Նոյեմբերի 22, 2024

Նոր ջերմոցներ Ճանկաթաղում

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 13, 2021
Նոր ջերմոցներ Ճանկաթաղում ԳԱԼԱ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ծրագիր է  իրականացնում: Կառուցվում են ջերմոցային տնտեսություններ, որոնք պետք է մասամբ  լրացնեն  կորցրած տարածքների բացը։  Ծրագրի որոշ  շահառուներ նոր են սկսել զբաղվել ջերմոցային տնտեսություններով: Որոշներն էլ հնարավորություն ստացան ընդլայնել արդեն ունեցած ջերմոցները: ԿԽՄԿ ԼՂ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն է մանրամասնում։ 

«Ծրագիրը նախատեսված է այն բնակիչների համար, որոնք ոռոգելի տարածք են կորցել։ Ճիշտ է, չենք կարող փոխհատուցել 25 ք․կմ տարածք կորցրած բնակչին։ Սա այլընտրանքային մի ձև է, որը հնարավորություն է տալիս տան բակում աշխատել ու  եկամուտ ստանալ»։ 

Արդեն մեկ ամիս է, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում ավանդական ջերմոցների կողքին ավելացել են արտասահմանից ներկրված ջերմոցներ։ Այն ունի 30 քառակուսի մետր մակերես, հագեցած է  ոռոգման կաթիլային  համակարգով՝ պատմում է Ճանկաթաղի գյուղապետ Սասուն Վանյանը։ Ծրագիրը միայն տեղահանված ընտանիքների համար չէ: 

«Գյուղում 107 ընտանիք կա, որից 26-ն օգտվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջարկած այս ծրագրից։  Նրանցից շատերն արդեն սերմը հողին  պահ են տվել»։  

Ճանկաթաղում ջրի խնդիր կա. օրական 2 ժամով են ջուր տալիս: Այնպես որ, առանց կաթիլային համակարգի հնարավոր չէր լինի հող մշակել: Սիլվա Ղարիբյանի ընտանիքը Նոր Մարաղայում ավանդական ջերմոցներ ուներ, բայց այս մեկը տարբերվում է․

«Ես շատ եմ սիրում հողագործությամբ զբաղվել, Նոր Մարաղայում էլ ունեինք ջերմոց, որն իմ հիմնական զբաղմունքն էր: Ջերմոցում դեռ մեր ձեռքի տակ եղած սերմերն ենք ցանել՝ կանաչի, սոխ, սպանախ:  Կարմիր Խաչի տրամադրած  սերմերը՝ լոլիկը, վարունգը, կաղամբն ու բիբարը, դեռ չենք ցանել»։ 

Ճանկաթաղցիները  միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցության այս ծրագրից են օգտվում: Համայնքապետի խոսքով՝ գյուղատնտեսական նոր ծրագրեր լինելու դեպքում բնակիչներն ակտիվ կմասնակցեն։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 16 Դեկտեմբերի 2021 09:21
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ