Նոյեմբերի 23, 2024

Ամանորյա նվերներ ապրիլի կեսին

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 11, 2023

Ապրիլի կեսին ամանորյա նվերներ ստանալուց զգացողությունները գրեթե նույնն են, ինչ առանց մանդարինի նոր տարի դիմավորելը։ Երկուսն էլ անհավանական են թվում, բայց հենց դա է շրջափակված Արցախի իրականությունը։ 7-ամյա Էմման բացում է նվերի փաթեթն ու թվարկում նվերները, որոնց սպասել է ուղիղ երեք ու կես  ամիս․ հեքիաթների գիրք, զարգացնող խաղ, գրենական պիտույքներ, ներկելու համար տետր և, իհարկե,  շոկոլադ։  Քրիստինա Մարտիրոսյանի՝ Էմմայի մայրիկի խոսքով՝ բոլոր նվերները մի կողմ էին, երեխան սպասում էր հենց դպրոցի նվերին։ 

«Իրենց իսկապես սպասված նվերը եկել է, երեխաները շատ ուրախ են։ Ամանորին մենք մեր նվերը տվել ենք, բայց Էմման սպասում էր դպրոցի նվերին, Ձմեռ պապիկին նամակներ էր գրում»։  

Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում նվերներ են ստացել  1 -ին և 2-րդ դասարանների 249 աշակերտ և նախադպրոցական խմբերի 139 սան։ Նման նախաձեռնությունները նպատակ ունեն  երեխաների մոտ ավելացնելու դրականը՝ ասում է դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը՝ կարևորելով  հատկապես շրջափակման պայմաններում այսպիսի ակցիաների իրականացումը։

 «Նման մոտեցումները շատ կարևոր են, դրանք և՛ խթանող են, և՛ հուսադրող են, և՛ հավատ կներշնչեն թե՛ մանկավարժական կոլեկտիվին, թե՛ ծնողների, թե՛ երեխաներին»։

 «Նվերներ՝ Արցախի երեխաներին» ակցիան ոգևորել և ուրախացրել է ոչ միայն երեխաներին ու նրանց ծնողներին, այլ նաև նվիրատուներին՝ ասում է «Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալության ներկայացուցիչ Նարինե Աղաբալյանը։ Նրա  խոսքով՝ տեսնելով մարդկանց վերաբերմունքն ու ոգևորությունը, նաև այն, որ Արցախում մարդիկ չեն հուսալքվում, նվիրատուները որոշել են շարունակել օգնել Արցախին ու արցախցիներին։ 

«Այս ամենը գոտեպնդող է, ոգեշնչող է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորինս շատ նման նախաձեռնություններ իրականացնենք, որպեսզի ցույց տանք, որ Արցախը ապրում է, չի հուսալքվում և բոլորին կոչ է անում միավորել իրենց ջանքերը և օգնել Արցախին դուրս գալ այս իրավիճակից»։

 Ակցիայի շրջանակներում ընդհանուր առմամբ կբաժանվի  12 000 նվեր։ Նվերների հասցեատերերը  2 տարեկանից մեծ  երեխաներն են։ Տարիքային վերին շեմը դեռևս  պարզ չէ,   որովհետև երեխաների ստույգ տվյալներ հայտնի չեն՝ ասում է Նարինե Աղաբալյանը։ Կան 100-ավոր նախադպրոցական տարիքի երեխաներ, որոնք չեն հաճախում մանկապարտեզ։ Սա է  ստեղծված անորոշության  պատճառը։  

«Բոլորի համար մենք պատրաստել ենք հրավիրատոմսեր։ Քաղաքապետարանը բաժանում է այդ հրավիրատոմսերը այն երեխաներին, որոնք  չեն հաճախում մանկապարտեզ։ Երեխաներն այդ հրավիրատոմսերով կստանան իրենց նվերները»։

 Նման ակցիա   իրականացվել էր նաև 2020թ․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո․ Ռուբեն Վարդանյանի դուստրը՝ Մարգարիտան, իր ընկերուհու հետ նախաձեռնել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 6000 արցախցի փոքրիկներ ամանորյա նվերներ են ստացել։ Նարինե Աղաբալյանի խոսքով՝ այդ ակցիան հետպատերազմյա իրավիճակում շատ կարևոր հոգեբանական նշանակություն ունեցավ։ Այս անգամ էլ  «Նվերներ՝ Արցախի երեխաներին» ծրագիրն է  դրական հույզեր պարգևել փոքրիկներին։ Իսկ   երկարաձգված սպասումն էլ ավելի ցանկալի է դրաձրել  նվերը։ 

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 11 Ապրիլի 2023 16:42
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ