Արցախցի մարզիկին ու մարզչին Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում աղ ու հացով և դափնիներով են դիմավորել։ Սա պրոֆեսիոնալ ռինգում Թաթուլ Ավագյանի կրած 4-րդ հաղթանակն է։ Այն հեշտ չի տրվել։
«Մրցակիցս շատ լավ էր պատրաստված, առաջին ռաունդում եղան բացթողումներ։ Առաջին ռաունդում նա ուներ առավելություն, բայց մենք 2-րդ ռաունդում մարզչական կազմի հետ միասին կարողացանք գործել այլ մարտավարությամբ և հասնել ցանկալի արդյունքի»։
Առաջնությունը կազմակերված էր բարձր մակարդակով՝ ասում է մարզիչ Գարեգին Աղաբալյանը։ Մասնակցել են աշխարհի ութ պետության մարզիկներ: Թաթուլ Ավագյանի մրցակիցը վրացի էր։
«Այս առաջնությունը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը Կովկասում մեծ համբավ ունի։ Մեր մարզիկին, ով պրոֆեսիոնալ ռինգում 3 հաղթանակ ունի, հնարավորություն տվեցին և նա հաղթեց 4-րդ անգամ»։
GFC-16 միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը առաջիկայում ևս նախատեսում է կազմակերպել միջազգային մրցաշարեր, որին արդեն իսկ հրավիրվել է արցախցի մարզիկը։
«Երկու ամսից կկազմակերպի հերթական մենամարտը ճանաչված մարզիկի հետ։ Ունենք մենամարտերի առաջարկ ղազախական «Naiza» կազմակերպության կողմից»:
Մարզչի խոսքով՝ ևս երեք մենամարտից հետո Թաթուլ Ավագյանը հանդես կգա ավելի բարձր լիգաներում։