Թուրքիայում վերջին կործանիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1939թ. Ներքին Տավրոսում, զոհվել էր 32 000 մարդ։ Թուրքայում այս օրերին տեղի ունեցած երկրաշարժն ավելի ավերիչ և ուժգին է համարվում. փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած 1-ին երկրաշարժը 7,8 մագնիտուդ հզորությամբ էր, երկրորդը՝ 7,5։ Սեյսմոլոգիայում գոյություն ունի «զույգ» երկրաշարժեր հասկացությունը. երբ ցնցումներն ունենում են գրեթե նույն հզորությունը, դրանք անմիջապես հաջորդում կամ քիչ ժամանակ հետո են տեղի ունենում։ Սա բավական հազվադեպ երևույթ է՝ ասում է սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։ Տարիներ առաջ նման երևույթ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում։ Թուրքայում Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժը Հայաստանից ու Արցախից հեռու է գտնվում։ Հայաստանի սեյսմիկ վտանգները պայմանավորված են երկրաբանական գործընթացներով, որոնք կտրուկ փոփոխություններ են կրում:
«Երկրաշարժերի օջախները հարում են արևելաանատոլական ակտիվ խզվածքի գոտուն, որը խոշոր խզվածք լինելով անմիջական կապ չունի մեր ՝ ՀՀ տարածքի հետ»։
Հայաստանին ու Արցախին, սեյսմոլոգների համոզմամբ, վտանգ չի սպառնում։ Վտանգի գոտում են, սակայն, Թուրքիայում և Սիրայում ապրող մեր հայրենակիցները։ «Արցախ» լրատվականը կարողացել է կապվել Թուրքիայի Բակուվ գյուղի թաղային խորհրդի անդամ Միսակ Հերգելյանի հետ։ Տեղի հայ համայնքը հավաքվել է գյուղի կենտրոնում գտնվող սրճարանի մոտ՝ բացօթյա վրանում։ Միասնաբար են հաղթահարում աղետալի իրավիճակը։
«Գյուղում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք, տներ են վնասվել։ Քաղաքի կենտրոնում շատ մեծ վտանգ կա։ Դժբախտաբար, Իսկենդերունի հայկական համայնքում 3 հոգի է զոհվել, եթե չեմ սխալվում։ Անտակիայի հայկական համայնքում 2 հոգի, ենթադրաբար, մահացել են. փլատակներից չեն գտել դեռ»։
Բակուվ գյուղի հայ համայնքը որևէ խնդիր չունի այս պահին՝ ասում է Միսակ Հերգելյանը։
«Գյուղում որևէ բանի կարիք չունենք, քանի որ դրսից, մանավանդ, պատրիարքարանից օգնություն է գալիս մեզ համար»։
Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտում գտնվող Հայկական լեռնաշխարհում երկրաշարժեր ու ցնցումներ հաճախ են լինում։ Երկրաշարժերից բազմաթիվ անգամներ ավերվել է Անին, Գառնիի տաճարը, կործանվել է Դվինը։ Անցած դարավերջին էլ կործանիչ երկրաշարժ է տեղի ունեցել Սպիտակում։ Վերջին օրերին աշխարհը ցնցված է Հայկական լեռնաշխարհի տարածքում տեղի ունեցող հերթական երկրաշարժերից։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցող ցնցումները արաբական ու անատոլիական սալերի բախման պատճառով են տեղի ունեցել՝ Դիարբեքիրից մինչև Վան, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մասնագիտությամբ գեոֆիզիկ-սեյսմոլոգ, քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը։ Սեյսմոլոգը բացատրում է նաև շարունակվող հետցնցումները։
«Եթե քարտեզին նայեք՝ Արաբական սալը շարժվում է դեպի հյուսիս, մխրճվում է Անատոլիականի մեջ, որն էլ դեպի արևելք է սահում։ Երկու սալերի բախման գիծը, որ մեծ տեկտոնական խզում է, այդ բախումից ճմլվում ու փշրվում է։ Սեյսմոլոգիական պատկերից նախնական թվում է, որ Սիրիա-Թուրքիա սահմանին այդ երկու խոշոր բլոկներն իրար բախվել են ու տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո նոր «վթարային» դիրքում դիրքավորվել, խզվածքով դեպի արաբական սալի գագաթը՝ նախկին հավասարակշռությունը խախտվել է, ու հիմա այնտեղ «անհարթ մասերը» հղկվում են՝ նոր դիրքի գալու համար»։
Երկրաշարժի հետևանքները մեղմացնելու համար Թուրքիային ու Սիրիային օգնության ձեռք են մեկնել մի շարք պետություններ։ ՆԱՏՕ ու ԵՄ հետ մեկտեղ, ավելի քան 45 երկիր պատրաստակամություն են հայտնել օգնելու։ Ամեն վայրկյան համացանցում են հայտնվում տեսանյութեր և նկարներ Թուրքիայի աղետալի երկրաշարժից։ Փետրվարի 7-ի ժամը 16:00-ի տվյալներով՝ Թուրքիայում աղետի գոտում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, Սիրիայում՝ 1600-ը։ Հազարավոր մարդիկ են վիրավորվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ: Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Ադելհեիդ Մարշանգն իր հերթին հայտնել է, որ կազմակերպության գնահատականներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի: Երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։