Կալիֆոռնիայում ծնված ու այնտեղ ապրած Շանթ Չարշաֆճեանը հերթական անգամ Հայաստան եկավ 2020-ի սեպտեմբերին: Չէր էլ պատկերացնում, որ հերթական ուղևորությունը գլխիվայր կփոխի իր կյանքը: Ամերիկահայ 35-ամյա երիտասարդը պատերազմի լուրը ստանալուն պես միացավ ՀՅԴ կամավորական ջոկատին: Թիկունքային աշխատանքներով զբաղվելու հանձնարարություն ստացավ: Հաջորդ օրն ուղևորվեց Արցախ։
«Այդ օրերին Ստեփանակերտ գնացի, այնուհետև Մարտակերտ: Ինձ ասացին, որ կարիք կա մնալ Բերձորում: Աշխատանքներն այդտեղ շատ էին»:
Շանթը ձեռքերը ծալած չնստեց: Անհրաժեշտ էր տեղահանվածներին ու զինվորներին հացով ապահովել: Այդ օրերին դրա պակասը շատ էր զգացվում՝ ասում է: Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ընկերների հետ կարճ ժամանակահատվածում լավաշի արտադրություն հիմնեց, բայց դրանով չսահմանափակվեց: Պատերազմի ընթացքում սփյուռքահայ կամավորը Հայաստանից ապրանք էր փոխադրում Արցախ: Արցախցու պայքարող տեսակի մասին շատ էր լսել ԱՄՆ-ում, իսկ այդ օրերին՝ ականատեսը եղավ ու համոզվեց: Տեսնելով տեղահանվածներին, լսելով զոհերի մասին՝ վերհիշեց գաղթական իր գերդաստանի պատմությունը. հիշեց մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտից անապատ քշված իր նախնիներին, որոնք հանգրվանել էին Սիրիայի որբանոցներում և երեք սերունդ ապրել օտար ափերում։
«Մեր ազգային գաղափարներն ինձ համար սկզբունքներ են: Փոքր տարիքից ՀՕՄ-ին, ՀՅԴ-ին եմ անդամակցել: Դա է նաև, որ օտար ափերում մեզ ստիպեց հայկականությունը պահել ու պահպանել: Հայրենասիրությունն իմ մեջ է»:
Պատերազմից հետո երկմտելու պատճառներ շատ կային,-ասում է Շանթը: Բայց մի բանում համոզված էր. պետք է մշտապես ապրել Արցախում: Իսկ այդ հարցում նա արդեն համախոհ ուներ. Մարինեն է՝ իր սիրելին: Ծանոթացել են 2020թ.-ի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ՝ Գութան ազգային երգի-պարի փառատոնի ժամանակ: Մարինե Չարշաֆճեանը լավ է հիշում այդ օրը:
«Այնպես ստացվեց, որ ես և Շանթը հանդիպեցինք Երևանում ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, և պետք է հասնեինք փառատոնին նույն մեքենայով: Հետաքրքիր ժամանաց էր: Շանթի խոսքով՝ նրա սիրտը գողացա այն ժամանակ, երբ խրիմյան հայրիկի խոսքը մեջբերեցի»:
«Իմ Հայրենիքի փուշը, չեմ փոխի ուրիշ վարդերի հետ». այս խոսքը Շանթին ստիպեց դիմել համարձակ քայլերի, բայց արդեն որոշ ժամանակ հետո: Երբ պատերազմն ավարտվեց, դեկտեմբերին զույգն ամուսնացավ և տեղափոխվեց Արցախի Մարտունու շրջան: Անվտանգության մասին մտքերով չեն ծանրաբեռնել իրենց: Զրուցակցիս խոսքով՝ ամենաանվտանգը հենց Մարտունին է: Մեկ օրինակով է ապացուցում ասածը. թե՛ առաջին, և թե՛ այս պատերազմի ժամանակ մարտունեցիներից շատերը չեն հեռացել հարազատ ծննդավայրից։
«Միամտություն է կարծել, որ աշխարհի մնացած երկրներում վտանգ չկա: Ամեն տեղ էլ վտանգ կա: Եթե անվտանգության մասին մտածենք, ապա պետք է լուսնի վրա ապրենք: Պետք է պարզապես հարգենք, որ այսօր հայրենիք ունենք, այո, ոչ լիարժեք, բայց ունենք»:
Մարինեին համոզելու անհրաժեշտություն չկար,- ասում է զրուցակիցս: Մարտունի տեղափոխվելու Շանթի առաջարկին՝ տավուշցի Մարինեն դրական արձագանքեց:
«Արցախն ինձ համար սրբազան հայրենիք է: Մինչև պատերազմն էլ եկել, տեսել էի Արցախը:Շատ սիրեցի: Առաջին անգամ երբ այցելեցի հետպատերազմյան Մարտունի, ծանոթացա տեղի մարդկանց հետ, հասկացա, որ հայի լավագույն տեսակը հենց մարտունեցին է»:
Օտարության մեջ ապրելը հեշտ չէ՝ ասում է Շանթը: Արցախում նա իրեն լիարժեք հայ է զգում: Մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ում էր, չէր էլ պատկերացնում, որ իր առաջնեկը կծնվի հայրենիքում: Փոքրիկ Մարալն արդեն 3 ամսական է: Երիտասարդ զույգի այժմյան ջանքերն ուղղված են սեփական տուն ունենալուն:
«Գյուղը չենք ընտրել: Ամեն գյուղ, որը գնում ենք բոլորն էլ հավանում ենք: Ուզում ենք անտառապատ գյուղ լինի, բարձր տեղանքում ծվարած»:
Երիտասարդ զույգի առօրյան Մարտունիում հագեցած է: Մարինեն,փոքրիկ մարտունեցիներին և ոչ միայն, շուտով ազգային երգ ու պար կսովորեցնի: Իսկ առայժմ իր փոքրիկին է խնամում: Շանթն էլ բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ «Լորիկ» հիմնադրամի շրջանակում: