Հադրութցիների մի մասն առայսօր Հայաստանի Հանրապետությունում է, մի մասը վերադարձել է Արցախ։ Նաև հույսով, որ այստեղ ավելի հեշտ կլինի հարմարվել միջավայրին, համախմբվել, պահպանել ինքնատիպությունը, մշակույթը, լեզուն, ավանդույթները։ Պետական ծրագրերով նրանց որոշ աջակցություն է տրվում, փորձում են լուծել նաև բնակարանային խնդիրը։ Արցախի շրջափակումը նաև այդ հարցերի լուծմանն է խոչընդոտել։ Հադրութի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը մանրամասներ է հաղորդում․
«109 բնակարան պիտի բաժանվեր մեծթաղերցիներին, ճանապարհը փակվելուց խնդիրներ են առաջացել, այդ բնակարանները կահավորելու, գազամատակարարում, ջուր անցկացնելու խնդիր կա։ Բայց եթե նույնիսկ այդպես բաժանեինք, մի մասը, որ էլի ճանապարհը փակ լինելու պատճառով Հայաստանում են մնացել, չէին կարողանա մասնակցել բաշխմանը»։
Հադրութի շրջանից տեղահանված Արցախի քաղաքացիների համար պետական միջոցներով բնակարաններ են կառուցվում հանրապետության տարբեր վայրերում։ Բնակարանային խնդրի պատճառով Արցախ չվերադարձած հադրութցիների թիվը մեծ է, բայց վարչակազմի ղեկավարը վիճակագրություն ներկայացնել չի կարողանում․ ասում է, որ որոշ գործեր դեռ ուսումնասիրման փուլում են։ Այս պահին, շրջափակմամբ պայմանավորված, մասայական շինարարությունն էլ կանգնեցված է։
«Պարզ պատճառներով հիմա շինարարությունը կանգնեցված է։ Կա շինանյութերի պակաս, բայց, ճանապարհը բացվելուց հետո, երևի կվերսկսեն»։
Հադրութցիները շատ խնդիրների են բախվում, խնդիրներ, որոնց պատասխանը միշտ չի հնարավոր լինում ստանալ, վարչակազմի ղեկավարն էլ փորձում է ըմբռնումով մոտենալ․
«Խնդիրները շատ են, բայց ըմբռնումով ենք մոտենում։ Կան դեպքեր, հարցեր, որ չես կարող նեղանալ ոչ մեկից»։
2020 թվականից հետո, երկու տարվա մեջ, պետությունը փորձել է թեթևացնել մեր հոգսերը, քիչ աշխատանք չի տարվել՝ ասում է, բայց պատերազմը շարունակվում է այլ դրսևորմամբ, և Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ ստեղծել։ Հիմա, այս իրավիճակում, փորձում են ինչպես մյուս քաղաքացիների, այնպես էլ տեղահանվածների ընթացիկ խնդիրները լուծել։ Տարբեր շրջաններում տեղավորված հադրութցիներին Ստեփանակերտի քաղաքապետարանն ու համայնքապետարանները կամ շրջվարչակազմերն են աջակցում․
«Ներկա պահին, եթե Ստեփանակերտում են բնակվում հադրութցիները, Ստեփանակերտի քաղաքապետարանն է զբաղվում նրանց խնդիրներով, եթե շրջաններում ՝ վարչակազմերը։ Տրամադրում են վառարաններ, վառելափայտ, օգտվում են կտրոններից՝ ինչպես բոլորը»։
Կորցրած գույքի համար փոխհատուցումները, սահմանված ժամկետում նախատեսված չափով Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի խոսքով, հադրութցիները պիտի որ ստացած լինեն։ Ընթացիկ տարում էլ այդ ծրագրով նախատեսված գումարներ առկա են։
«Փոխհատուցումների մասով․ վերջին որոշման համաձայն պետք է փոխհատուցումները, չափից ելնելով, տրամադրեն մաս-մաս,փուլերով, որպեսզի մի բնակիչը 2-3 տարի չսպասի ու նոր գումարը ստանա։ Օրինակ, 5 մլն դրամ փոխհատուցման իրավունք ունեցողը 2,5 մլնը ստանում է մի անգամ, 2,5-ը՝ հաջորդ անգամ»։
Բնակարանային հարցը տեղահանվածների համար ամենահրատապն է, Արթուր Բաղդասրյանն ասում է, որ ավելի քան 100 ընտանիք արդեն ապահովվել է բնակարանով։ Դրանք զոհվածների, առաջին կարգի հաշմանդաների ու բազմազավակ ընտանիքներ են։