Ստեփանակերտ-Երևան նոր երթուղու մասին քննարկումներում բացի քաղաքական ռիսկերից, խոսվում էր նաև առօրյա՝ կենցաղային ու տնտեսական խնդիրների մասին։ Բնակչության մտահոգություններից մեկը ձմեռային սեզոնին ճանապարհի գործարկման ռիսկերն էին։ Այսպես կոչված՝ «նոր ճանապարհի» ռելիեֆը բարդ է, որոշ մասերում՝ ոչ արևկող, ինչը ձմեռային սպասարկման առումով լրացուցիչ ծախսեր ու ջանք է պահանջելու։ Պատկան մարմինները վստահեցնում էին, որ ռիսկերը հաշվարկել են և նոր ճանապարհը լրացուցիչ խնդիրներ քաղաքացիների համար չի ստեղծելու։ Իսկ ձմեռը, ինչպես ասում են, սարերի ետևում չէ։ Եվ մենք պատկան մարմիններից փորձեցինք տեղեկություններ ստանալ ինչպես միջպետական միակ գործող ճանապարհի, այնպես էլ հանրապետական նշանակության երթուղիների սպասարկման ձմեռային նախապատրաստության մասին։ ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանն է պարզաբանում․
«ԱՀ-ն ՀՀ-ին կապող միջպետական ճանապարհը սպասարկվելու է «Վահե Կարապետյան» ՍՊԸ կողմից։ Կազմակերպությունն իրականացնելու է շուրջօրյա հսկողություն, իրականացնելու ձնամաքրման աշխատանքեր»։
Անդրադառնալով ձմեռային շրջանում առաջացող ռիսկերի վերաբերյալ բնակչության մտահոգություններին՝ Մհեր Համբարձումյանն ասում է, որ ռիսկերը նույնն են, ինչ նախորդ երթուղու ժամանակ․ խորհուրդ է տալիս անպայման երթևեկել ձմեռային անվադողերով՝ խնդիրներից խուսափելու համար։ Իսկ պետական մարմիններն ու սպասարկող կազմակերպությունները իրենց լիազորությունների շրջանակում ապահովելու են երթևեկության անվտանգությունը։
«Քանի որ տվյալ ճանապարհը նոր է բոլորիս համար, հանրության շրջանում կասկածներ կային ձմեռային ժամանակահատվածում ճանապարհի վտանգավորության պահով։ Կազմակերպությունն ապահովելու է ճանապարհի պատշաճ սպասարկումը, ինչն էլ իր հերթին՝ անխափան երթևեկությունը։ Իրականցվելու է շուրջօրյա հսկողություն»։
ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի խոսքով, այս հարցում Ներքին գործերի նախարարությունն էլ հետևողական է, և մյուս շահագրգիռ կառույցների հետ համագործակցությամբ նախապատրաստական աշխատանք է տանում։
«ՆԳՆ-ն համագործակցում է Արցախի շահագրգիռ կառույցների հետ, այդ թվում Քաղաքաշինության նախարարության, շրջվարչակազմերի, սպասարկող կազմակերպությունների հետ և տալիս ենք տեղեկատվություն»։
ՆԳՆ-ն ճանապարհների վիճակի մասին, հատկապես ձմռան ամիսներին պարբերաբար տեղեկություններ է տեղադրում կառույցի պաշտոնական կայքէջում։ Հունան Թադևոսյանն ասում է, որ այս օրերին էլ, երբ հանրապետության առանձին հատվածներում և ճանապարհներին սպասվում են տեղումներ ՝ ձյան տեսքով, Ներքին գործերի նախարարությունը ավելի զգոն է աշխատում․
«Վերահսկողությունը ձմռանը միշտ է ուժեղացված, բոլոր ճանապարհահատվածներում։ Ի դեպ, առաջիկա օրերին ձյան տեղումներ են սպասվում, հատկապես լեռնային հատվածներում, և ՃՈ տիրույթում է գտնվում ժամանակին իրազեկումը՝ դժբախտ ելքով դեպքերը կանխելու նկատառումներից ելնելով։ Այդ պատճառով մենք հայտարարություններ եք տարածում ճանապարհներին տիրող իրավիճակի մասին»։
Մհեր Համբարձումյանը իրազեկում է՝ միջշրջանային ու հանրապետական նշանակության ճանապարհներն էլ պետության ուշադրության կենտրոնում են․ Ներհանրապետական ճանապարհների սպասարկումն իրականացնելու է Արցախուղի ընկերությունը։ Համապատասխան մեքենամեխանիզմներն առկա են՝ ասում է զրուցակիցս, աղավազային խառնուրդ՝ նույնպես։