Նոյեմբերի 22, 2024

50 000-ական դրամ ֆինանսական աջակցությունը տրվում է փուլերով

By Անի Աբաղյան Հունվարի 26, 2022

50 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցության ծրագրի  մասին  Արցախի Հանրապետության կառավարությունը   հայտարարել էր դեռևս անցյալ տարի։ Այն տրամադրվելու էր  միայն  սոցիալական որոշ խմբերի՝ առանց   դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները: Չնայած կարգում հստակ նշված են այն խմբերը, որոնք այս ծրագրի շահառու են հանդիսանում, այնուամենայիվ, բնակչության մոտ հարցեր են առաջանում դրանց տրամադրման ժամկետների վերաբերյալ: Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի տեղկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանն է մանրամասնում: 

«Այդ խմբերն են՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները, նույն ամսվա դրությամբ կենսաթոշակառու հանդիսացող անձինք և պարգևավճար ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները»:

 Սոցիալական աջակցության վճարման գործընթացն արդեն սկսված է: Աջակցությունն առաջինը ստացել են կենսաթոշակառուները, այժմ այն բաժանվում է զինվորական թոշակառուներին: Վերջում ստանալու են երեխաները: Իսկ թե ինչպես է այն  տրամադրվելու, պարզաբանում է սոցապ նախարարության ներկայացուցիչը: 

«Աջակցության բոլոր շահառուները գումարը ստանալու են այնպես, ինչպես օրինակ թոշակը, կամ պարգևավճարը, իսկ երեխաների աջակցությունը տրվելու է անկանխիկ եղանակով»:

 Անի Թովմասյանի խոսքով անկանխիկ եղանակով աջակցությունն ավելի արագ է փոխանցվում, քան կանխիկ տարբերակովը: Այն շահառուները, որոնք  չեն կարող անկանխիկ եղանակով ստանալ գումարը կամ չունեն բանկային քարտ, պետք է անձնագրով կամ նախարարության կողմից տրված տեղեկանքով ներկայանան Արցախփոստի բաժանմունքներ: Նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև հունվար ամսվա վերջ բոլոր շահառուները կստանան իրենց աջակցությունը:  

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 27 Հունվարի 2022 05:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ