«Սպորտի ոլորտի խնդիրները բազմիցս քննարկվել են ինչպես նախարարի, այնպես էլ ոլորտի այլ պատասխանատուների հետ, -ասում է Արտակ Բեգլարյանը։ - Հանդիպման նպատակը նաև Ձեզնից անձամբ խնդիրների մասին տեղեկանալու, Ձեր՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով լուծումների մասին առաջարկները լսելու, քննարկելու նպատակ ունի»։ Չնայած արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված դժվարություններին, Արցախի մարզիկները հայկական ու միջազգային ասպարեզներում պարբերաբար հաջողություններ են գրանցում․ կառավարությունը, ինչպես նաև անձամբ երկրի ղեկավարը բարձր են գնահատում այդ հաղթանակները, խրախուսում և փորձում պայմաններ ստեղծել՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
«Շնորհավորում եմ այս տարվա բոլոր հաջողությունների համար։ Տեղյակ եք, տարեվերջին նախագահի մոտ ամփոփում ենք արդյունքերը։ Այսօր այլ տրամաբանությամբ ենք հանդիպել․ մեր պետական քաղաքականությունը սպորտի ոլորտում պիտի քննարկենք, հասկանանք, թե ինչ ունեք, ու բարելավենք»։
Արտակ Բեգլարյանը նշել է, որ պատրաստ են ավելի մեծ ռեսուրսներ ներգրավել սպորտի զարգացմանը և բարելավել համակարգի կառավարումը։ Իհարկե, դա չի նշանակում, որ միանգամից առաջիկա ամիսներին երևալու են արդյունքերը կամ միանգամից ավելանալու են ֆինանսական հոսքերը՝ պարզաբանել է պետնախարարը, սակայն ներկայացվող առաջարկները դրվելու են մշակվող քաղաքականության հիմքում և հաշվի են առնվելու գալիք տարվա բյուջեի կազմման ժամանակ։ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը կարևորել է սպորտի դերն ու նշանակությունը ինչպես անհատի, մարդու կրթադաստիարակչական գործընթացում, այնպես էլ պետության կայացման։
«Սպորտը բազմաբնույթ գործառույթներ ունի, դաստիարակում է դրական հատկանիշներ մարդու մեջ, երեխաների մեջ ձևավորում սեփական հաղթնակներն արժևորելու, պարտություններն ընդունելու կարողություն։ Կարևոր է վերհանել ոլորտի խնդիրները և փորձել լուծել»։
Անհատական մարզադահլիճների բացակայությունը կամ սղությունը ամենամեծ խնդիրն է․ մարզիկները ստիպված են լինում օգտագործել դպրոցական մարզադահլիճները, ինչը կրթական պրոցեսների հետ հաճախ անհամատեղելի է լինում։ Դրանից ելնելով կրճատվում են պարապմունքների ժամերը, հարմարվում դպրոցական գրաֆիկին։ Լինում են նաև կոնֆլիկտային իրավիճակներ դպրոցների ղեկավարության հետ։ Հաճախ նաև իրավական հիմքերի բացակայության պատճառով։
«Հավելեմ, որ մարզական պարապմունքներն են անցկացվում դպրոցներում։ Դա դպրոցի տարածքն է։ Չենք կարող տեղափոխել այլ տեղ միասնական, ավարտական և մյուս քննությունների անցկացումը։ Պետք է արմատական լուծում տալ մարզական պարապմունքերի ու միջոցառումների համար սեփական տարածքն ունենալու խնդրին։ Այդ հարցն այլևս օրախնդիր է»։
Մինչև խնդրի համակարգային լուծման մեխանիզմներ կիրառելը, կարճաժամկետ, ժամանակավոր լուծումների, կարիք կա։ Ռեսուրսները սուղ են․ չկան համապատասխան տարածքներ, շինություններ։ Հաջորդ հարցը կրթության ոլորտի աշխատակիցների, ուսուցիչների համեմատությամբ մարզիչների աշխատավարձերի ցածր գործակիցներն են։ Պազվել է՝ նաև մշակույթի գործիչների։
«Աշխատելով մարզադպրոցում, մարզիչները կես դրույք են ապահովում հիմնականում, դա իրենց ոչ հիմնական աշխատանքն է, ստացվում է։ Պատճառը մարզադպրոցներում աշխատողների ցածր աշխատավարձն է։ Բյուջեով հանարավո՞ր է վերանայել այն»։
Կեցության պայմանների բացակայության պատճառով նաև հրավիրված մասնագետների միջոցով սպորտի զարգացումը խթնելու հնարավորությունը չէ լիարժեք օգտագործվում։ Պետնախարարը խոստանում է զբաղվել խնդիներրով։ Դրանք ոլորտում քիչ չեն, հանդիպմանը ներկա ֆեդերացիաների ղեկավարները, մարզիկները հնարավորություն ունեցան անձամբ ներկայացնելու ինչպես իրենց հուզող խնդիրները, այնպես էլ առաջարկները։ ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Աշոտ Դանիելյանն ասում է․
«Այս հարցը երկար տարիներ հուզում է բոլորիս։ Այսքան տարի սպասել ենք, գուցե մի քանի տարի էլ սպասենք, բայց լուծումն արմատական լինի։ Սպորտը պետք է ունենա պատշաճ ենթակառուցվածքներ։ Այդ դեպքում մեկս մյուսին չենք խանգարի»։
Սպորտի համար նորմալ, հարմար ենթակառուցվածքներ ստեղծելու ժամանակն է, այս մտքին համաձայն է պետնախարարը։ Միայն նորմալ ենթակառուցվածքների ապահովման դեպքում կարելի կլինի գրանցել սպասվող արդյունքը ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտում։