Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով: Այս մասին այսօր ամփոփիչ հաշվետվության ժամանակ ասաց գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանը, որը լսելու էին եկել նաև պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: 2021-ը գործադիր տնօրենը նախ թվերով է ներկայացնում: 2021թ. շտապ օգնություն է տրամադրվել 13 000 մարդու
«Կանչերի թիվը կազմել է 13 հազ. 565, սպասարկվել է 13 հազ. 710 անձ, որոնցից ՝ 18 տարեկաների թիվը կազմել է 690, գյուղական բնակավայրերից ստացվել է 358 կանչ, դժբախտ պատահարները՝ 121 , իսկ իքնադիմելիության թիվը 1502 է»:
2021-ին դժբախտ պատահարների՝ հետևանքով գրանցվել է 90 մահ, որից 2-ը՝ պատանի: Լիլիթ Նազարյանն ասում է, որ միայն շմոլ գազից գրանցվել է թունավորման 100 դեպք: Արտակ Բեգլարյանը համոզված է, որ պատկերը հնարավոր է փոխել՝ ճիշտ քաղաքականություն վարելով. պատասխանատու գերատեսչությունների սերտ համագործակցությունը կարող է բավականին օգտակար լինել:
«Համոզված եմ, որ շատ դեպքեր կան, որոնք մենք կարող ենք կանխարգելել: Կլինի դա շմոլ գազի, վթարների, թե մեկ ուրիշ դեպքի հետ կապված: Մենք պետք է հասկանանք՝ ինչ որոշումներ ենք կայացնում, ինչ շտկումներ ենք անում: Մի մասը առողջապահության ոլորտում, մի մասը այլ ոլորտներում, որպեսզի այդ դեպքերը կարողանանք գոնե մասնակիորեն կանխարգելել»:
Մասնագետների պակաս չունի շտապ բուժօգնության կայանը՝ Արտակ Բեգլարյանի հարցին ի պատասխան ասաց Լիլիթ Նազարյանը: Սպասարկումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Ասում է՝ օր չկա, որ կանչ չլինի: Հասցնում են:
«Ունենք 14 բժիշկ, 26 միջին բուժաանձնակազմ և 15 վարորդ; Նաև 2 մայրապետ»:
Մինչ 44-օրյա պատերազմը Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանը սպասարկում էր 19 համայնքի բնակինչների, այսօր այդ թիվը նվազել է մինչև 10: Մեքենաները բավարարում են լիարժեք սպասարկման համար՝ ասում է գործադիր տնօրենը:
«11-ը սարքին վիճակում են: 5 FORD ունենք, 2 UAZ, 1 TOYOTA մակնիշի մեքենա: Եվս 6 մեքենա անսարք է»:
Շտապ բուժօգնության կայանները պետք է համալրել, կարծում է Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Առաջիկայում նախատեսվում է շտապ բուժօգնության կայաններ ունենալ նաև շրջաններում: Մանրամասնում է:
«Բարեփոխումների կարիք ունի Շտապ բուժօգնության կայանը: Նախատեսում ենք Գետավանից սկսած մինչև Աղավնո կայաններ տեղադրել, քանի որ, երբ անհրաժեշտություն է լինում նման դեպքերում սպասարկում է Ստեփանակերտի կայանը, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է նաև անձնակազմի համար»:
Գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանի բարձրաձայնած հաջորդ խնդիրը շտապ բուժօգնության մեքենաների տեղաշարժման մասին էր:
«Ազդանշանները տեսնելով վարորդները չեն զիջում շտապ բուժօգնության մեքենաներին»:
Արտակ Բեգլարյանը հարցին՝ առաջարկով պատասխանեց:
«Վիդեոռեգիստրատոր տեղադրեք մեքենաներում: Բարդ չէ: Դրանից հետո լրատվամիջոցներով կհայատարարվի, որ հենց այդ պատճառով տուգանվել են մարդիկ: Դրանից հետո քիչ-քիչ մարդկանց մոտ կսկսի պատասխանտվության զգացումը բարձրանալ»:
Ահարոն Մելքումյանը սանիտար-վարորդ է: Երկար տարիների աշխատանքային փորձ ունենալով Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնության կայանում, մեկ խնդրի վրա է հրավիրել ներկաների ուշադրությունը, կապված թաղամասերում հասցեների փոփոխության հետ:
«Ծայրամասային թաղամասեր կան, որտեղ հասցեները ամիսը մեկ անգամ փոխվում են: Գիշերը, երբ կանչ ենք ունենում, հասնում ենք տեղ և չենք կարողանում կողմնորոշվել որ տունն է, որովհետև նախորդ անգամ եկել ենք ուրիշ թիվ էր գրված, հաջորդ անգամ գալիս ենք՝ թիվն արդեն փոխված է լինում: Քաղաքապետարանը գոնե մեզ տեղեկացնի, որ փոխել են հասցեն»
«Գրավոր առաջարկների մեջ Դուք պարոն Հայրիյանին կուղղեք այդ առաջարկը: Մենք գրավոր ընթացակարգով Ստեփանակերտի քաղաքապետարան կուղարկենք, որպեսզի իրենք հաշվի առնեն, եթե պետք լինի իրավական ակտ էլ կընդունենք»:
Նախորդ տարվա ընթացքում Շտապ բուժօգնության կայան կորոնավիրուսով վարակման 406 դեպքի մասին կանչ է ստացվել, բուժառուներից 174-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այս թեմայի շրջանակում Լիլիթ Նազարյանն իր դժգոհությունն է հայտնել ԱԻՊԾ-ը: Ասում է՝ լինում են դեպքեր, երբ բուժառուին տեղափոխելու հարց է առաջանում և բժշկական անձնակազմը ֆիզիկապես ի վիճակի չի լինում իրականցնել դա: Նման դեպքերում ԱԻՊԾ-ին դիմում: Ստանում են հետևալ պատասխանը.
«Եթե շտապ բուժօգնությունը կանչ է տալիս ԱԻՊԾ-ին, նրանց կարգավարը մեզ ասում է, որ եթե կորոնավիրուսային դեպք է, ապա մեր անձնակազմը չի կարող գալ և օգնել»:
Պետնախարարն ու առողջապահության նախարարը խոսատացան դիմել գերատեսչության ղեկավարին, խնդրին օպտիմալ լուծում գտնելու համար: 2022-ին բարեփոխումներ կլինեն շտապ բուժօգնության ոլորտում Հանրապետության բոլոր շրջաններում: Քննարկվել են նոր կայանների տեղադրման, կադրերի վերապատրաստման և տեխնիկական զարգացման հարցեր: Հնարավոր է՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանը ապագայում նաև նոր, հարմարավետ շենքային պայմաններ ունենա: