Ավանդույթի համաձայն՝ առաջնությունը մեկնարկեց օրհներգով: Մարզիկներին ողջունեց ֆեդերացիայի նախագահ Իվան Ազիզբեկյանն ու հաջողություն մաղթեց նրանց: Ձյուդոյի բաց առաջնությունն անց է կացվել 10 քաշային կարգում՝ ասում է Իվան Ազիզբեկյանն ու նշում՝ մարզիկները ներկայացան շատ գրագետ ու բավականին լավ արդյունքներ ցուցաբերեցին:
«Հաղթողները կպագևատրվեն մեդալներով, պատվոգրերով և գավաթներով: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված մարզիկները՝ մեդալներով և պատվոգրերով: Առաջնությունը կազմակերպվել է, որպեսզի երեխաները ավելի շատ մրցեն ու փորձ ձեռքբերեն: Մենք ձգտում ենք, որ երեխաները հասկանան, որ սպորտը կարևոր է: Ինձ ուրախացնում է տեխնիկական պատրաստվածությունը: Երեխաները անընդհատ ձգտում են առաջ գնալ»:
Մրցագորգին 66 կգ քաշային կարգի մազիկներն են: Ընդամենը 5 վայրկյանում, մաքուր գցում հնարքով հաղթում է Ալեքսեյ Ավանեսյանը:
«Մրցել եմ 66 կգ քաշային կարգում ու գրավել առաջին տեղը: Հաղթել եմ առաջին գցումով: Հաղթելու համար օգնել են այն վարժությունները, որոնք կատարում էի պարապմունքներին: Առաջին տեղի համար ստացել եմ գավաթ և մեդալ»:
Առաջիկայում Ալեքսեյ Ավանեսյանը կմասնակցի ՀՀ առաջնությանը: Այն տարվա ամենակարևոր առաջնությունն է, որին Ալեքսեյը շուրջ մեկ տարի է, պատրաստվում է: Ֆեդերացիայի նախագահը համոզված է, որ մարզիկը լավ արդյունքներով կվերադառնա:
«Նա կմասնակցի մեծահասակների հանրապետական մրցաշարին: Չնայած դեռ երիտասարդ է, բայց, քանի որ նախորդ տարի երրորդ տեղն է գրավել, նրան թույլատրել են մասնակցել առաջնությանը: Այժմ մենք նաև պատրաստվում ենք փոքրերի մրցաշարին: Նրանք նույնպես շատ գեղեցիկ ու հետաքրքիր պայքար են ցուցաբերում»:
Այսպիսով Ձյուդոյի ֆեդերացիան կեզրափակի տարին՝ ասում է Իվան Ազիզբեկյանը: 2022-ը ֆեդերացիայի համար հաջող տարի էր: Ունեցան Եվրոպայի 2 չեմպիոն և տասնյակ լավ մրցանակային տեղեր հայաստանյան առաջնություններում: