Ստեփանակերտի «ՄԵնք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ չեմպիոններ դիմավորելն արդեն բարի ավանդույթ է դարձել: Այս անգամ՝ զուռնա-դհոլը ուժային եռամարտի սեղմում վարժության աշխարհի չեմպիոն Յուրի Կարոգլանյանի և մարզիչ Արկադյա Զաքարյանի պատվին էր: Նրանք Ղազախստանի Ալմաթի քաղաքից Ստեփանակերտ են բերել մեկ ոսկի և արծաթ։ Այս մեդալները կշարվեն նախորդների կողքին՝ ասում է Արցախի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արկադի Զաքարյանը։ 2009 թվականից գործող ֆեդերացիան մինչև այսօր չունի համապատասխան մարզադահլիճ և գույք։ Մարզիչը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում ֆեդերացիայի խնդիրների վրա։ Պարապունքները անցկացվում են ավտոտնակում: Բայց, ինչպես տեսնում եք, դա չի ազդում մարզիկների պատրաստվածության որակի վրա՝ ասում է Արկադի Զաքարյանը։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ֆեդերացիայի մարզիկները մասնակցում են 2012 թվականից։ Յուրի Կարոգլանյանը 8 տարի է, ինչ սպորտով է զբավում: Աշխատասիրության, մարզաձևի հանդեպ սիրո և պատասխանատվության շնորհիվ Յուրին այսօր աշխարհի չեմպիոն է։
«Անցյալ տարի նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել, մինչև 18 տարեկանը երեք անգամ աշխարհի մրցանակակիր էր, երկու անգամ Եվրոպայի մրցանակակիր, երկրորդ տեղ։ Երեք տարի Եվրոպայի երիտասարդների ռեկորդը պատկանում էր Յուրային»։
Հաղթանակը հեշտությամբ չի տրվել մարզիկին: Աշխարհի առաջնությանը մասնակցում էր 36 պետություն։ Հայասատանը ներկայացնող արցախցի մարզիկը 13 տարեկանից է մարզաշխարհում, Յուրին վստահ էր, որ մի օր Արցախ կբերի աշխարհի չեմպիոնական ոսկին։ Նպատակին հասել է, բայց և խոստանում է՝ ոսկիների շարքն անպայման շարունակվելու է։
«Շատ պարզ զգացողություններ ունեի, գիտեի, որ պետք է հաղթեմ: 8 տարի է մարզվում եմ այս հաղթանակի համար»։
Հաղթանակի ու հպարտության զգացողությունը նույնն էր բոլոր հավաքվածների մոտ։ Մրցումների արդյունքներն ամեն անգամ արդարցնում էին մարզիկի մոր անհանգստութույններն ու սպասելիքները ։ Չեմպիոնի մայրը վստահ է՝ Արցախը դեռ շատ անուններ է տալու աշխարհին․
«Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնց շնորհիվ այսօր իմ որդին այսպիսի հաջողության է հասել։ Ցանկանում եմ, որ այսպիսի զգացողություններ ունենա ցանկացած ծնող»։
Հանգստանալու ժամանակ մարզիկները չունեն: Առջևում Եվրոպայի առաջնությունն է՝ Բուդապեշտում: Մարզիչը համոզված է՝ կրկին մրցանակային տեղերով կվերադառնան Արցախ։