Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար։ Խաղալիքներ, խաղահրապարակ, գնդակներ, մարզասարքեր, և լավ տրամադրությունն ապահովված է։ Մարտունու Նոր թաղամասում տոնական տրամադրություն էր երեկ։ Այստեղ է այցելել ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Նրա և ընկերների համատեղ ջանքերով Մարտունու Նոր թաղամասում և Կարմիր շուկայում երեխաների համար ստեղծվել են մարզահրապարակներ, տեղադրվել մարզասարքեր։ Տիգրանը ընկերների հետ արդեն փորձարկել է բոլոր սարքերը։ Այսուհետ օրվա մեծ մասը հենց այս մարզհրապարակում կանցկացնեն։
«Շատ ուրախ եմ, որ մեր բակում այսպիսի սարքեր տեղադրեցին։ Ես ազատ ոճի ըմբշամարտով եմ զբաղվում, ամեն օր կգամ, այստեղ կպարապեմ։ Խոստանում եմ՝ մի օր մեր դրոշը բարձրացնել Եվրոպայում»։
Վերջերս նման մարզասարքեր տեղադրվել էին նաև մայրքաղաքում։ Արսեն Ջուլֆալկյանի խոսքով՝ ընկերներից ոչ բոլորը կարողացան ֆիզիկապես ներկա լինել միջոցառանը, բայց հոգով ու սրտով արցախցի փոքրիկների կողքին են։
«Շատ ուրախ եմ, որ այստեղ ենք և ներկայացրեցինք՝ ինչ ծրագրով ենք այստեղ։ Իրականում, երբ տեսա այս տարածքը, հասկացա որ կարող էինք ավելի շատ սարքեր տեղադրել։ Այս երեխաները, այս ժպիտները շատ լավ տրամադրություն փոխանցեցին մեզ»։
Արսեն Ջուլֆալակյանը խոստացավ, որ ծրագիրը շարունակական կլինի։ Իսկ երեխաները խոստացան զբաղվել սպորտով ու բարձր պահել մեր երկրի նշաձողը սպորտի աշխարհում։
«Զբաղվեք սորտով, առողջ ապրելակերպով ապրեք։ Դա անչափ կարևոր է։ Շատ լավ բան է սպորտով զբաղվելը՝ սիրողական, պրոֆեսիոնալ, ինպես որ ուզեք»։
Մարզահրապարակի բացումը Մարտունում իարադարձություն է, որին մասնակցելու էին եկել մեծերն ու փոքրերը: Այստեղ էր նաև շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։ Անվանի մարզիկի այցը շրջան շատ կարևոր ու պարտավորեցնող է՝ ասում է:
«Այցելության նպատակը ձեր աչքի առաջ է։ Բայց սա միակ նվերը չէ, այսպիսի նվեր ունենք նաև սահմանամերձ Կարմիր շուկայի համար։ Վստահ եմ, որ սա լավագույն նվերն է մեր երեխաներին»։
Օրվա ընթացքում Արսեն Ջուլֆալակյանն այցելել է Մարտունու մարզադաշտ, ուր անց էր կացվում դպրոցականների ֆուտբոլի առաջնություն, հետո՝ մարզադպրոց, ծանոթանալու պայմաններին և զրուցելու պատանի մարզիկների հետ։ Օրվա երկրորդ կեսին մարզիկն այցելեց Կարմիր շուկա։ Արցախի նկատմամբ ունեցած հատուկ ուշադրության և ցուցաբերած աջակցության համար Էդիկ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց մարզիկին՝ հանձնելով նվեր ու շնորհակալագիր։