Նոյեմբերի 21, 2024

Ինչո՞վ կհիշվի 2021-ը

By Անահիտ Ստեփանյան Դեկտեմբերի 31, 2021
Թշնամիներով շրջապատված Արցախում մենք անվտանգության ու ապահովության հաստատուն զգացողություն ունեինք։ Պատերազմից հետո այստեղ շատ բան է փոխվել։ Անվտանգության նախկին զգացողությունն այլևս չկա։ Նոր իրականության մեջ անվտանգային սահմանագիծն սկսվում է մեր բակից, աշխատավայրից, տնից։ Ինչո՞ւ, որովհետև այլևս առաջնագիծ է մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ Արցախի ամբողջ տարածքում շրջում են ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողները։ Իսկ ահա սահմանին՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվել է ամբողջ տարվա ընթացքում։ Տարվա անվտանգային միջավայրի լավագույն նկարագիրն ադրբեջանական սադրանքների արդյունքում արձանագրված միջադեպերի քրոնիկոնն է։ 2021 թվականին թշնամական ուժերի թիրախում նաև խաղաղ բնակչներն էին։ Սահմանամերձ դարձած Մխիթարաշենը, Շոշը, Կարմիր Շուկան, Թաղավարդը, Սարուշենը և այլ բնակավայրեր ապրում էին ամենօրյա կրակոցների ձայների տակ։ Ցավով են փաստում, բայց այսօր արդեն սովորական են դարձել այդ ձայները, ասում է Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առուստամյանը․ 
 
«Կրակոցները հնչում են ամեն ժամի, թե գիշերը, թե ցերեկը։ Ամեն օր տեղյակ ենք պահում խաղաղապահներին, որ կրակել են»։ 
 
Կրակոցներ հաճախ նաև Ստեփանակերտում ենք լսել։ Հաճախ էինք լսում, որ կրակոցները թիրախային չեն, ադրբեջանական կողմը օդ է կրակում։ Սակայն այս պարզաբանումները հօդս ցնդեցին, երբ ապրիլի 20-ին՝ հրադարարից հետո առաջին անգամ, ադրբեջանական թիրախի տակ հայտնվեց Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան փողոցի բնակելի շենքը։ Վնասվել էր շենքի տանիքն ու Խաչատուր Մունչյանի բնակարանը․ 
 
«Տանը երեխաների հետ էի, մեկը՝ լոգարանում, մյուսի հետ հեռուստացույց էինք նայում, դրսում էլ ուժեղ քամի էր։ Երբ հարվածի ձայնը լսեցի, մտածեցի ինչ-որ բան է ընկել, հետո տեսա, որ ծակվել է առաստաղը, իսկ գնդակը գետնին ընկած էր՝ մեզանից մոտավորապես մեկ մետր հեռավորության վրա»։ 
 
Տարվա ամենաողբերգական միջադեպը տեղի ունեցավ Շուշիի հարակից տարածքում նոյեմբերի 8 -ին։ Ջրմուղկոյուղու բրիգադն աշխատում էր ջրատարի վերականգնման վրա, երբ նրանց վրա կրակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահներից մեկը։ Շուշիի մոտակա խաչմերուկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձավ Ստեփանակերտի բնակիչ 22-ամյա Մարտիկ Երեմյանը։ Թշնամական կողմը պնդում էր, թե խողովակաշարը հայկական հսկողությունից դուրս գտնվող տարածքում է գտնվել։ Պնդմանը հակադարձում է «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը․ 
 
«Մեր տարածքում է գտնվում։ Ստեփանակերտ-Երևան ճանապարհի Շուշիի տակով անցնող ասֆալտի հատվածն է։ Այդ խաչմերուկից մոտավորապես 600 -700 մետր է հեռու։ Այնտեղ մենք ամիսներով աշխատել ենք, ոչ մի անգամ խաղապահ մեզ հետ չի եղել, որովհետև դա այն ճանապարհն է, որտեղով ամեն օր հարյուրավոր մեքենաներ են գնում-գալիս։ Մերոնք աշխատում էին, իսկ ադրբեջանցին մոտեցել ու հարցրել է, թե ի՞նչ են անում։ Մեր տղերքը պատասխանել են, որ վթարավերացման աշխատանքներ են կատարում։ Հետո ադրբեջանցին սկսել է կրակել»։
 
Ընդամենը մի քանի օր անց Շուշիի մոտակայքում հերթական միջադեպը գրանցվեց։ Այս անգամ նռանկի պայթյուն էր, որն իրականացրեց Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը։ Մի քանի ժամ փակվեց Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը։ ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը դեպքի առթիվ մանրամասնել էր․ 
 
«Դեպքը տեղի է ունեցել, առավոտյան` ժամը 7։10-ին, երբ ԱՀ քաղաքացին Շուշիի մուտքի մոտ կանգնեցրել է իր ավտոմեքենան, դուրս եկել և նռնակը նետել դեպի այն կողմը, որտեղ կանգնած էր ադրբեջանական զորքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն իրենք ունեցել են մի քանի վիրավոր։ ԱՀ քաղաքացուն ռուս խաղաղապահները տեղափոխել են իրենց կենտրոնակայան, իսկ ընդհանուր առմամբ, այդ գործը գտնվում է հանրապետության Քննչական կոմիտեի տիրույթում»։
 
 Հակառակորդի սադրանքների պատճառով այսօր էլ շարունակում են տուժել հատկապես այն բնակիչները, ովքեր գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում սահմանամերձ գոտիներում։ Այստեղ հաճախակի է զգացվում խաղաղապահների ներկայության կարիքը։ Եթե Մաճկալաշենից գերեվարված հովիվը խաղաղապահների միջոցով վերադարձվել էր հայկական կողմին, ապա Ճարտարից գերեվարված բնակչին՝ Սեյրան Սմբատի Սարգսյանին, ադրբեջանցիները սպանել են։ Նա զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցն էլ սպանվել էր ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից՝ իր սեփական տրակտորով սեփական արտում աշխատելիս։ Անասնապահությամբ զբաղվող բերդաշենցի Նարեկ Մարգարյանն իր ունեցած խնդիրների մասին է բարձրաձայնում և նշում, որ արցախա-ադրբեջանական շփման գծում հստակ սահմանագծման կարիք կա․ 
 
«Առաջին հերթին պիտի մեր սահմանները գծեին, որ անասունները չանցնեն իրենց կողմը։ Այն ժամանակ ավելի հեշտ էր։ Շատ էին ազատ արոտավայրերը։ Մեր անասունները` թվով 18 գլուխ, թուրքերը քշել տարել են»։ 
 
Տարին աչքի է ընկել նաև անվտանգային մեկ այլ խնդրով․ Արցախում են հայտնվել անկոչ հյուրեր։ Ապրիլի 6 -ին ադրբեջանցի մի քանի զինվորականների հաջողվել է հասնել Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ և նրա ցուցանակի վրա գրություններ թողնել։ Դեպքից ավելի քան երեք ամիս անց ադրբեջանցի մեկ այլ զինվորական հայտնվել է Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում։ 14-ամյա զույգ եղբայրները պատմում են, թե ինչպես են կարողացել փախչել ու հայտնել ոստիկանությանը՝ իրենց տանը հայտնված զինված ադրբեջանցու մասին։ Հրաշքով փրկված տղաների պատմությունը ցնցել էր բոլորին։ 
 
«Շորեր էր ուզել, որ գնար, բայց չէր գնացել։ Դրա համար էլ որոշել ենք փախչել։ Հետո նա մեզ ծխախոտի ուղարկեց։ Մենք էլ փախել ենք, գնացել դպրոցի մոտ՝ զանգել մեր քեռուն ու հետո ոստիկանության հետ միասին գնացել ենք բռնել նրան»։
 
 Արցախցի երեխաների հաջորդ հանդիպումը ադրբեջանցիների հետ Գորիս-Կապան ճանապարհին էր։ Թշնամուն վրդովեցրել է արցախցի մարզիկներին տեղափոխող ավտբուսին պատկերված Արցախի խորհրդանիշները։ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի մարզիչ Սարգիս Աղաջանյանը պատմում է, թե ինչպես արցախցի պատանիներն արժանապատվորեն դիմակայեցին այդ փորձությանը։ 
 
«Մենք երկու մարզիչով իջանք, երեխաները ավտոբուսի մեջ են մնացել։ Հարց ու փորձ արեցին։ Ասեցինք Ղարաբաղի դրոշն է։ Հարցրին՝ Ղարաբաղն ո՞ւմն է։ Մենք ենք այնտեղ ապրում, ուրեմն մերն է՝ ասացինք։ Մաքրեք խորհրդանիշները՝ հետևեց պատասխանը։ Մենք հրաժարվեցինք անել դա, իրենք մաքրեցին»։ 
 
Տարվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ ամեն կերպ փորձելով խեղաթյուրել իրականությունը, ճշմարտությունը թաքցնելով միջազգային հանրությունից։ Ահա ցայտուն օրինակներից մեկը․ մինչ ադրբեջանական կողմը հերքում էր, թե հոկտեմբերի 14-ին կրակ չի բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, Արցախի ՊՆ-ը հայտարարել է նույն դիրքում կրակոցների արդյունքում վիրավորված 6 զինծառայողի մասին։ Այս և այլ միջադեպեր հետաքննելու, անվտանգային լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու նպատակով Արցախում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք նշել են, որ այս միջադեպերն ադրբեջանական հայատյաց քաղաքականության մի մասն են։ Նման վարքագիծը հոգեբանական ճնշումներ են տեղացիների նկատմամբ, որոնք նպատակ են հետապնդում վախի մթնոլորտ ստեղծելու ԱՀ-ում։ Նամակում ադրբեջանական սադրանքների փաստագրված տեղեկություններ են, ասում է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը և ընդգծում, որ Արցախում այսօր գոյաբանական կյանքի խնդիր կա։ Բայց մարդու ապրելու իրավունքը կախված չէ իր երկրի ճանաչված կամ չճանաչված լինելուց։ 
 
«Նշել ենք, թե մեկ տարվա ընթացքում ինչպիսի խախատման դեպքեր են եղել։ Նշել ենք սպանության դեպքերը և խնդրել, որպեսզի ձևավորվեն լրացուցիչ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխարգելել նման գործողությունները, իսկ լինելու դեպքում՝ կիրառվեն որոշակի պատժամիջոցներ։ Նամակում նշել ենք, որ նման գործողություններով Ադրբեջանը երկու հիմնական նպատակ է հետապնդում․ վախի մեջ պահել Արցախում ապրողներին և վարկաբեկել խաղաղապահ առաելության գործունեությունը»։
 
 Անկախ այն հանգամանքից, թե առաջիկայում կլուծվի՞ Արցախի կարգավիճակի հարցը, թե՞ ոչ, արցախցիները շարունակում են ապրել ու հայկական պահել հայրենիքի այս սրբացած անկյունը։ Երկար բանակցություններից հետո վերջապես Հանրապետությունում մասամբ լուծվել է կապի խնդիրը, քանի որ թշնամական կողմը հաճախ էր խլացնում հաճախականությունները։ Պատերազմից հետո լուրջ խնդիր էր ջրային անվտնագության հարցը։ Իսկ ամռան երաշտը ավելի սրացրեց այն։ Հարցին լուծումը Պատարայի ջրամբարի կառուցումն է։ Ջրային կոմիտեի նախագահ Գերորգի Հայրիյանի խոսքով՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն գալիք տարվա ամռանը․ 
 
«Եթե նախկինում առկա նախագծով նախատեսված էր ջրամբարի տարողությունը 4 մլն խորոնարդ մետր, ապա ներկայումս նախատեսվում է ջրի 6 մլն․ խորանարդ մետր ծավալ։ Այս ավելացմամբ կարող ենք ապահովել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ ջրագծին մոտակա՝ Պատարայից մինչև Ստեփանակերտ ընկած բոլոր բնակավայրերի խմելու ջուրը»։ 
 
Տարին ավարտում ենք ՄԱԿ-ում շրջանառվող ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի պատրաստած նոր զեկույցով, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ուղղված կեղծ մեղադրանքներին ու դատավարություններին։ Այս մարտահրավերների հաղթահարումը բոլորիս ուժերի համախմբումն է պահանջում՝ ի պատասխան բոլոր այս միջադեպերի հիշեցրել են երկրի իշխանությունները։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն, հայտարարել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 31 Դեկտեմբերի 2021 20:46
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ