Նոյեմբերի 24, 2024

Արցախի Կիոկուշին կարատեի թիմը վերադարձել է հաղթանակով

By Անի Աբաղյան Նոյեմբերի 10, 2022
Ստեփանակերտում այսօր դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ գրաված Արցախի Կիոկուշին կարատեի թիմին: Հայաստանի հավաքականի 19 մարզիկից 13-ն Արցախից են: Մանրամասներ է ներկայացնում Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Արմեն Պետրոսյանը: 
 
«Մեր մարզիկները գրանցել են փայլուն արդյունքներ: Ունենք 5 առաջին տեղ, 5-ը՝ երկրորդ և 2-ը՝ երրորդ տեղ: Նշեմ նաև, որ Հայաստանի հավաքականը թիմային կազմով գրավել է երրորդ տեղը, ինչն աննախադեպ է: Մենք հիմա պատրաստվում ենք մեր մասնակիցներին պատվով դիմավորելուն ու պարգևատրելուն, պարգևատրվելու է նաև այն աղջիկը, որը տեղ չի գրավել»:
 
 Եվրոպայի 35-րդ առաջնությունը տեղի է ունեցել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, որին մասնակցել են 19 երկրից 240 մարզիկ: Առաջնությունում առաջին տեղ գրաված Եվրոպայի արդեն վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը մրցել է իսպանացի, լեհ և վերջում հայ մարզիկների հետ: Նրա քաշային կարգում 5 պետությունից 8 մասնակից  կար: Հարցին՝  գո՞հ է մարզիկների գրանցած  արդյունքներից, թե՝ ոչ, Արթուր Առուշանյանը պատասխանեց. 
 
«Ճիշտն ասած, որպես մարզիչ, ինչպես մեր աշակերտները գիտեն, ես ոչ մի ժամանակ գոհ չեմ լինում, բայց այս անգամ գնահատականը տալիս եմ լավ, ոչ թե՝ գերազանց: Սա մարզիկների համար թող նշաձող լինի, որ նրանք միշտ ձգտեն ավելիին»: 
 
Արցախի և Հայաստանի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած Մարինա  Ներսիսյանը Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն է գրավել: Աշխարհի առաջնության  առաջին հորիզոնականը ինձ է սպասում՝ասում է. 
 
«Մրցակիցս ավելի ուժեղ էր ու ավելի երկար էր պարապել. ես մեկուկես տարի եմ պարապել, մրցակիցս ութ: Շարունակելու եմ և դեռ պետք է աշխարհի առաջնությունում առաջին հորիզոնական զբաղեցնեմ»: 
 
Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս խաղով եզրափակվում է Կիոկուշին կարատեի մարզական տարին: Լիսաբոն, մարզիկներից բացի, առաջնություն էր գնացել նաև 2009 թվականից մրցույթներին մասնակից դարձած Արցախի դրոշը՝ հաղթանակ գրանցած մարզիկների ստորագրություններով: Բացակայում էր միայն երկու մարզիկի ստորագրություն. նրանց փոխարեն ծնողներինն էր: Տղաները զոհվել են 44-օրյա պատերազմում:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ