Խոր թիկունքում գտնվող Կարմիր Շուկան, որ հիմա սահմանային է դարձել, թշնամու նշանառության տակ է օրվա բոլոր ժամերին: Տեղացիներն իրենց առօրյան նկարագրելիս ռազմական եզրույթ են օգտագործում՝ իրադրությունը կայուն, լարված է։ Թշնամու սադրանքներին հարմարվել են արդեն: Առաջին հայացքից կյանքը հոսում է բնականոն հունով: Համայնքի փողոցներում քայլելիս Ամանորի մասին հուշող ոչնիչ չենք հանդիպում, փոխարենը՝ հանդիպում ենք սևազգեստ մի տատիկի, ձեռքից պինդ բռնած ամաչկոտ փոքրիկի հետ: Նորա Գրիգորյանն է: Զրուցում ենք անցած-գնացածի, եկող-գնացողի, իրենց լավ ու վատի մասին։
<<Ամեն պատերազմում զոհ տվողը ինչպես պետք է լինի: Թուրքն այնտեղ, վախենում ենք անգամ երեխային թույլատրել, որ բակում խաղա>>:
Նորա Գրիգորյանից 44-օրյան թոռանն է խլել: Վիշտը խորն է։ Ապագան անորոշ։ Հայրենի օջախում ապրելու որոշումն անսասան:
<<Երկար ժամանակ է, չկան կրակոցներ: Պատերազմից հետո հաճախ էինք լսում, իսկ հիմա ոչ այդքան >>:
Զրույցի ընթացքում փոքրիկ մանչուկը հետաքրքրասեր աչուկներով նայում էր մերթ մեզ, մերթ տատիկին: Ծանոթանալու հարմար առիթ է: Պարզվեց, փոքրիկի անունը Կամիլա է:
<<-Այստե՞ս ես ապրում: - Այո: - Ինչպե՞ս է անցնում քո օրը Կարմիր Շուկայում: - Տանը>>:
Չնայած Կարմիր Շուկայում տոնական տրամադրություն չի նկատվում, այնուամենայնիվ երեխաները նվերների սպասում են: Փոքրիկ Կամիլան էլ Ձմեռ պապին նամակ է գրել։ Պատասխանի է սպասում:
«Ի՞նչ ես ուզում, որ Ձմեռ պապը քեզ համար բերի: - Արջուկ:»
Շարունակում ենք շրջել Կարմիր շուկայով՝ փնտրելով տոնական տրամադրություն: Այն գտանք գյուղի ամենագեղեցիկ շինության մեջ՝ Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցում մեզ դիմավորեց շքեղ զարդարված տոնածառը: Ամանորի շունչն այստեղ ներկա է: Դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհին՝ Օֆելյա Գասպարյանը նախ պատից կախված ուսման գերազանցիկների ցուցատախտակն է ցույց տալիս, խոսում երեխաների տրամադրություններից:
<<Երեխաները լավ են տրամադրված: Հաղթական: Սկզբից դժվար էր, հիմա արդեն հունի մեջ ենք մտնում: Ճիշտ է կրակոցներ լսվում են, բայց կյանքը հունի մեջ է մտել >>:
Չնայած անվտանգային մթնոլորտն այստեղ լիարժեք ապահովված չէ, հրադադարից մի քանի օր անց գյուղի կարոտը շատերին ստիպեց տունդարձի ճամփան բռնել:
<<Կարմիր Շուկայում անվտանգություն չկա, բայց մենք հույս ունենք, որ կլինի: Սա մեր հայրենիքն է, մենք գնալու ուրիշ տեղ չունենք >>:
Կամիր Շուկայի միջնակարգ դպրոցն ունի 221 աշակերտ: Թիվը պատերազմից հետո նվազել է․ տասնյակ ընտանիքներ հեռացել են գյուղից: Հասմիկ Ղարաբեկյանը 11-րդ դասարան է փոխադրվել: Մի տարուց կարևոր ընտրության առաջ կկանգնի, մասնագիտություն պետք է ընտրի: Վստահեցնում է՝ Կարմիր Շուկայից հեռանալը ժամանակավոր է լինելու:
<<Ապագան տեսնում եմ իմ հարազատ գյուղում՝ Կարմիր շուկայում: Ես ուզում եմ այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ապագայում դրա միջոցով կարողանամ օգտակար լինել մեր գյուղին ու հայրենիքին>>:
Պատերազմից հետո Կարմիր Շուկան նաև նոր ընտանիքներ է ընդունել: Նրանք հիմնականում՝ Շեխերից, Ջիվանիից, Թաղավարդից, Ավետարանոցից ու Ազոխից են: Որոշեցինք նաև նրանց այցելել։ Մեզ դիմավորում է տան տիկինը՝ Արշալույս Սարդարյանը: Զրուցում ենք սուրճի սեղանի շուրջ: Պարզվում է՝ Սարդարյանների ընտանիքը օկուպացված Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է: Արդեն 10 ամիս է, ինչ հաստատվել են Կարմիր Շուկայում:
<<Սկզբից շատ էի մտահոգվում: Հաճախ էի հիշում մեր գյուղը, մեր տունը: Նայում եմ պատուհանից դուրս, համեմատում Ազոխի հետ: Ազոխի մեր տնից երևում էր Տողի լեռը, Ցեց քարը: Նայում էի ու լիանում: Հիմա այդ հիշողություններն են ապրեցնում մեզ>>:
Կամիր Շուկայում շինարարական եռուզեռը չի դադարում: 130 բնակարանով բնակելի շենք է կառուցվում: Քիչ հեռու հավաքովի տներ են կառուցվում: Սարդարյանների ընտանիքն արդեն սեփական փայտե տունն ունի գյուղում: Զրուցակցիս խոսքով, մի քանի մանր գործ է մնացել, շուտով կտեղափոխվեն այնտեղ:
<<Ամեն հարմարություն էլ կա: 3 սենյակ է, լոգարան, զուգարան: Հյուրասենյակն ու խոհանոցն էլ միացված է>>:
Զրույցի կեսից ամուսինը՝ Վալերի Սարդարյանն է մեզ միանում: Այստեղ բոլոր զրույցները հայրենի Ազոխի մասին են ստացվում։ լիարժեք էինք ապրում՝ ասում է: Չնայած այստեղ նույնպես գյուղական միջավայր է, բայց այլևս առաջվա պես չէ՝ ոչ իրենք, ոչ էլ շուրջբոլորը:
<<Ազոխի հետ ինչպե՞ս համեմատեմ այս գյուղը: Հիշում եմ՝ Ազոխում տարին քանի տարեդարձ էինք նշում, բարեկամներով, հարազատներով: Բոլորս իրար կողք էինք հավաքվում, իսկ հիմա արդեն նույնը չէ: Ընդամենը մեկ կամ երկու բարեկամ ունենք այստեղ>>:
Հազարավոր արցախցիների նման ամեն օր փորձում է պատասխաններ գտնել օդում կախված շատ հարցերի, վերլուծում է կատարվածն ու ներկայում կատարվող իրադարձությունները: Ինչուները շատ են, պատասխանները՝ քիչ: Հաճախ դիմում է անցյալի փորձառությանը՝ արցախյան առաջին պատերազմի հիշողություններն է հանում դարանից:
<<Այն ժամանակ փայտով ու սրով էինք կռվում: Ով հրացան է ունեցել, նա էր առաջ գնում, որ հետևից եկողներն էլ կարողանան առաջ շարժվել: Իսկ հիմա օդում է ամեն բան կատարվում >>։
Կարմիր շուկայում գազի, ջրի ու լույսի խնդիր չունեն: Նույնիսկ մասնավոր խանութներն են պատերազմից հետո շատացել գյուղում: Չնայած, որ պատերազմից հետո 67 հեկտար վարելահող չեզոք գոտու է վերածվել, այստեղ շարունակում է զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղն ունի 260 հեկտար վարելահող: Դրանից 175-ի վրա ցանքս են արել՝ ցորեն, գարի են ցանել: Ցուցանիշները նվազել են նաև ծնունդների մասով: 2021-ին գյուղում ընդամենը 13 երեխա է ծնվել: Բայց սա միայն թիվ չէ։ Այս 13-ից յուրաքանչյուրը Կարմիր շուկայի հարատևության խորհրդանիշն է։ Հաստատումը, որ չնայած բոլոր դժվարություններին, Կարմիր Շուկան կանգուն է: