Օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում: Քաղաքապետարանի և «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Խնդրի առաջացման հիմնական պատճառը` Ստեփանակերտը խմելու ջրով սնուցող գետերի պաշարների սակավացումն է, պայմանավորված` օդի չորությամբ և բարձր ջերմաստիճանով:
Ջրաբաշխ ցանցի 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վաչագան Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
Պատճառած անհարմարությունները փոքր ի շատե մեղմելու նպատակով` ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր:
Քաղաքապետարանը` տարածած հաղորդագրության մեջ նաև հիշեցնում է, որ առաջիկա օրերին ևս սպասվում է չոր և շոգ եղանակ, և բնակիչներին հորդորում`խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել խմելու ջրով: