Քաթարի աշխարհի առաջնությունը նույնքան հետաքրքիր, հուզական ու տեսարժան էր, որքան սրանից առաջ տեղի ունեցած առաջնությունները: Մունդիալ 22-ի հերոսը, սակայն, մեկն էր՝ Լեոնել Մեսսին: Մեծ արգենտինացու անհավանական կարիերայի փազլն ամբողջական չէր լինի առանց հավաքականի հետ որևէ գավաթ նվաճելու՝ այսպիսին էր շատերի կարծիքը: Ճիշտ է՝ ԱԱ-ում Արգենտինայի հաղթանակը միայն Մեսսիի հաղթանակը չէ, բայց հավաքականի բոլոր խաղացողները պայքարում էին նվաճել գավաթը հենց Մեսիի համար: Նա յուրաքանչյուր խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր, 7-ից 6 հանդիպումներում՝ լավագույն խաղացող: Հայկ Ավանեսյանը փոքր տարիքից է հետաքրքրված ֆուտբոլով: Այս աշխարհի առաջնությունը, կարծես թե, վերջ դրեց Մեսսի-Ռոնալդո հավերժ թվացող դիմակայությանը՝ ասում է Հայկը:
«Այս առաջնությունում Մեսսին ինքն իրեն լավ դրսևորեց, թիմը կարծես նրա շուրջ էր հավաքված: Առաջնության լավագույն խաղացողն է Մեսսին և սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա լավագույնն է: Արգենտինան Մեսսիի շնորհիվ նաև հաղթեց, իհարկե, չեմ ուզում ընդհանուր հաղթանակը վերագրել Մեսսիին, որովհետև այնտեղ կար Էմիլիանո Մարտինես, Խուլյան Ալվարես, Դի Մարիան վերջին խաղում իրեն լավ դրսևորեց»:
Աշխարհի համար մեկ սպորտաձևն անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի՝ անկախ սեռից ու տարիքից, անկախ երկրի իրավիճակից: Երեկ երեկոյան Արցախում էլ ֆուտբոլային մթնոլորտ էր: Անգամ ֆուտբոլով չհետաքրքրվող մարդիկ էին ուշադիր հետևում Արգենտինա-Ֆրանսիա եզրափակչին, որն, ըստ շատերի, լավագույն եզրափակիչն էր՝ վերջին ամենաքիչը 50 տարվա մեջ: Հույզերի տեսանկյունից այս խաղում ֆուտբոլն ինքն իրեն գերազանցեց: Խաղի թելը չէր ուզում կորցնել թիմերից ոչ մեկը: Հայկ Ավանեսյանը հետևել է առաջնության բոլոր խաղերին: Հետաքրքրության տեսանկյունից առանձնացնում է հենց եզրափակիչը:
«Մինչև եզրափակիչ խաղի 80-րդ րոպեն դաշտում մեկ թիմ էր խաղում. Արգենտինան: Ֆրանսայի մոտ ոչ մի բան չեր ստացվում: Այս առումով Ֆրանսիան նման է Մադրիդի «Ռեալին» , խաղի ինչ-որ մի պահ կարողանում են հավաքվել և Մբբապեի նման խաղացողների շնորհիվ խաղի ելքը փոխել: Մինչև 80-րդ րոպեն խաղն այդքան էլ հետաքրքիր չէր: Բայց հետո արդեն խաղը շատ հետաքրքիր ստացվեց, երկու թիմերն էլ գրոհում էին: Թիմերը, կարելի է ասել, առանց դաշտի կենտրոնի էին խաղում»:
Առաջնության ընթացքում Արգենտինայի խաղն իսկապես էվոլյուցիա ապրեց: Մեկնարկային խաղում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո շատերը «կանխատեսեցին» Արգենտինայի մոտալուտ պարտությունը նաև ընդհանուր առաջնությունում: Բայց հենց այս անկանխատեսելությամբ է հետաքրքիր ֆուտբոլը: Արգենտինան ոչ միայն հաղթեց մյուս խաղերը, այլև դարձավ Աշխարհի չեմպիոն:
«Նախքան Աշխարհի առաջնությունն Արգենտինան վստահ էր խաղում թե՛ Ամերիկայի գավաթում, թե՛ ընկերական հանդիպումներում: Աշխարհի առաջնության խմբային փուլում նրանց խաղն անկում ապրեց: Խմբային փուլից հետո Արգենտինան գտնավ իր խաղը»:
Այլևս պատմություն է Քաթար-22-ը: Առաջնությունից պատմությունը հիշելու է սենսացիոն Մարոկկոյին, անհավանական Մբբապեին, բարձր կարգի շնորհիվ հաղթանակներ կորզած Խորվաթիային ու Ֆրանսային: Այս առաջնությունը ոմանց ֆուտբոլի պատմության գահին բարձրացրեց, կոտրեց շատերի սրտերը: Այսպիսին է ֆուտբոլը՝ անկանխատեսելի, անհավանական, զգացմունքային: Ֆուտբոլային հաջորդ տոնը լինելու է 2026 թ. ԱՄՆ-ում: