Ծրագիրը նոր չէ, այն գործում է արդեն երեք տարի։ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը պարզաբանում է, որ յուրաքանչյուր տարի այն նորից ներկայացվում է կառավարության հաստատմանը՝ բյուջեով նախատեսված գումարի սահմաններում։ Այս անգամ որոշումը հաստատվել է ծրագրային որոշ փոփոխություններով։
«Վերանորոգման, վերակառուցման շեմերն էլ են բարձրացվել, մինչև այս տարի պետության կողմից սուբսիդավորվում էր ծրագրի 50 տոկոսը, իսկ քանի որ շինարարությունը կիրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից, պարզ է, որ ինքարժեքի աճ է լինելու, որոշվել է, որ 60 տոկոս սուբսիդավորվի պետության կողմից, 40 տոկոսը ֆերմերի»։
Ինչո՞ւ՝ որովհետև այս տարիների ընթացքում քիչ չեն եղել դեպքերը, երբ նախագծային որոշակի շեղումներով է իրականացվել աշխատանքը՝ պարզաբանում է գյուղնախարարի տեղակալը։ Սուբսիդավորման մեծացումը գուցե որոշակի բեռ է պետության վրա, քանի որ կմեծանա ծրագրի ինքնարժեքը, բայց դա հիմնավորվում է նրանով, որ այդպես կարողանում են որակի վերահսկողություն իրականացնել։
«Ինքարժեքը թող 20 տոկոսով բարձր լինի, բայց վստահ լինենք, որ որակը ապահովվելու է։ Ինչո՞ւ՝ քանի որ դա մեկ օրվա համար չի կառուցվում, այլ երկար ժամանակ օգտագործվելու համար»։
Ըստ որոշման, սահմանված սուբսիդավորմանը հավակնող շահառուների կողմից ներկայացված ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 40 000 000 դրամը՝ սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման դեպքում, 20 000 000 դրամը՝ վերակառուցման դեպքում, 15 000 000 դրամը՝ վերանորոգման դեպքում։ Փոփոխությունները նաև միտված են ծրագրի նպատակայնությունը վերահսկելուն՝ ասում է նախարարի տեղակալը։ Խախտումների և կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում՝ հայտատուն օրենքով սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության՝ զգուշացնում է։
«Այն հայտատուները, որ օգտվել են ծրագրից, եթե 7 տարվա մեջ նպատակային չեն օգտագործում այդ շենքը, չեն զբաղվում անասնապահությամբ, ապա այդ չկատարված ժամանկահատվածին համապատասխան սուբսիդավորման գումարները ենթակա են վերադարձման պետբյուջե»։
Փոփոխությունները, որ կատարվել են այս ծրագրում, ինքնանպատակ չեն, հաշվի է առնվել անցած տարիների փորձը՝ ասում է մեր զրուցակիցը, գուցե ֆերմերների համար այն որոշակի դժվարություններ հարուցի այն իմաստով, որ չեն կարող սուբսիդավորմանը հավակնել նրանք, ովքեր նախնական կապիտալ չունեն, քանի որ սուբսիդավորումը կատարվելու է աշխատանքները ավարտելուց և գերատեսչության կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո, բայց դա համարում է ծրագրի արդյունավետությունն ապահովելու հիմնական երաշխիքը։