաշվարկված աղքատության մակարդակը կազմել է 29.6%, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 8.6%:      Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է, ասում է «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության» ծրագրի ծրագրավորող Իննա Բագիրյանը: Աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է լավ կրթություն ունեցող անձանց համար՝ ասում է: 

«Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (37.3): 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս»:

 Աղքատության մակարդակը նվազել է աշխատաշուկայում տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում:  Աղքատության ռիսկն առավել բարձր է գործազուրկների շրջանում (28.3): Ծայրահեղ աղքատության մակարդակը կենսաթոշակառուների մոտ գյուղական և քաղաքային բնակավայրերում  տարբեր է՝  8.1% և 11.0% ամապատասխանաբար: Գյուղական վայրերում աղքատության մակարդակի կրճատման գործում մեծ դեր է խաղում հողի սեփականությունը:   Հետազոտության այլ ցուցանիշներ  ներկայացնում է ծառայության  առաջատար տնտեսագետ Սեդա Միքայելյանը: 

«Ամբողջական եկամուտների կառուցվածքում վարձու աշխատանքից եկամուտները կազմել են 55.6%-ը, պետական թոշակները և նպաստները կազմել են 26.4%-ը: Ամբողջական եկամուտների կառուցվածքում վարձու աշխատանքից եկամուտները կազմել են 55.6%-, պետական թոշակները և նպաստները կազմել են 26.4%-ը: Ոչ դրամական եկամուտների կառուցվածքում 52.4%-ը կազմել են սեփական տնտեսությունից սննդամթերքի սպառումը»:

 Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններն առանձնահատուկ հնարավորություն են ընձեռում նաև հավաքագրելու տվյալներ` բնակչության կենցաղային պայմանների, կոմունալ ծառայությունների մատչելիության և բնակարանային խնդիրներին առնչվող այլ հարցերի շուրջ՝ ասում է   ծառայության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նուշիկ Ավետիսյանը։  

«Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2021թ.-ին աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատ) են իրենց համարել բնակչության 2.7%-ը: Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2021թ.-ին.միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 81.7%-ը, 11.1%-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է,4.5%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ, ոչ-ոք իրեն հարուստ չի համարել»:

 Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի խոսքով՝ մեծահարուստները սովորաբար հրաժարվում են մասնակցել հետազոտություններին: Այս հետազոտությանը ամեն ամիս ընդգրկվել է 108 տնային տնտեսություն, որից 54-ը` քաղաքային բնակավայրերից, 54 գյուղաբնակ: 

«Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով 2021թ.-ին հետազոտվել է 1296 տնային տնտեսություն, հետազոտությունը ընդգրկել է քաղաքային 5 բնակավայր և 70 գյուղական բնակավայր: Հարցազրուցավարներն այցելել են 1 766 հասցե, իսկ գրանցված հրաժարման միջին հանրապետական մակարդակը կազմել է 7.4%: Հետազոտությանը մասնակցելուց հրաժարման դեպքերի տեսակարար կշիռը, որը հաշվարկվում է որպես հրաժարման դեպքերի հարաբերություն ընդամենը այցելած հասցեների նկատմամբ, զգալիորեն տարբերվում է ըստ տարածաշրջանների: Հրաժարման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կենտրոնական տարածաշրջանում` 8.3%, իսկ ամենացածր մակարդակը 5.0%` Հարավային տարածաշրջանում»:

 Ընդհանուր առմամբ աղքատության սուբյեկտիվ գնահատականն ավելի ցածր է քան օբյեկտիվ գնահատականը: Ըստ հետազոտությունների պարզվել է,որ հարցվածների մեծ մասը կարծում է, որ շատ լավ ապրելու համար   մեկ շնչին ամսական անհրաժեշտ է շուրջ 242 հազար   դրամ, լավ ապրելու համար` 141 հազար, գոյատևելու համար՝ 55 հազար  դրամ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ