Արցախի հանրային ռադիոն այս տարի առաջին անգամ հանձն է առել բարի ու պատվաբեր մի գործ՝ զոհված զինծառայողների երեխաներին պարգևել փոքրիկ տոն՝ ամանորյա հեքիաթ։ Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանն ասում է՝ գաղափարն առաջին հերթին քննարկվեց ռադիոյի անձնակազմի հետ: Անկեղծանում է՝ սա այն եզակի դեպքերից էր, երբ ամբողջ թիմը միաձայն կողմ էր քննարկվող նյութին: Կար մի կարևոր խնդիր ևս: Պետք էր որոշել, թե ի՞նչ սկզբունքով պետք է ընտրել երեխաներին: Սկզբում դիտարկվում էր մասնակիցներին մրցութային կարգով ընտրելու տարբերակը:
«Աշխատակիցները շատ ճիշտ միտք արտահայտեցին, որը ես միանշանակ ընդունեցի: Այն է՝ եխաների միջև մրցույթ կազամկերպելը բարոյապես ճիշտ չէ, հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Որոշեցինք ուղղակի սահմանել մի քանի օր, որի ընթացքում երեխաները շարադրություններ կգրեն մեզ՝ պատմելով իրենց երազանքների մասին։ Ով կհասցնի սահմանված օրերին գրել մեզ, նրան էլ նվեր կանենք: Պարտադիր էր, որ երեխաները գրեին նաև, թե ինչ են ցանկանում նվեր ստանալ»։
Տաթև Խաչատրյանն ասում է, առաջին օրերին 4-5 նամակ են ստացել ընդամենը: Չեն շտապել հուսահատվել: Դիմել են Ֆեյսբուքի արցախյան ամենահայտնի խմբերից՝ Մայրիկների ակումբի համակարգողին, որպեսզի վերջինս տարածի նախաձեռնության մասին լուրը: Համագործակցությունը տվեց իր պտուղները: Արձագանքողների թիվը պարբերաբար մեծանում էր:
«Իրենց մոդերատորին գրեցի, ասացի մեր նախաձեռնության մասին։ Նամակներն ավելացան: Որոշեցինք երեխաների համար տրամադրություն ստեղծել, կտրել առօրյայից, գուցե, օգնել հավատալ հրաշքի»:
Շարադրություններին ու նամակներին ծանոթացել է հենց ռադիոյի տնօրենը: Ի՞նչով էին նման և ինչո՞վ տարբեր երեխաների նամակները, երազանքներն ու սպասելիքները:
«Բոլորն անխտիր խնդրում էին խաղաղություն, տղաները խնդրում էին՝ զենք, տանկ: Մի երեխա գրել էր, որ ցանկանում է հոր մեքենայի փոքր մոդելը: Ցավոք, չկարողացանք այստեղ գտնել այն: Խոստացել ենք, որ անպայման կգտնենք: Մեր երևանյան ընկերներին էլ խնդրեցինք, որ այնտեղ ևս փնտրեն: Հենց գտնենք՝ կնվիրենք անպայման»:
Նամակների մեջ երեխաների ծնողները նաև իրենց բնակության հասցեն էին նշել, ասում է Տաթև Խաչատրյանը: Մտածում էին, որ նվերները իրենց տներ պետք է ուղարկվեն, բայց նրանց հաճելիորեն զարմացնել էր պետք: Վերջիններիս ավելի մեծ անակնկալ էր սպասվում:
«Մենք ուզում էինք ոչ միայն նվերներ փոխանցել նրանց, այլև ամանորյա տրամադրություն ստեղծել: Հանրային ռադիոյում զարդարեցինք մեծ տոնածառ, բոլոր նվերները դրեցինք տոնածառի տակ: Ուզում էինք, որ երեխաները հավատան հրաշքի: Դրա համար պարտադիր պայման էր, որ նվերները հանձնենք ոչ թե մենք, այլ՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ խաղի բոլոր կանոնների համաձայն: Հեքիաթը պետք է ամբողջական լիներ»:
Եվ ահա, եկավ սպասված օրը: Արցախի հանրային ռադիոն տոնական հանդերձանքով գրկաբաց ընդունում է հյուրերին: Փոքրիների աչքերի փայլից երևում է, որ անակնալը հաջողվեց: 7-ամյա Արմանը պատմում է նամակի, նվերի ու ամանորյա հեքիաթի մասին։
<<Ինձ համար ուզել եմ հեռակառավարվող խաղալիք ավտոմեքենա, իսկ իմ եղբոր համար գրել եմ, որ Ձմեռ պապիկը փոքրիկ տնակ բերի>>:
Երգ, ասմունք, հյուրասիրություն. օրվա ամենավառ պահերն են, որոնք դեռ երկար են հիշվելու: Ծնողներից Նատալյա Պողոսյանը երեխաների համար կազմակերպվող նման միջոցառումները կարևոր է համարում: Ցանկությունն է, որ երեխաների հավատը հրաշքների հանդեպ վարակիչ լինի նաև մեծահասկաների համար:
<<Երեխաներին նման միջոցառումները պետք են, այո, որովհետև ամեն օր վախի մթնոլորտում ապրելը ծանր է: Այդ միջավայրում տիրող տրամադրությունը առաջին հերթին իրենց վրա է անդրադառնում>>:
Յուրին 9 տարեկան է: Ապագա բժիշկ է: Միջոցառմանը մասնակցում է երկվորյակ եղբոր հետ: Ձմեռ պապից ստացած նվերներից գոհ է՝ ասում է: Ցանկությունն է, որ իր ապագա մասնագիտությամբ օգտակար լինի արցախցիներին:
<<Որ մեծանամ ուզում եմ Արցախում ապրել, աշխատել՝ որպես բժիշկ>>:
Ասում են՝ Ամանորը գերբնական ուժ ունի: Միգուցե: Համենայն դեպս, դրան հավատում է մարդկության ամենալուսավոր մասը՝ երեխաները։ Հանրային ռադիոյի ամանորյա հեքիաթն էլ այդ երազանքների իրականացմանն ուղղված մի փոքրիկ քայլ էր, որ տոն պարգևեց ոչ միայն երեխաներին, այլև հենց մեզ՝ ռադիոյի անձնակազմին։