Կարմիր Շուկայի դպրոցի բակում շուրջ մեկ տասնյակ տղաներ պատրաստվում են հերթական պարապմունքին։ Բակում մարզվելը պայմանավորված է ոչ թե տաք եղանակով, այլ որ դպրոցը չունի մարզադպրոց, բռցքամարտի խումբն էլ՝ մարզվելու վայր։ Կարմիր Շուկայում բռնցքամարտի խումբը բացվել է այս տարվա հունիսից։ Նախ 6-18 տարեկան շուրջ 50 սաներով։ Հետագայում, պայմանների բացակայության պատճառով, նրանց մի մասը դադարել են հաճախել մարզումներին։ Մարզիչ Մհեր Աթայանի խոսքով՝ տղաները շարունակում են պարապմունքները այն հույսով, որ մի օր կունենան համապատասխան պայմաններ ու դահլիճ։ Բայց առայսօր նրանց հույսերը չեն արդարացվում։ Դպրոցի մարզադահլիճը արդեն մի քանի տարի է կիսակառույց վիճակում է։
«50 հոգուց 20-ն են մնացել։ Պատճառը դահլիճի բացակայությունն է։ Մարզիկները հիմա ձգտում են, որ մինչև պատերազմը աշխատածից հետ չմնան։ Բայց անհնար է, որ այս պայմաններում նրանք առաջ գնան։ Մանավանդ, որ ձմեռն է մոտենում, հնարավոր չէ դրսում պարապվել»։
Չնայած այս ամենին, մարզիկները գրանցում են նշանակալի արդյունքներ։ Վերջերս կայացած միջազգային կարգի առաջնությունում Հայկ Աղալումյանը վերադաձել է ոսկե մեդալով, իսկ Ալեքս Ղահրամանյանը՝ արծաթե։ 16-ամյա Հայկը մի շարք մրցաշարերի է մասնակցել, բայց ոսկե մեդալ առաջին անգամ է նվաճել։
«Մասնակցել եմ 60 կգ քաշային կարգում։ Պետք երկու մենամարտ ունենայի, բայց մրցակիցներիցս մեկը 3 կգ ծանր է եկել։ Մենամարտել եմ Էջմիածնի ներկայացուցչի հետ և լավ արդյունք գրանցել»։
Խմբի մարզիկները ժամանակ առ ժամանակ պարապմունքների են հաճախում մայրաքաղաքում։ Սա միակ տարբերակն է սովորածից հետ չմնալու և մրցումներին համապատասխան ձևով պատրաստվելու համար։ Խումբը որոշակի մարզագույք ունի, բայց այն չեն կարող օգտագործել՝ մարզադահլիճ չունենալու պատճառով:
«Կան շատ առաջնություններ՝ միջազգային, պետական և այլն։ Սպասում ենք այն հույսով, որ դահլիճը շուտով պատրաստ կլինի։ Բայց պարապվում ենք նաև Ստեփանակերտում և հիմնականում այստեղից ենք տանում մրցումների։ Կարմիր Շուկայում պարապվող երեխաներին հնարավոր չէ տանել մրցումների, քանի որ անգամ ձեռնոցներ չեն հագնում»։
Նոյեմբերի 5-7 արցախցի 5 մարզիկ կմասնակցի ևս մեկ միջազգային կարգի մրցաշարի։ Այս անգամ առաջնությանը կմասնակցեն տարբեր եկրներից շուրջ 250 բռնցքամարտիկ։