Կառավարության որոշմամբ` շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմանն ուղղված միջոցառումներն արդեն ուժի մեջ են մտել։ Այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը. hազարավոր մարդիկ զրկվել են օրվա միակ եկամուտից: Արցախի կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Նախօրեին, խոսելով մշակվող ծրարգերի մասին, պետնախարարն ասել էր, որ այդ ծրագրերի միջոցով փորձելու են հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին: Նախատեսվում է իրականացնել երեք ծրագիր, որոնցից մեկը, երկու միջոցառմամբ, շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելուն են ուղղված, իսկ երկուսը՝ սոցիալական ուղղվածության են: Տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանի պարզաբանմամբ՝ տնտեսական ծրագիրը վերաբերում է շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում է աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարումն ապահովելու հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել՝ ասում է Արմինե Մուսայելյանը:
«Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է 2 միջոցառում, որոնք այս փուլում ուղղված են մասնավոր հատվածի գործատուների մոտ աշխատատեղերի պահպանմանն ու աշխատավարձերի ու այլ եկամուտների վճարմանը։ Մասնավորապես, նախատեսվում է դրամաշնորհ տրամադրել բոլոր այն գործատուներին, որոնք դեկտեմբերի 12-ի դրությամբ գործունեություն են իրականացրել տնտեսության տուժած ոլորտներում»։
Անհրաժեշտ պայման է, որ 2022 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ նույն թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսներին տնտեսվարողները կրճատումներ կատարած չլինեն կամ առավելագույն շեղումը կազմի 7,5 տոկոս։
«Չի ներառվում դեկտեմբերի 12-ից հետո օտարերկրյա և ՀՀ քաղաքացիների՝ աշխատանքից ազատված թվաքանակը։ Հաջորդ պայմանը՝ պետք է 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսներին ապահովված լինի 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձերի առնվազը 2/3-ը»։
Եթե տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը համապատասխանում է այս պայմաններին, ապա նրան տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 հազար դրամի չափով դրամաշնորհ, ընդ որում՝ այդ գումարին ավելացվում են դրա մեծությունից պահվող հարկերն ու սոցիալական վճարները, իսկ եթե 2023 թվականի հունվար ամսվա աշխատավարձը ավելի ցածր է, ապա տրամադրվելու է փաստացի մեծության չափով։ Համեմատվում են նաև 2023 թվականի հունվար և 2022 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձերը, և եթե 2023 հունվարի աշխատավարձը մեծ է 2022 թվականի նոյեմբերի աշխատավարձից, տրամադրվելու է 2022 թվականի նոյեմբերի աշխատավարձի չափով՝ ասում է Արմինե Մուսայելյանը. գործատուի կողմից արհեստական բարձրացումը վերահսկելու մեխանիզմ է։
«Դրամաշնորհ ստանալու նպատակով տուժած ոլորտների տնտեսվարողները մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը հարկային մարմնի պաշտոնական կայքէջի միջոցով մուտք են գործում «դիմել աջակցություն ստանալու» համար ենթաբաժին՝ լրացնելու դիմումը, որից հետո, եթե սխալներ չկան, ծանուցվում է այն հաջողությամբ լրացված լինելու մասին։ 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ստուգում է դիմումի արժանահավատությունը, կատարում հաշվարկ և ներկայացնում լիազոր մարմնին՝ տնտեսվարողի բանկային հաշվին փոխանցելու համար»։
Փոխանցումները կատարվելու են անկանխիկ եղանակով։ Ընտրվել են այս փուլում առավելապես տուժած տնտեսության 41 ոլորտներ։ Երկրորդ միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել անհատ ձեռնարկատերերին ու արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց, եթե նրանք 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ գործունեություն են իրականացրել տուժած ոլորտներում։
«Այս դեպքում անհատ ձեռնարկատերերի աջակցության գումարը կազմում է 136 հազ․ դրամ, իսկ արտոնագրային վճար վճարողներին՝ 68 հազ․ դրամ։ Պարտադիր պայման է նաև, որ անհատ ձեռնարկատերը չհանդիսանա այլ գործատուի մոտ գրանցված վարձու աշխատող՝ 2023 թվականի փետրվարին նախորդող առնվազն 15 օրերին»:
Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է շրջափակման առաջին օրից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող անձանց՝ պարզաբանում է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։
«Նպատակը ԱՀ շրջափակման հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարություններով պայմանավորված, աշխատանքից ազատված, ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց սոցիալական խնդիրների մեղմացումն՝ դրամական աջակցության ձևով։ Ֆինանսական աջակցության չափը կլինի մինչև 68 հազ․ դրամ՝ եթե աշխատավարձը 68 հազ․ և դրանից բարձր է, իսկ եթե ցածր է 68 հազ․ դրամից, կստանա իր աշխատավարձի չափով։»
Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։
«Միջոցառման նպատակը միանվագ դրամական աջակցության տրամադրումն է շրջափակման արդյունքում սոցիալական դժվարությունների մեջ հայտնված ու մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Շահառու է հանդիսանում ԱՀ-ում բնակվող մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը։ Եթե անչափահաս երեխայի 2 ծնողները չեն աշխատում կամ ազատվել են աշխատանքից, նրանք յուրաքանչյուր երեխայի համար կստանան 40 հազ․ դրամ, եթե մեկ ծնողն է աշխատում, յուրաքանչյուր երեխայի համար՝ 20 հազ․ դրամ, իսկ եթե երեխայի միակ ծնողը չի աշխատում ՝ 40 հազ․ դրամ։»
Շրջափակման տնտեսական ու սոցիալական հետևանքների մեղմանն ուղղված կառավարության աջակցության ծրագիրը հաստատված է և ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։